Home / Առողջապահություն / Հայ գերիներին խոշտանգել են և շարունակում են տանջել․ HRW

Հայ գերիներին խոշտանգել են և շարունակում են տանջել․ HRW

Ադրբեջանական ուժերը բռնության են ենթարկել 44-օրյա պատերազմի հայ ռազմագերիներին, դաժան և ստորացուցիչ վերաբերմունք են ցուցաբերել նրանց նկատմամբ և խոշտանգել՝ կամ գերեվարման պահին, կամ կալանավայրերում։ Այս մասին այսօր հրապարակված զեկույցում հայտնել է Human Rights Watch֊ը։

Կազմակերպությունը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին հետաքննել վատ վերաբերմունքի բոլոր մեղադրանքները, անմիջապես ազատ արձակել մնացյալ ռազմագերիներին ու պահվող քաղաքացիական անձանց, ինչպես նաև տեղեկություն տրամադրել այն զինծառայողների և քաղաքացիների մասին, ում կարգավիճակն անհայտ է, բայց որոնց վերջին անգամ տեսել են ադրբեջանական կալանավայրում։

«Ձերբակալված հայ զինվորերի նկատմամբ կատարվող բռնությունը, այդ թվում՝ խոշտանգումը, նողկալի են և ռազմական հանցագործություն։ Խորապես մտահոգիչ է նաև, որ մի շարք անհետ կորած հայ զինվորների վերջին անգամ Ադրբեջանի կալանավայրում են տեսել, և վերջինս նրանց մասին տեղեկություն չի տրամադրել», – հայտնել է Human Rights Watch֊ի՝ Եվրոպայի և կենտրոնական Ասիայի գրասնեյակի ղեկավար Հյու Ուիլյամսոնը։

Կազմակերպությունը զրուցել է չորս նախկին ռազմագերիների հետ։ Վերջիններս պատմել են թե իրենց, թե այլ գերիների նկատմամբ ցուցաբերված վատ վերաբերմունքի և խոշտանգումների մասին։ Human Rights Watch֊ը նաև հաստատել է սոցցանցերում տարածված 20 տեսանյութի իսկությունը, որոնցում երևում է ադրբեջանցի զինվորականների ցուցաբերած ակնհայտ վատ վերաբերմունքը հայ ռազմագերիների նկատմամբ։

Կազմակերպությունը հայտնել է, որ ռազմագերիների խոշտանգման և նրանց նկատմամբ վատ վերաբերմունքի վկայությունները մտահոգություն են առաջ բերում, որ այս պահին Ադրբեջանի կալանքի տակ գտնվող գերիների նկատմամբ բռնությունները կարող են շարունակվել։

Չորս զինվորներից երեքին ծեծել են գերեվարումից անմիջապես հետո և/կամ կալանքի առաջին վայր տեղափոխելիս։ Բոլոր չորս զինվորները վիրավոր են եղել գերեվարման պահին։

19-ամյա Դավիթը (անունը փոխված է) նշել է, որ իրեն Հադրութի շրջակայքում գերեվարած զինվորականը մադկային վերաբերմունք է ցուցաբերել՝ օգնել է կանգնեցնել արյունահոսությունը, ջուր տվել, խոստացել տեղափոխել հիվանդանոց և համոզվել, որ մյուս զինվորները նրան չեն վնասում։ Սակայն ամեն ինչ փոխվել է նրան հիվանդանոց տեղափոխող մեքենայի ժամանելուց հետո․ «Նրանք կապեցին ինձ, շպրտեցին մեքենայի ետնամաս՝ ձեռքերս մեջքի հետևում կապելով։ Երբ մեքենան շարժվեց, [ադրբեջանցի զինծառայողներից] մեկը սկսեց գոռալ ինձ վրա և բռունցքներով խփել։ Նա կրակայրիչի պես ինչ֊որ բան ուներ, և այրում էր ձեռքերս։ Զինվորականը կրակայրիչով մի մետաղական ձող տաքացրեց, ու սկսեց բզել մեջքիս։ Ես ցավից ուշաթափվեցի։ Երբ հիվանդանոց հասանք, ուշքս գրեթե տեղը չէր»։

Երիտասարդը պատմել է, որ իր ձեռքը շղթայված է եղել հիվանդանոցի մահճակալին, իսկ պահակներն իրեն հսկել են օրը 24 ժամ։ «Մեկ-մեկ, երբ բուժաշխատողները չէին տեսնում, պահակներից մեկն ինձ հարվածում էր, հիմնականում՝ գլխիս»։

Human Rights Watch-ը հավաստել է, որ հարվածների և այրվածքների վերքերն ու սպիերը դեռ երևում էին հարցազրույցի ժամանակ։

20-ամյա Տիգրանը ևս գերեվարվել է Հադրութի շրջանում՝ ութ այլ հայ զինվորների հետ։ Սոցցացերում մի տեսնայութ էր լայն տարածում գտել, որում ադրբեջանցիները ոտքերով հարվածում ու քաշ էին տալիս հայ զինվորներին։

«Նրանք անմիջապես սկսեցին ծեծել մեզ, ու դա տևեց մոտ երեք ժամ։ Նրանց հրամանատարն ասում էր, որ չանեն, բայց հենց այդ զինվորականները տարածքում չէին, ծեծը նորից էր սկսվում։ Մերոնցից մեկին բահ տվեցին ու ասացին, որ իր գերեզմանը փորի։ Նա այնքան վախեցած էր, որ սկսեց փորել», – ասել է Տիգրանը։

Զինվորները մետաղյա ձողով ծակում էին կապված մարդկանց։ Չնայած Տիգրանը վիրավոր և թույլ եղած լինելու պատճառով չի հիշում մանրամասները, սակայն նրան կալանավայր տեղափոխելուց հետո Տիգրանը մարմնի վրա երկու ծակած վերք է նկատել՝ ակնհայտորեն ձողից առաջացած։

Չորս զինվորներից երեքը մոտ 5 օր եղել են նույն կալանավայրում, որը, ինչպես իրենք էին հասկացել, Ադրբեջանի ռազմական ոստիկանության շենքն էր Բաքվում։ Հսկիչները նրանց օրը մի անգամ զուգարան էին տանում, որտեղ կարող էին ծորակից ջուր խմել։ Զինվորները պարբերաբար մտնում էին խցեր, սկսում բղավել մարդկանց վրա, ծեծել նրանց փայտերով։

«Ես այնտեղ համարյա չեմ քնել։ Սկզբում անջատվում էի, բայց հետո գալիս ու ինձ այնպես էին ծեծում, որ վախից էլ չէի քնում։ Գալիս էին երկու կամ չորս հոգանոց խմբերով։ Նրանցից մեկը իր փայտե ձողն ինձ վրա կոտրեց, ինձ այնպես խփեց, որ մի շրջան թևս չէի կարողանում օգտագործել։ Չորրորդ օրն ինձ այնքան ուժեղ ծեծեցին, որ երկու կողոսկր կոտրեցին», – պատմել է Տիգրանը։

45֊ամյա Հովհաննեսը գերեվարվել է հոկտեմբերի 19֊ին և հիշյալ հաստատությունում միայնակ անցկացրել երեք օր։ Նա պատմել է, որ հինգից տաս զինվորներ օրը մի քանի անգամ մտնում էին սենյակ ու ծեծում նրան։ Նրան նաև բազմիցս ուշ գիշերով ստիպել են վարժություններ անել, իսկ հետո ծեծել՝ առաջադրանքը իբր վատ կատարելու համար։ Հովհաննեսին ստիպում էին դեմքով պառկել գետնին և մնալ այդ դիրքում, իսկ ժամեր անց գալիս էին ու ծեծում դիրքը փոխելու համար։ Նա բոլոր երեք օրերի ընթացքում ուտելիք չի ստացել, իսկ երբ պահակները տեսնում էին որ քնած է, արթնացնում էին։

31-ամյա Լևոնը ևս յոթ հայ զինվորների հետ Մատաղիսում է գերեվարվել՝ հոկտեմբերի 22֊ին։ Նա շեշտել է, որ ծեծը նախատեսված էր որպես պատժամիջոց․
«Դա սկսվեց հենց մեզ Բաքվի ռազմական ոստիկանություն բերեցին․ մեզ մեկուկեսից երկու ժամ անդադար ծեծում էին՝ գետնին տապալելով, բռունցքներով ու ոտքերով խփելով․․․ Մեզ չէին հարցաքննում, ոչ մի հարց առանձնապես չէին տալիս, բացի «ինչու՞ միացար կռվին» ու նման հարցերից»։ Լևոնը պատմել է, որ իրենց մեղադրում էին առաջին պատերազմում ադրբեջանցի բնակիչների սպանության մեջ։

«Ես այդ ժամանակ երկու տարեկան էի», – նրանց ասել է Լևոնը։

Բոլոր չորս զինվորներն ավելի ուշ տեղափոխվել են Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարության մեկուսարան, որտեղ շաբաթներով հարցաքննվել են։ Զեկույցի համաձայն՝ այդ բոլոր շաբաթների ընթացքում գերիներին ոչ միայն պարբերաբար ծեծել են, այլև ենթարկել կտտանքների։ Դավիթը պատմել է, որ նրան պարբերաբար էլեկտրաշոկի են ենթարկել։

Գերիներին ստիպել են տեսանյութերով հանդես գալ, վանկարկել Ղարաբաղ-Ադրբեջան։ Ադրբեջանցի զինվորականները նաև գերիներին ասել են, թե ամբողջ ԼՂ-ն արդեն գրավված է, նրանք շարժվում են դեպի Հայաստան։ Սա գերեվարված մարդկանց համար սթրեսի պատճառ է դարձել, քանի որ վերջիններս սկսել են իրենց ընտանիքների համար վախենալ։

Զեկույցը հիշեցնում է, որ Ժնևյան երրորդ կոնվենցիան արգելում է վատ վերաբերմունքի և խոշտանգման բոլոր դրսևորումները։

Ադրբեջանում գտնվող հայ գերիների թիվը մինչ այժմ հստակ չէ։ Հայկական իշխանությունների պնդմամբ՝ Ադրբեջանից վերադարձվել է 69 գերի։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչը դատարանին միջնորդության հայց է ներկայացրել 240 դեպքերով։ Դեպքերի ճնշող մեծամասնությանը կցված են ֆոտո- կամ վիդեոապացույցներ այն մասին, որ այս մարդիկ կալանավորվել են ադրբեջանական ուժերի կողմից։

Թեև Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են (ռազմագերիների) փոխանակումը կազմակերպել՝ հիմնվելով «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի վրա, նոյեմբերի 10-ի զինադադարից հետո Հին Թաղեր-Խծաբերդ հատվածում գերեվարված 62 հայ պահեստազորայինների նկատմամբ ադրբեջանական կողմն այդ սկզբունքը կիրառել հրաժարվում է (պատճառների մասին՝ այստեղայստեղ և այստեղ