Լիբերասիոն — 27 մարտի, 2020թ.
Հիվանդացա Փարիզում, չորեքշաբթի օրը՝ մարտի 11-ին, մինչ Ֆրանսիայի կառավարությունը որոշում կկայացներ բնակչության ինքնամեկուսացման մասին, և երբ, մարտի 19-ին, մի շաբաթից մի փոքր անց, վերկացա մահճակալից՝ աշխարհը փոխվել էր։ Երբ պառկելու էի գնացել, աշխարհը մոտիկ էր, կոլեկտիվ, քնձռոտ ու կեղտոտ: Երբ վեր կացա անկողնուց՝ այն դարձել էր հեռավոր, անհատական, չոր ու հիգիենիկ: Հիվանդության ընթացքում գնահատել չէի կարող, թե քաղաքական կամ տնտեսական տեսանկյունից ինչ է կատարվում, քանի որ տենդն ու անհանգստությունը խլում էին իմ կենսական էներգիան: Դու փիլիսոփա չես, երբ գլուխդ պայթում է: Ժամանակ առ ժամանակ դիտում էի նորությունները, ինչը միայն տհաճությունս էր ավելացնում: Իրականությունն անբաժան էր վատ երազից, և վերնագրերն ավելի խառնաշփոթ էին, քան իմ բորբոքվող զառանցանքների առաջ բերած ցանկացած մղձավանջ: Երկու ամբողջ օր որոշեցի չբացել և ոչ մի կայք, որպես հակաթթվային դեղատոմս: Հենց սրան և օրեգանոյի յուղի կարևոր չափաբաժնին եմ վերագրում իմ ապաքինումը: Շնչելու ոչ մի դժվարություն չունեի, բայց դժվարանում էի մտածել, որ կշարունակեմ շնչել: Մահանալուց չէի վախենում: Վախենում էի մենակ մահանալուց:
Ջերմության և անհանգստության միջև ինքս ինձ ասացի, որ սոցիալական վարքի կազմակերպչական պարամետրերը փոխվել են՝ ընդմիշտ, և այլևս չեն կարող վերափոխվել: Սա այն է, ինչ ես զգացի ակներևությունների ուժով, որոնք խոցեցին կրծքավանդակս, քանի որ շնչառությունս դարձել էր ավելի դյուրին: Ամեն ինչ հավերժ կմնա այն նոր ձևի մեջ, որն ընդունեցին իրերը: Այսուհետ մեզ հասանելի կլինեին թվանշային սպառման ավելի ու ավելի ծայրահեղ ձևեր, բայց մեր մարմինները, մեր ֆիզիկական օրգանիզմները կզրկվեին շփումից և ողջ կենսունակությունից: Փոփոխությունը օրգանական կյանքի բյուրեղացման, աշխատանքի և սպառման թվանշայնացման ու ցանկության ապանյութականացման ձև կընդուներ:
Նրանք, ովքեր ամուսնացած էին, այժմ դատապարտված էին ապրելու իրենց կնոջ հետ տանը փակված, օրը 24 ժամ, անկախ նրանից՝ սիրում էին նրան, թե ատում, ավելի ճիշտ՝ երկուսն էլ, ինչն, ի դեպ, ամենատարածվածն է. զույգը ղեկավարվում է քվանտային ֆիզիկայի օրենքով, համաձայն որի, կա ոչ թե հակառակ տերմինների հակադրություն, այլ` դիալեկտիկական փաստերի զուգահեռություն: Այս նոր իրականության մեջ մեզանից նրանք, ովքեր կորցրել էին սերը կամ չէին գտել ժամանակին, այսինքն՝ «Կովիդ-19»-ի մեծ փոփոխությունից առաջ, դատապարտված էին իրենց կյանքի մնացած մասը մսխել բոլորովին մենակ: Գոյատևելու էինք, բայց առանց շոշափելու, առանց մաշկի: Նրանք, ովքեր չէին համարձակվել իրենց սիրած անձնավորությանը պատմել, որ սիրում են իրեն, այլևս չէին կարողանալու միանալ նրան, նույնիսկ եթե կարողանային արտահայտել իրենց սերը, և այժմ ստիպված էին հավիտյանս ապրել ֆիզիկական հանդիպման անհնար մի սպասումով, որը երբեք տեղի չէր ունենա: Նրանք, ովքեր նախընտրել էին ճանապարհորդել, կմնային սահմանի մյուս կողմում՝ ընդմիշտ, և այն բուրժուաները, ովքեր գնացել էին ծով կամ գյուղ, որպեսզի անցկացնեն մեկուսացման օրերն իրենց հաճելի երկրորդ կացարաններում (խեղճե՜րը) այլևս երբեք չէին կարող վերադառնալ քաղաք: Նրանց տները կպահանջվեին՝ տեղավորելու համար անօթևանների, ովքեր, այո, ի տարբերություն մեծահարուստների, մշտապես ապրում էին քաղաքում: Ամեն ինչ կհաստատվեր այն նոր և անկանխատեսելի ձևի մեջ, որն ընդունել էին իրերը վիրուսից հետո: Այն, ինչը շրջափակման մեջ ժամանակավոր էր թվում, շարունակվելու է մեր կյանքի մնացած ժամանակահատվածում: Միգուցե ամեն ինչ նորից փոխվեր, բայց ոչ 40-ից բարձր տարիքի մարդկանց համար: Դա էր նոր իրականությունը: Կյանքը մեծ փոփոխությունից հետո: Հետևաբար ես հետաքրքրվեցի՝ արժե՞ արդյոք շարունակել այսպես ապրել:
Առաջին բանը, որ մահճակալից վեր կենալուց հետո, վիրուսով հիվանդանալուց հետո արեցի՝ նույնքան ահագին ու տարօրինակ մեկ շաբաթվա ընթացքում, որքան նոր մայրցամաքն է, ինքս ինձ այս հարցը տալն էր. ի՞նչ պայմաններում և ի՞նչ եղանակով արժեր շարունակել ապրել։ Երկրորդ բանը՝ նախքան այս հարցի պատասխանը գտնելը, սիրային նամակ գրելն էր: Դավադրության բոլոր տեսություններից, որոնք կարդացել էի, ինձ ամենաշատը դուր էր եկել մեկը, որ ասում էր, թե վիրուսը ստեղծվել էր լաբորատորիայի կողմից, որպեսզի մոլորակի բոլոր ձախողակները կարողանային վերստանալ իրենց նախկիններին՝ առանց իրապես պարտավորված լինելու վերադառնալ։
Հիվանդության մեկ շաբաթվա վախերից ու կասկածներից կուտակված քնարերգության և տառապանքի նամակը՝ ոչ միայն սիրային, նույնքան էլ հուսահատ բանաստեղծական մի խոստովանություն էր իմ նախկինին, այլև, ամենից առաջ, ամոթալի մի փաստաթուղթ՝ նրա համար, ով այն ստորագրեց: Բայց եթե իրերն այլևս չէին կարող փոխվել, եթե հեռու գտնվողները չէին կարող այլևս միմյանց դիպչել, ի՜նչ կարևոր էր դրա այդքան ծիծաղելի լինելը: Ի՜նչ կարևոր էր այժմ մարդուն ասել, որ սիրում ես իրեն, իմանալով, որ նա, ամենայն հավանականությամբ, արդեն մոռացել է քեզ կամ փոխարինել, եթե, ամեն դեպքում, չես կարող այլևս տեսնել նրան: Իրերի նոր վիճակը, իր քանդակային հանդարտության պայմաններում, գրողը տանի ասելու նոր աստիճան էր ընձեռում անգամ իր իսկ ծաղրականությանը:
Ձեռքով գրեցի այս գեղեցիկ և ահավոր պաթետիկ նամակը, այն դրեցի ձյունաճերմակ ծրարի մեջ և, իմ ամենալավ գեղագրությամբ, վրան գրեցի նախկինիս անունն ու հասցեն: Հագնվեցի, դրեցի դիմակս, հագա ձեռնոցներն ու կոշիկները, որոնք թողել էի դռան մոտ և իջա շենքի մուտքի մոտ: Այնտեղ, մեկուսացման կանոնին հետևելով, փողոց դուրս չեկա, այլ ավելի շուտ գնացի դեպի բակի աղբը: Բացեցի դեղին աղբարկղը և նախկինիս նամակը դրեցի այնտեղ, անշուշտ, դեպի վերամշակելի թուղթը: Դանդաղ բարձրացա իմ բնակարան: Կոշիկս թողեցի դռան մոտ: Ներս մտա, հանեցի շալվարս և դրեցի պլաստիկ տոպրակի մեջ, հանեցի դիմակս և դրեցի պատշգամբում, որպեսզի օդափոխեմ, հանեցի ձեռնոցները, գցեցի աղբարկղի մեջ և երկու անվերջանալի րոպե լվացի ձեռքերս: Ամեն ինչ, բացարձակապես ամեն ինչ, արվեց մեծ փոփոխությունից հետո ընդունված ձևով: Ես վերադարձա համակարգչիս մոտ, բացեցի էլ. փոստս և ահա, այնտեղ էր նախկինիս հաղորդագրությունը՝ վերնագրված. «Քո մասին եմ մտածում վիրուսի ճգնաժամի ընթացքում» ։
Պոլ Բ. Պրեսիադո
թարգմանությունը Նազարեթ Կարոյանի
Պոլ Բ. Պրեսիադո իսպանական ծագմամբ Ֆրաստացի ժամանակակից փիլիսոփա, կուրատոր։ Եղել է Դերիդայի աշակերտը։ Քուիր տեսաբան է, և հետաքրքրության շրջանակներում գենդերի, ինքնության ու սեռականության խնդիրներն են։ Իր աշխատությունների մեջ կարևոր տեղ են գրավում հղացքներ ստեղծելու պոստստրուկտուրալիստական պրակտիկան։ Սա նաև վկայում է այն մասին, թե ինչ ազդեցություն են ունեցել նրա հայացքների ձևավորման վրա Միշել Ֆուկոն, Ժիլ Դըլյոզը, Ջուդիթ Բաթլերն ու Ագնես Հելլերը։
Երկար տարիներ աշխատակցում է ֆրանսիական ամենահայտնի թերթերից մեկին՝ Լիբերասիոնին, որտեղ նա սյունակ է վարում։