ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը չի բացառում, որ Ադրբեջանում կալանավորված գերիներին՝ Կարեն Ղազարյանին ու Արայիկ Ղազարյանին կարող են փոխանակել Ստեփանակերտում գտնվող Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հետ:
Ըստ նրա՝ հայկական կողմն սկզբունքորեն դեմ չէ ՀՀ քաղաքացիներին տուն վերադարձնելուն։ Նախարարը չբացառեց, որ հայաստանցիները կարող են փոխանակվել Ասկերովի և Գուլիևի հետ, սակայն նշեց, որ դա Լեռնային Ղարաբաղի որոշելիքն է։
Պաշտոնական Ստեփանակերտն անընդունելի է համարում Բաքվի այն հայտարարությունը, թե պատրաստ է փոխանակել Ադրբեջանում կալանավորված երկու հայ գերիներին՝ Կարեն Ղազարյանին ու Արայիկ Ղազարյանին, Ստեփանակերտում գտնվող Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հետ: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը ցինիզմ որակեց հայտարարությունը:
«Սա մարտահրավեր է ամբողջ աշխարհին, և չի բացառվում, որ պաշտոնական Բաքուն անցնի ավելի գարշելի և զզվելի քայլերի, օրինակ՝ պատանդներ վերցնի հայերին տարբեր երկրներում՝ լինի դա, ասենք, քաղաքական, հասարակական գործիչներ, դերասաններ, երգիչներ, և այլն, և այլն, այսինքն՝ որպեսզի այդ երկու ահաբեկչին փորձի փոխանակել։ Այս ամենը լուրջ, լուրջ հետևությունների կարիք է զգում, մենք պիտի պատրաստ լինենք ամեն ինչին։ Ադրբեջանը պարտավոր է բաց թողնել մեր հայ այդ պատանդներին, որովհետև նրանք ո՛չ հանցագործ են, ո՛չ ահաբեկիչ՝ ի տարբերություն այդ Ասկերովին ու Գուլիևին», – հայտարարեց Բաբայանը:
Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովը, ըստ «Ինտերֆաքս»-ի, սեպտեմբերի 11-ին գերիների փոխանակման մասին գրությունն ուղարկել է համապատասխան միջազգային կառույցներին:
Հայկական կողմն ավելի վաղ մի քանի անգամ մերժել էր Բաքվի՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակելու այդ առաջարկը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամիսներ առաջ պնդել էր՝ «փոխանակում չի կարող տեղի ունենալ, եթե ադրբեջանական կողմից ներխուժած անձինք սպանություններ են իրականացրել»:
Շահբազ Գուլիևը և Դիլհամ Ասկերովը ձերբակալվել են 2014 թվականին Ղարաբաղի տարածքում: Ղարաբաղի դատարանը Ասկերովին ցմահ ազատազրկման է դատապարտել, իսկ Գուլիևին՝ 22 տարվա ազատազրկման, մի շարք ծանր հանցանքների, այդ թվում՝ սպանության համար:
Հայկական կողմի գերիներից Կարեն Ղազարյանը Տավուշի Բերդավան գյուղից է, Ադրբեջանի տարածքում էր հայտնվել անցած տարվա ամռանը և ամիսներ անց դատապարտվել 20 տարվա ազատազրկման: Բաքուն պնդում է, թե նա դիվերսանտ է, հարազատների խոսքով, մինչդեռ, նա առողջական խնդիրներ ունի և դեռևս 2013 թվականից հաշվառված է համապատասխան բուժհաստատությունում։
19-ամյա զինծառայող Արայիկ Ղազարյանը Ադրբեջանի տարածքում էր հայտնվել անցած ամիս, տեղական լրատվամիջոցները պնդել էին, թե նա լքել է զորամասը՝ «անմարդկային վերաբերմունքի» պատճառով: Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, մինչդեռ, կարծիք էր հայտնել, թե նա մոլորվել է այդ տեղանքում: