Լոռու մարզի Վանաձոր քաղաքին մոտ գտնվող խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել, որը շիջման ժամանակ մահացել է փրկարար Դևելյան Սամվել Վարդանի (ծնված 97թ․)։ Մյուս փրկարարը՝ Գրիգորյան Էդգար Իշխանի (91թ․), ծանր այրվածքներ է ստացել։ Այս մասին Epress.am-ին հայտնել է ԱԻՆ մամուլի քարտուղար Էդմոն Զարգարյանը։
Նրա խոսքով՝ հրդեհի պատճառը դեռևս անհայտ է․ «Բաց տարածքում հրդեհ է եղել, խոտածածկ տարածքում։ Կրակը պտտվել է, տղաները մնացել են կրակի մեջ»։
Տուժածին ուղղաթիռով տեղափոխել են Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Նախնական տեղեկություններով՝ վիճակը գնահատվում է կայուն ծանր։ Նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդհատել է իր այցը Տավուշի մարզ և այժմ գտնվում է Վանաձորում։
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրում է «Ֆեյսբուք» սոցցանցի իր էջում․ «Ծանր այրվածքներով ԱԻՆ փրկարարը ուղղաթիռով տեղափոխվում է Երևան։ Այրվածքաբանության ազգային կենտրոնի բժիշկները պատրաստ սպասում են նրան, որպեսզի առավելագույնս օպերատիվ բուժօգնություն ցուցաբերեն։ Աշխատանքները իմ հանձնարարությամբ համակարգում է իմ տեղակալ Լևոն Հակոբյանը։
Առողջություն եմ մաղթում տուժած փրկարարին, ինչպես նաև ցավակցում եմ զոհված փրկարարի հարազատներին և համածառայակիցներին»։