Երեկ՝ նեյմբերի 24-ին, Հոնկոնգի 18 շրջանների տեղական խորհրդարանների պատգամավորների ընտրություններում ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներն անսպասելի տարբերություններով հաղթանակ են տարել։
Նախնական արդյունքների համաձայն, ժողովրդավարական ուժերի կողմնակիցները կզբաղեցնեն 452 տեղերից 278-ը, ստանձնելով 18 շրջաններից 17-ի վերահսկողությունը։ Նախկինում իշխանամետ բլոկը տեղական խորհրդարաններում շուրջ 75 տոկոս ներկայացվածություն էր ապահովում։
Բնակչության մասնակցությունը կազմել է 71 տոկոս՝ ընտրությունների գնացել է շուրջ 2.9մլն մարդ։ 2015-ի ընտրություններում մասնակցությունը 47 տոկոս էր։
Քաղաքական մեկնաբաններն այս ընտրությունները դիտարկում են, որպես նախնական փորձություն Պեկինի դրածո Քերրի Լեմի համար, ում գործողություններին ցուցարարներն ուշադիր հետևում են դեռևս ամառվանից։
Այսօր՝ նոյեմբերի 25-ին, Քերրի Լեմը հայտարարել է, որ «մեծ հարգանքով» է վերաբերվում այս ընտրությունների արդյունքներին և կարծում է, որ «դրանք իրապես արտահայտում են մարդկանց դժգոհությունն ու իշխանություններին ստիպում ևս մեկ անգամ վերանայել իրենց քաղաքականությունը»։
Հոնկոնգի շրջանային խորհրդարանները մեծ քաղաքական ուժ չունեն և հիմնականում զբաղվում են տեղային այնպիսի խնդիրներով, ինչպիսիք են աղբահանությունը կամ տրանսպորտը։ Բայց տեղային խորհուրդների անդամները հնարավորութուն ունեն 117 հոգու ներկայացնել 1200 անդամ ունեցող հանձնաժողով, որն էլ հետագայում կընտրի Հոնկոնգի ադմինիստրատիվ ղեկավարին։ Այս ընտրություններում ժողովրդավարամետ ուժերի հաղթանակը գրեթե երաշխավորում է այդ հանձնաժողովում 117 հակաիշխանական անդամի ներկայացվածություն։