Սեպտեմբերի 13-ին ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանի բարեկամները նամակ են հանձնել ՀՀ կառավարությանը՝ արդարության պահանջով։
Չնայած Մանուկյանն արդեն 23 տարի է՝ բանտում է, սեպտեմբերի 4-ին նրան հերթական անգամ մերժել են վաղաժամկետ ազատել, Epress.am-ի հետ զրույցում ասաց դատապարտվածի մայրը՝ Սաթենիկ Մանուկյանը։
1996 թվականի փետրվարի 23-ին Մանուկյանն, ով բանակում էր ծառայում, երեք ժամկետային զինծառայողների է սպանել։ Ըստ զրուցակցի՝ սպանությունը կատարվել էր կենցաղային հարցի շուրջ առաջացած վիճաբանության հետևանքով։ Ավելի վաղ Աշոտ Մանուկյանը բացատրում էր, որ նման քայլի է դիմել երիտասարդ տարիքում բռնկվող լինելու, արարքները շատ ծանրութեթև չանելու պատճառով։
Նրան դատապարտել էին գնդակահարության՝ երեք զինվորների սպանության համար։ Ըստ քրեական գործի նյութերի՝ Տուֆաշեն գյուղի մոտ տեղակայված զորամասի «Պեմզաշեն» տեղամասի հենակետում հայտնաբերվել են շարքայիններ Վլադիկ Օսիպյանի, եղբայրներ Սամվել ու Սերգեյ Վարդանյանների դիակները:
Գնդակահարության դատավճիռն ի կատար չէր ածվել, և 2003 թվականին, ինչպես գնդակահարության դատապարտված այլ անձանց դեպքում, պատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ։