Home / Կրթություն / Շնորհանդես․ Վեպը գրվել է ՊԱԿ-ի ճամբարներում 16-ամյա ազատազրկումից հետո

Շնորհանդես․ Վեպը գրվել է ՊԱԿ-ի ճամբարներում 16-ամյա ազատազրկումից հետո

Հուլիսի 11-ին ժ. 18:00-20:00 Եղիշե Չարենցի տուն-թանգարանում տեղի կունենա Վաչե Սարգսյանի Ակեղդամա վեպի շնորհանդեսը։

Եռահատոր այս վեպի հրատարակությունը նախաձեռնվել է 2014 թվականին և մասն է կազմում Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտի և Սարգսյան ընտանիքի համատեղ ջանքերով սկսված ավելի մեծ մի նախագծի, որն իր մեջ ներառում է ինչպես հայ ընթերցողին գրեթե անհայտ այս վեպի հրատարակությունը, այնպես էլ հեղինակի գրական ժառանգության խնամքը:

Սարգսյանի Ակեղդամա վեպը սիբիրյան աքսորի խորհրդահայ գրականության անհայտ մնացած կոթողային նմուշ է: Հեղինակը վեպն սկսել է գրել 1960-ական թթ.` ՊԱԿի ու գուլագյան ճամբարներում 16-ամյա ազատազրկումից վերադառնալուց հետո: Գեղարվեստական ատաղձով այս վկայագրության մեջ հեղինակը վերակերտում է աքսորի իր ընկերների կերպաներն ու վերաներկայում աքսորական իր փորձառությունը: Սարգսյանը ձերբակալվել է 1941 թ, երբ տակավին պատանի սկսել էր դասավանդել Վերին Թալին գյուղի դպրոցում։ 1956 թ. խրուշչովյան քաղաքականության համատեքստում նա արդարացվում է և վերադառնալով աքսորից շարունակում հանրային ու գրական իր գործունեությունը` հարելով ժամանակի ազատական շարժումներին:

Խրախուսված ռուս մտավորական Վասիլի Գրոսմանի հետ հանդիպումից` նա վեպի առաջին տարբերակն ավարտում է 1965 թ. և հրատարակության հանձնում խրուշչովյան «ձնհալի» այս վերջին տարում: Խորհրդային տարիներին մի քանի անգամ փորձ է արվել հրատարակել վեպը: Չնայած խորհրդահայ գրականագետների դրական կարծիքներին` քաղաքական վայրիվերումների պատճառով գրքի հրատարակությունը շարունակաբար մերժվել է Խորհրդային Հայաստանում: Սակայն հեղինակը վեպի վրա շարունակել է աշխատել մինչև իր ինքնասպանությունը` 1987 թ.:

Վեպի առաջին` Անկրկնելի պատմություն հատորը հրատարակվում է առաջին անգամ։ Այն ներկայացնում է վայրիվերումներով լի պատանի աքսորյալի կյանքի առաջին տարիները, որոնք ընթերցողը վերապրում է աքսորական կյանքն առաջին դեմքով ապրողի փորձառության միջով: Հրատարակությունն ուղեկցվում է Վաչե Սարգսյանի կյանքի և գործունեության, ինչպես նաև աքսորական գրականության շուրջ Սիրանուշ Դվոյանի քննական հետազոտությամբ։ Քննական այս հրատարակությունն ընդգրկում է նաև վեպի հրատարակության շուրջ փաստաթղթեր:

Գիրքը լույս է ընծայվում Սարգսյանի ընտանիքի և Հովհաննիսյան ինստիտուտի համատեղ ջանքերով:

Նախագծի մասին հավելյալ տեղեկությունները տե՛ս
http://www.arteria.am/hy/1561541229
http://johannissyan.am/ակեղդամա/

Ֆեյսբուքյան միջոցառման հղումը` https://www.facebook.com/events/2373234189666718/

Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտը (Հովհաննիսյան ինստիտուտ) հիմնադրվել է 2014 թվականին Երևանում: Ինստիտուտի նպատակն է Հայաստանում խթանել հումանիտար գիտությունների զարգացումը ու քննական ներդրում ունենալ այդ ոլորտի ընթացիկ միջազգային քննարկումներում: Ինստիտուտը աշխատում է Հայաստանի և Սփյուռքի միջև գիտական կապերի զարգացման ուղղությամբ՝ հատկապես հրատարակչական, թարգմանչական ու հետազոտական համագործակցության շրջանակներում։ Ինստիտուտը՝ հրատարակությունների, թարգմանությունների, հանրային նախաձեռնությունների, գրադարանի և արխիվի միջոցով քաջալերում է պատմագիտակից և տեսաբանական հիմնավորվածություն ունեցող հետազոտություններ, որոնք կնպաստեն հումանիտար գիտություններում նոր մոտեցումների մշակմանը: Ինստիտուտը նպատակ ունի հայաստանյան հետազոտողներին տրամադրել գիտական ռեսուրսներ, ինչպես նաև սեփական հետազոտությունները՝ հրատարակություններով, գիտաժողովներում և այլ հանրային միջոցառումներում շրջանառելու հնարավորություններ:

Ինստիտուտի մասին մանրամասն տե՛ս
http://johannissyan.am
https://www.facebook.com/johannissyan.institute/