Թուրքիայում բնակություն հաստատած հարյուրավոր սիրիացի փախստականների՝ սպառնալիքներով ու պարտադրաբար ստորագրված «կամավոր վերադարձի» մասին համաձայնագրերով, ստիպում են Սիրիա վերադառնալ։
Այս մասին գրված է Ամնեսթի ինթերնեյշընըլի այսօրվա «Ուղարկվել են պատերազմական գոտի. փախստականների ապօրինի վտարումը Թուրքիայից» վերնագրով զեկույցում, որին կցված են Թուրքիայի իշխանությունների կողմից ապօրինաբար վտարված 20 փախստականների գործեր։
Թուրքիայում բնակություն են հաստատել շուրջ 3,6 մլն սիրիացիներ, ովքեր պատերազմական իրավիճակի պատճառով փախել են հարևան պետություն։ Այս իրավիճակը քաղաքական գլխացավ էր դարձել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար։ Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություններ սկսելուց առաջ Էրդողանն արդեն հայտարարել էր, որ պատրաստվում է սահմանամերձ 30կմ խորությամբ «անվտանգության գոտում» բնակեցնել ավելի քան 2մլն փախստականների։
2016 թվականին Թուրքիան 6մլրդ եվրո գումար էր ստացել Եվրամիությունից՝ Սիրիայի փախստականներին ընդունելու և անհրաժեշտ նվազագույն կենսապայմաններն ապահվելու համար։ Եվ քանի որ օրինական չէ փախստականներին հետ ուղարկել Սիրիա, Թուրքական իշխանությունները պնդում են, որ վերադարձողները դա ինքնակամ են անում։ Պաշտոնական տվյալներով վերջին մի քանի ամսվա ընթացքում «ինքնակամ» Սիրիա է վերադարձել շուրջ 315 000 մարդ։
Ամնեսթի ինթերնեյշընըլի մեկ այլ զեկույցի համաձայն, որին կցված են հուլիսից-սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Սիրիա վտարված փախստականների հետ հարցազրույներ, դեռ մինչև «անվտանգության գոտու» ստեղծումը հազարավոր մարդկանց Սիրիա էին տանում ձեռնաշղթաներով։
Տարհանվածներից շատերը պատմում են, որ իրենց սպառնալիքների ու բռնության միջոցով ստիպել են «կամավոր վերադարձի» պայմանագրեր ստորագրել, որոշներին պարտադրել են բնակավայր ստանալու մասին փաստաթղթեր ստորագրել և այլն։
Հարցվածներից ոմանք պատմում են, որ վերադարձի մասին թղթերը ստորագրել են երկարատև հետապնդումների արդյունքում։ Նրանց պարբերաբար բերման են ենթարկել և թուրքական նույնականացման քարտեր պահանջել, որոնք չեն տրամադրվում փախստականներին։ Մի քանի որ ոստիկանական բաժանմունքում պահելուց ու կտտանքների ենթարկելուց հետո ասել են, որ Սիրիա չվերադառնալու դեպքում այսպիսի ճնշումները շարունակվելու են։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողությունների արդյունքում քրդերը ստիպված եղան լքել թուրք-սիրիական սահմանի 30 կմ խորությամբ հատվածը, որն անվանվեց «անվտանգության գոտի» և որում ներկայումս հերթապահություն են իրականցնում ռուս-թուրքական զորամիավորումները։