Եվ այսպես, հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանը կառավարությանն անհատույց նվիրաբերել է 18,5 միլիոն դոլար։ Այս փաստը միանշանակ չի ընկալվել հասարակության կողմից, որովհետև դրան զուգահեռ Սաշիկ Սարգսյանի փաստաբանները հայտարարել են, թե իրենց պաշտպանյալը չի ընդունում մեղադրանքները։ Ու բնականաբար հարց է ծագում՝ բա եթե մեղքը չի ընդունում ու շարունակում է պնդել, որ ազնիվ ճանապարհով է հարստացել, որպես ի՞նչ է 18,5 միլիոն դոլար «նվիրաբերում» պետությանը, որպես «չայեվո՞յ»։ Թե՞ հույս ունի, որ կարող է ամբողջը փրկել՝ «ինքնակամ» զոհաբերելով մի մասը։ Կամ գուցե բացառիկ հայրենասեր մարդ է և ուզում է այս դժվարին պահին օգնության ձե՞ռք մեկնել պետությանը։
Ռոբերտ Քոչարյանի որդին էլ իր հերթին է իր նկատմամբ առաջ քաշված մեղադրանքները համարում շինծու և անգամ մտադիր է դատի տալ ԱԱԾ-ին։ Կհաջողվի իրավապահներին դատարանում հիմնավորել այդ մեղադրանքները, թե ոչ՝ այլ հարց է, բայց փաստորեն քարոզչական մանիպուլյացիաների միջոցով փորձ է արվում հասարակությանը համոզել, թե գիտե՞ք ինչ, լրիվ նորմալ է, որ նախագահի որդին ազնիվ աշխատանքով միլիոնատեր է դարձել, մյուս նախագահի եղբայրներն ազնիվ աշխատանքով մուլտիմիլիոնատերեր են դարձել, ի՞նչ կա այստեղ կասկածելու։ Իրենք մեղավո՞ր են, որ բոլորն անխտիր տաղանդավոր գործարարներ են։ Կարևորը, որ «թղթերով ամեն ինչ կարգին է»։
Ռոբերտ Քոչարյանի մոտ էլ էր թղթերով ամեն ինչ կարգին։ 1998-ին մարդը նույնիսկ տեղեկանք էր ներկայացրել, որ վերջին տասը տարիներին մշտապես բնակվել է Հայաստանում։ Սերժ Սարգսյանի մոտ էլ էր թղթերով ամեն ինչ կարգին։ Ինքը ի՞նչ մեղավոր է, որ ինչքան ազգական ու մանկության ընկեր ուներ՝ բոլորը դարձան միլիոնատերեր, ինքը ի՞նչ մեղավոր է, որ ընտրությունների ժամանակ ինչ-որ մութ ուժեր իրեն արջի ծառայություն էին մատուցում, նախագահական երկրորդ ժամկետի ավարտից առաջ էլ իր կամքին հակառակ Սահմանադրությունը փոխեցին ու հետո իրեն վարչապետ ընտրեցին։ «Փաստաթղթերով» ինքն այդ ամենին դեմ էր։
Բայց վերադառնանք ապօրինի հարստացմանն ու հարուցված քրեական գործերին։ Հասարակական ընկալմամբ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ազգականների ֆանտաստիկ «բիզնես-հաջողությունները» պայմանավորված են բացառապես կոռուպցիոն համակարգով, բայց մյուս կողմից էլ՝ հասկանալի է, որ չի կարելի արդարադատություն իրականացնել հասարակական ընկալումների հիման վրա։ Դրա համար էլ, երբ լրատվամիջոցները «օդում կախված» տեղեկություններ են ներկայացնում, ասենք, Քոչարյանների ունեցվածքի մասին, սրանք աղմուկ են բարձրացնում, թե այդ ամենը հերյուրանք է /ու ներկայացնում են իրենց իրական ունեցվածքի՝ էլի բավականին պատկառելի ցանկը/։ Եվ պահանջում են փաստերով ապացուցել, որ այս-այս-այս հաստատությունները նույնպես իրենցն են։ Իսկ երբ իրավապահները կոնկրետ փաստերի հիման վրա քրեական գործեր են հարուցում, սրանք դա ներկայացնում են արդեն ոչ թե որպես հերյուրանք, այլ որպես քաղաքական հետապնդում։ Ու երևի անկեղծորեն հավատում են դրան /որովհետեւ իսկապես էլ՝ եթե երկրում քաղաքական փոփոխություններ չլինեին, այդ քրեական գործերը չէին հարուցվի, հետևաբար՝ պատճառներն ինչ-որ իմաստով քաղաքական են/։ Ու երևի հենց այս վիճակն է իշխանություններին ստիպում խոսել անցումային արդարադատության ու ապօրինի հարստացման հարցում «մեղավորության կանխավարկածով առաջնորդվելու» մասին։ Մոտեցումներ, որոնք նորմալ իրավիճակներում ոչ միայն անընդունելի են, այլև կարող են վտանգավոր հետևանքներ ունենալ ցանկացած երկրի համար։
Ի դեպ՝ շատ է խոսվում նաև «ընտրովի արդարադատության» մասին։ Իբր իրավապահները հատուկ սևեռվել են միայն նախկին բարձրաստիճան պաշտոնյաների վրա և ուրիշ բանով չեն զբաղվում։ Իրականում դա այնքան էլ այդպես չէ։ Պարզապես նախկին իշխանությունների հետ կապված գործերը հասարակական ավելի մեծ հնչեղություն ունեն, ու քանի որ նրանք էլ իրենց հերթին լրատվական-քարոզչական լուրջ ռեսուրսների են տիրապետում, հենց այդ գործերն են անընդհատ հայտնվում հասարակության ուշադրության կենտրոնում։ Ու սա, ի դեպ, իր բացասական կողմերն էլ ունի։ Որովհետև այնպես չէ, որ այսօրվա իշխանական համակարգում կոռուպցիոն դրսևորումներ ընդհանրապես չկան։ Պարզապես դրանք իրենց ծավալներով համադրելի չեն նախկինների արածների հետ։
Բայց «պրոֆիլակտիկ աշխատանքներ» հաստատ պետք են, ընդ որում՝ նույնքան հրապարակային։ Որպեսզի նախկինների «սխրանքները» կրկնելու գայթակղությանը տրվողներ չլինեն։
աղբյուրը՝ Armtimes.com