«Մենք պետք է արդարությո՞ւն ունենանք, թե՞ իրավական պետություն» հարցով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել Սերժ Սարգսյանին չձերբակալելու մասին հարցին։ Վանաձորի Տեխնոլոգիական կենտրոնում ընթացող մամուլի ասուլիսի ժամանակ կառավարության ղեկավարն անդրադարձել է Սարգսյանի փեսա՝ Միքայել Մինասյանի աներոջ սպասվող ձերբակալության մասին արված հայտարարությանը։ Ըստ Մինասյանի՝ դա պետք է արվեր հանրության ուշադրությունն իրական խնդիրներից շեղելու համար։
«Մենք պետք է արդարությո՞ւն ունենանք, թե՞ իրավական պետություն։ Իմ պատասխանն էն է, որ մենք պետք է ունենանք իրավական պետություն, որն, իմ կարծիքով, արդարության հասնելու ամենակարևոր գործիքն է։
Սերժ Սարգսյանի երկու եղբայրներն անցնում են քրեական գործով, եղբոր երկու որդիներն անցնում են քրեական գործով, մյուս եղբոր զավակներն անցնում են քրեական գործով, նրանց մի մասը հետախուզման մեջ է։ Սերժ Սարգսյանի, Միքայել Մինասյանի վերաբերյալ․․․ հայտարարություններ են եղել, և ես էդ հայտարարությունները կապում եմ նրա հետ, որ Միքայել Մինասյանը ստացել է ինֆորմացիա, որ որոշ քրեական գործերով քննությունն արդեն իրեն է հասել և շատ մեծ հավանականություն կա, որ ինքը որպես մեղադրյալ կանցնի, մասնավորապես, Հայաստանի ստրատեգիական օբյեկտներից մեկի սեփականաշնորհման գործում և, ենթադրում եմ, ինքը մտածել ա, որ ինքն էլ ցուցմունք կտա Սերժ Սարգսյանի դեմ, որի արդյունքում Սարգսյանը կձերբակալվի։ Եվ որոշել են նախապես հայտարարել, որ ինքը ու Սերժ Սարգսյանը քաղաքական հալածյալներ են։ Ես Միքայել Մինասյանին, որը երկար ժամանակ Հայաստանն արտերկրում ներկայացրել է որպես դեսպան, խորհուրդ եմ տալիս վերադառնալ Հայաստան և պատասխանել Հատուկ քննչական ծառայության հարցերին։
Ես ասել եմ, որ վենդետտաներ չեն լինելու, մենք գնալու ենք իրավական ընթացակարգերով։ Չկա Հայաստանում որևէ մարդ, որը իրավական ընթացակարգերով չի կարող ձերբակալվել, որովհետև Հայաստանի Հանրապետությունում բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ։
Մենք չենք ուզում մարդ ձերբակալել քաղաքական որոշումով։
Ես էս ընթացքում մի քանի անգամ իրավապահ համակարգի հետ ունեցել եմ բավականին կոշտ խոսակցություն՝ ո՛չ Սերժ Սարգսյանի մասին։ Ես ասել եմ, որ Հայաստանի բոլոր կոռուպցիոներները պետք է հայտնվեն բանտում։ Եվ ի՞նչ։ Բավարար չեն թվում կոռուպցիոն գործերի քննության ծավալները, տեմպերը և արդյունքները։ Քաղաքական էսպիսի արձանագրում, այո, եղել է, բայց դա չի եղել անձի, անձանց մասին։
Ես հիմա չեմ ուզում այնպիսի հայտարարություններ անել, որոնք նախաքննության առումով խնդիրներ կառաջացնեն, բայց Միքայել Մինասյանը Հայաստանի շա՛տ օբյեկտների սեփականատեր է եղել և մինչև օրս շարունակում է մնալ։ Ուրիշ բան, որ էդ սեփականությունը գրանցված է եղել մի կնոջ անունով, որը ոչ մեկիդ ոչ մի բան չի ասում։ Ինչի՞, ասենք, դուք չգիտե՞ք։ Բա էդ լրատվամիջոցներն ինչո՞վ ա ֆինանսավորել Միքայել Մինասյանը։ Բա երբ որ ասում ենք Սերժ Սարգսյանի կոռումպացված գործունեության մասին, նկատի ունենք, որ ինքը գնացել անձամբ ստեղ֊ընդեղ փա՞յ ա մտել։ Հանքարդյունաբերությունից, էներգետիկայից, լրատվական դաշտից, գովազդային դաշտից սկսած․․․ այո, որ էդ մարդիկ դեռ շարունակում են խոսել, ես հասկանում եմ, որ դա հակասում է արդարության տրամաբանությանը, բայց դա չի հակասում իրավական պետության տրամաբանությանը, որովհետև որևէ մեկի բերանը չենք պատրաստվում փակել։ Թող խոսեն։ Նաև արձանագրեն, որ էն, ինչ իրենք խոսում են, կարող է օգտագործվել իրենց դեմ՝ ինչպես ցանկացած իրավական երկրում։
Որևէ մեկդ կասկածո՞ւմ է, որ Միքայել Մինասյանը միլիոնատեր է այսօր, և միլիոնատեր է այդ թվում պետական լծակների կիրառմամբ և օգտագործմամբ։ Եվ մենք, համենայնդեպս, մինչև էսօր չենք ուցենել բավարար իրավական ընթացակարգեր այդ սեփականությունը հետ բերելու համար։
Ես մեկ֊մեկ մտածում եմ, որ մենք սխալ ենք արել, բայց հետո որ երկար մտածում եմ, հասկանում եմ՝ սխալ չենք արել, որովհետև սեփականության իրավունքն ընդհանրապես ժամանակակից աշխարհում շատ կարևոր բան է։ Օրինակ, կարող էինք գնալ և էդ կնոջը, որին, օրինակ, փախցրել են հիմա Հայաստանից, գնալ, բերել, ասել՝ հիմա գրեք, ստորագրեք, որ ձեր ամբողջ գույքը նվիրում եք պետությանը։ Բայց հետո մենք հասկանում էինք, որ ի վերջո էս պատմությունը բացվելու ա, չէ՞։ Հետո բոլորն, ով սեփականություն ունի, կասեն՝ հիմա, փաստորեն, կարան մեզ կանչեն մի օր, ասեն՝ սեփականությունիցդ հրաժարվի։
Ավանսով իրենցից քաղբանտարկյալ և քաղաքական հալածյալ ստեղծել չի լինի, չի ստացվի ուղղակի, որովհետև էդ մարդիկ՝ կոռումպացված համակարգի ներկայացուցիչները, Հայաստանի Հանրապետությունը թալանել են, դա շատ ապացուցելի փաստ է, իզուր են իրենք ձև անում, թե տեղյակ չեն՝ թե ինչի մասին է խոսքը», ֊ մասնավորապես, ասել է վարչապետը։