Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունն իր փետրվարի 3-ի հայտարարությամբ «անպատասխանատվության» մեջ է մեղադրել է այն հայտնի մարդկանց, ովքեր աջակցել են երկրում ամիսներ շարունակ ֆերմերների զանգվածային ցույցերին։ Հայտարարությունը տարածվել էր համաշխարհային փոփ-աստղ Ռիհաննայի՝ ֆերմերներին ի աջակցություն արված թվիթերյան գրառումից հետո։
Հիշեցնենք, որ ֆերմերների բողոքի ցույցերն ընթանում են անցյալ տարվա օգոստոսից՝ ընդդեմ գյուղատնտեսության ոլորտում կառավարություն կողմից առաջարկված գյուղատնտեսական փոփոխությունները։ Համաձայն հին օրենքների՝ Հնդկաստանի ֆերմերներն իրենց բերքը վաճառում էին աճուրդում՝ Գյուղատնտեսական Արտադրական Շուկայի Կոմիտեի (ԳԱՇԿ) միջոցով։ Կար հստակ սահմանված նվազագույն գին, աճուրդը վերահսկվում էր պետական մարմինների կողմից։ Նոր օրենքները, սակայն, հնարավորություն են տալիս ֆերմերներին որոշել իրենց նախընտրած գինը և վաճառել բերքը մասնավոր ընկերություններին՝ առանց ԳԱՇԿ-ի միջնորդության։ Սա, ֆերմերների կարծիքով, հնարավորություն է տալիս մեծ ընկերություններին ազդել գնի վրա։ Այսինքն՝ «ազատ շուկան» կանխատեսելիորեն կարող է հայտնվել խոշոր ձեռներեցներից կախվածության մեջ, փոքր պահանջարկ/առաջարկ ունեցող տնտեսվարողները գնագոյացման վրա ազդեցություն ունենալ չեն կարող և կհայտնվեն մրցակցության տեսանկյունից անբարենպաստ դիրքերում։
https://twitter.com/rihanna/status/1356625889602199552
Ռիհաննայի օրինակին հետևել էին կլիմայական ակտիվիստ Գրետա Թունբերգը, ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի զարմուհի Մինա Հարիսը, բրիտանական խորհրդարանի պատգամավոր Կլաուդիա Ուեբը և այլոք։
Հունվարի 30-ին՝ Մահաթմա Գանդիի մահվան օրը ֆերմերները մեկ օրով հացադուլ էին հայտարարել։ Երկրի իշխանություններն արգելափակել էին բջջային ինտերնետը մայրաքաղաք Դելիի շրջակա այն տարածքներում, որտեղ ընթանում էին ցույցերը՝ Սինղույում, Ղազիպուրում և Տիգրիում։ Այս քայլը պատճառաբանվել էր «հանրային անվտանգությամբ»։ Ցուցարարներն իշխանություններին մեղադրել էին «խուճապ ստեղծելու» և «ժողովրդավարության սպանության» մեջ։
Ցույցերը մինչ այս որոշումն էլ լարված էին ընթանում։ Հունվարի 26-ին` Հնդկաստանի Հանրապետության օրը պետական շքերթ էր նախատեսված։ Բողոքի ցույց անող ֆերմերներն իրենց հերթին նախատեսել էին տրակտորներով երթ։ Չնայած կառավարության բացասական արձագանքին, երկրի ոստիկանությունը թույլատրել էր ֆերմերների երթը՝ պայմանով, որ Հանրապետական շքերթին այն չխանգարի։ Սակայն շքերթի վերջին րոպեներին շուրջ 10 00 տրակտորների շարասյուներից մեկի խումբը ճեղքել էր ոստիկանական բարիկադները, շարժվել դեպի քաղաքի կենտրոն, և, ի վերջո, ներխուժել երկրի պատմական Կարմիր բերդ։ Բողոքի խաղաղ ցույցերն, այսպիսով, վերածվել էին բռնության։ Ոստիկանությունը ջրցաններ և արցունքաբեր գազ էր կիրառել՝ ձերբակալվել էին բազմաթիվ մարդիկ, մեկ ցուցարար մահացել էր, 300 ոստիկան վիրավորվել։
Ցուցարարաները պնդում են, որ նույն օրն ավելի վաղ մի խումբ տղամարդիկ մոտեցել են ֆերմերներին և պահանջել, որ նրանք հեռանան, քարերով հարվածել ցուցարարներին, ոչնչացրել նրանց վրանները, և, այսպիսով, դիմելով պրովոկացիայի։
Հնդկաստանի կառավարության և ֆերմերների արհմիությունների միջև ամիսներ շարունակ տևած բանակցությունները փակուղային են դարձել՝ որևէ արդյունքի չբերելով։ Կառավարությունն առաջարկել էր մի քանի ամսով հետաձգել փոփոխությունները, սակայն ֆերմերը պահանջում են, որ դրանք առհասարակ չեղարկվեն։ Շարժման առաջնորդները հայտարարել են, որ ցույցերը դադարեցնելու մտադրություն չունեն։