Home / Հայաստան / «Անհուսալի ներկայից լավ է»․ հայաստանյան մի շարք գիշերօթիկներ լուծարվեցին

«Անհուսալի ներկայից լավ է»․ հայաստանյան մի շարք գիշերօթիկներ լուծարվեցին

«Եթե մենք, օրինակ, նայենք, թե Հայաստանի Հանրապետությունում գիշերօթիկ հաստատությունների քանի՞ սան է ընդունվել բուհ, մանկատների քանի՞ սան է ընդունվել բուհ, հետագայում քանի՞ հոգի են շատ թե քիչ նորմալ կարիերա արել, մասնագիտություն ձերքբերել, իրենց բարեկեցությունն ապահովել, մենք խայտառակ պատկերի առաջ կկանգնենք», – կառավարության նիստի ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Այսօր քննարկվեց և 0 դեմ ձայներով ընդունվեց մի շարք գիշերօթիկներ, մասնավորապես, Վանաձորի մանկատուն ՊՈԱԿ, Դիլիջանի, Բյուրեղավանի, Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1, Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ լուծարելու մասին որոշումը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կարդալով այս հատվածը, դիմեց զեկուցող աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին․ «Բայց էս որոշման առաջին հատվածը ֆեյքնյուզի տրամաբանությամբ էր շարադրված։ Էսօր նորից մեծ աղմուկ կլինի, որ Հայաստանի կառավարությունը փակում է մանկատները, գիշերօթիկ դպրոցները և այսպես շարունակ։ Խնդրում եմ, սա հաշվի առնելով, ներկայացրեք հարցն ամբողջական»։

Տվյալ նախագիծը մշակվել էր՝ նկատի ունենալով Հայաստանի Հանրապետությունում երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները, երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացումը, և բխում է կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 15-ի ՀՀ-ում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամքի այլընտրանքային ծառայությունների համակարգի զարգացման հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին N36 արձանագրային որոշման հավելվածի 1-ի 2-րդ կետի կատարման անհրաժեշտությունից։

2019 թվականի հունիսի 1-ի դրությամբ հաստատություններում խնամք է ստացել 260 երեխա, որոնց թիվը գնալով կրճատվել է՝ պայմանավորված երեխաների՝ կենսաբանական ընտանիք վերադառնալու փաստով։ 2019թ․ հոկտեմբերի 28-ի դրությամբ հաստատություններում խնամք է ստացել 130 երեխա։ Այս տարի իրականացվել է հաստատություններում խնամվող երեխաների և նրանց ընտանիքների կարիքների խորը գնահատում՝ սոցիալական աջակցության տարածքային մարմինների միջոցով, մարզպետարանների և միջազգային գործընկերների ներգրավմամբ։ Ընտանիքների գնահատված կարիքների հիման վրա համատեղ մշակվել և իրականացվում են անհատական աջակցության ծրագրեր։ Բոլոր երեխաները շարունակում են ստանալ պետական աջակցություն․ սեպտեմբերի 1-ին ընդառաջ տրամադրվել են պետական բյուջեով նախատեսված նյութատեխնիկական անհրաժեշտ պարագաները, գրենական պիտույքները, հագուստը, իսկ արդեն ձմեռային հագուստը կտրամադրվի դեկտեմբերի առաջին տասնօրյակի ընթացքում։

Հաշվի առնելով ծնողների պատրաստվածությունը, նրանց 30 տոկոսն արդեն ընդգրկվել է տնտեսական զարգացման ծրագրերում․ խոսքը 16 ընտանիքի մասին է։ Նախատեսվում է նրանց համար կազմակերպել մասնագիտական դասընթացներ, տրամադրել անհրաժեշտ գործիքներ՝ տնտեսական գործունեություն ծավալելու համար։ Մյուսների հետ աշխատանքը տարվում է՝ հետագայում տնտեսական ակտիվացման ծրագրերում ընդգրկելու նպատակով։

«Պետք է նշեմ, որ կազմակերպությունների լուծարումից հետո գոյացած դրամական միջոցներն ամբողջությամբ տրամադրվելու են Հայաստանի Հանրապետության մարզերում և Երևանում պատվիրակման միջոցով ցերեկային աջակցման կենտրոնների ցանցի ընդլայնմանը, Երևան, Կապան և Գյումրի քաղաքներում՝ ճգնաժամային աջակցման կենտրոնների ստեղծմանը, խնամատար ընտանիքների թվի ավելացմանը, սոցիալական պաշտպանության շուրջօրյա հաստատություններից կենսաբանական կամ խնամակալի ընտանիք վերադարձաց երեխաների ընտանիքներին տրամադրվող նյութական աջակցությանն, ինչպես նաև հաստատություններ երեխաների մուտքը կանխարգելող ծրագրերին», – ներկայացրել է նախարարը։ Որոշումն ուժի մեջ է մտնում դեկտեմբերի 1-ից՝ բացառությամբ Գյումրու թիվ 2 գիշերօթիկ հաստատության, որի դեպքում ուժի մեջ կմտնի 2020 թվականի հունիսի 25-ից, իսկ Վանաձորի մանկատան դեպքում՝ 2020 թվականի հունվարի 1-ից։

Ըստ Բաթոյանի՝ կառավարության տվյալ որոշումն ամենևին չի խոսում այն մասին, որ ՀՀ կառավարությունը կամ նախարարությունը հրաժարվում են երեխաների հանդեպ իրենք պարտականությունից, պարզապես փոխվում է աջակցման ձևը։ 2020 թվականի բյուջեով գրեթե եռապատկվում են ցերեկային խնամքի ծառայություններն ամբողջ հանրապետությունում՝ 30 բնակավայրերում, ավելի քան եռապատկվում են հաստատություն մուտքը կանխարգելող ծրագրերը՝ 110 ընտանիքից փոխարեն մոտ 350 ընտանիք, և այս բոլոր ծառայությունները, նախարարի խոսքով, նաև պետք է իրականացվեն պատվիրակման միջոցով․ «Ուստի խնդրում եմ հաստատել»։

Նիկոլ Փաշինյանն, իր հերթին, ասաց, որ Հայաստանում գիշերօթիկի կամ մանկատան սան լինելը դատավճռի է նման․ «Շատ կարևոր է արձանագրել, որ այստեղ ոչ միայն ծառայության մատուցման ձևն է փոխվում, այլև բովանդակությունը։ Եվ այս բարեփոխումներն ուղղված են ընդդեմ հուսահատության, որովհետև Հայաստանի Հանրապետությունում գիշերօթիկի սան, մանկատան սան ասել նշանակում է մարդու նկատմամբ կարդալ դատավճիռ, որ ինքն ամբողջ կյանքի ընթացքում լինելու է հանրային կյանքի և ընդհանրապես հաջողության լուսանցքից դուրս, և այս իրավիճակի հետ մենք, իհարկե, չենք պատրաստվում համակերպվել։

Եթե մենք, օրինակ, նայենք, թե Հայաստանի Հանրապետությունում գիշերօթիկ հաստատությունների քանի՞ սան է ընդունվել բուհ, մանկատների քանի՞ սան է ընդունվել բուհ, հետագայում քանի՞ հոգի են շատ թե քիչ նորմալ կարիերա արել, մասնագիտություն ձերքբերել, իրենց բարեկեցությունն ապահովել, մենք խայտառակ պատկերի առաջ կկանգնենք։

Փոխարենը, եթե նայենք գիշերօթիկի աշխատողների, տնօրենների ընտանիքների բարեկեցությունը ոնց է դասավորվել, կարող ենք շատ հետաքրքիր հետևություններ անել։ Դրա համար մենք հետևողական և կամային որոշմամբ էս բարեփոխումը տանելու ենք առաջ, որի նպատակը պետք է լինի մեկը․ գիշերօթիկ հաստատությունների, մանկատների և այս կարգի այլ հաստատությունների երեխաների մրցունակությունը կյանքում մեծացնել՝ բոլոր առումներով, սեփական ուժերի նկատմամբ նրանց վստահությունը մեծացնել, նրանց օժտել գիտելիքներով, հմտություններով, որպեսզի նրանք ամբողջ կյանքում ոչ թե «վայ, ես մանկատան սան եմ» դրոշմն իրենց վրա կրեն և դա դարձնեն իրենց հիմնական բրենդը կյանքում, այլ իրենք իրենց սեփական աշխատանքով, տաղանդի զարգացմամբ կարողանան իրենց սեփական բարեկեցությունն ապահովել։

Մենք ամեն ինչ անում ենք, որ երեխաներին վերադաձնենք ընտանիք։ Սա շատ կարևոր հարց է։ Երբ որ Հայաստանում շատերն ընտանիքը որպես արժեք, իբր, օգտագործում են որպես իրենց գործունեությունների պատնեշ, ընտանիքն այ էսպիսի՛ գործողություններով են արժևորում։ Իհարկե, կա նաև մտահոգություն, որը լեգիտիմ է․ արդյոք բոլոր հնարավոր շահառու ընտանիքներն են ի վիճակի ընդունել էդ երեխաներին և մեր էս նոր քաղաքականության շրջանակներում ապահովել պայմանները։ Սրա համար է, որ մենք ասում ենք, որ ընտանիքում բռնության կանխարգելման և քննության ինստիտուտը պետք է շատ լուրջ աշխատի և Հայաստանի Հանրապետությունում զարգանա․․․ Էն տրամաբանությունը, որ «իմ ընտանիքի անդամն ա, ինչ ուզում՝ անում եմ, ուզում եմ՝ ծեծում եմ, չեմ ուզում՝ չեմ ծեծում», մենք հստակ ասում ենք՝ ոչ, որովհետև էդ ընտանիքի անդամը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, և որևէ մեկն, այդ թվում՝ ընտանիքի անդամը, իրավունք չունի բռնանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացու իրավունքների վրա։

Մենք էս ճանապարհով պետք է հետևողական, հստակ գնանք և էս ինստիտուցիոնալ լուծումներն, էլի՝ կամային որոշումներով, իհարկե, նաև հանրության հետ շատ լուրջ, խորը, մանրամասն վերլուծություններ անելով, թույլ չտալով, որ Հայաստանի Հանրապետության կոռուպցիոն համակարգի մնացորդները փորձեն Հայաստանը պահել կամ ետ մտցնել հետադիմության և տգիտության փակուղի։

Այսպիսի ուժեր կան նաև կառավարության մեջ, և մենք պետք է հատ֊հատ հետևողական արմատախիլ անենք տգիտության քարոզով զբաղվող բոլոր մարդկանց պետական կառավարման համակարգից, մինչև վերջին մանրուքը, ընդհուպ՝ պինցետով, որ ոչ մի մոլեկուլ չմնա այնտեղ»։

Հարց բարձրացնելով՝ արդյոք տարվող աշխատանքը բերելու է հսկայական արդյունքների, վարչապետը նշեց, որ երաշխիքներ չկան, սակայն վատթարագույն փոփոխությունն ավելի լավ է, քան անհուսալի ներկան։ «Էդ երեխաները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, և Հայաստանի Հանրապետությունը պետք է ամեն ինչ անի՝ նրանց հետագա կյանքին պատրաստելու համար, ընդ որում, դա պետք է լինի ոչ թե յոլա գնացողի, խեղճացածի, ձեռք պարզածի, մուրացիկի կյանք, դա պետք է լինի արժանապատիվ աշխատանքով սեփական բարեկեցությունն ապահովող քաղաքացու կյանք»։