Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը հայտնել է, որ մայիսի 12-ից կկրճատի հյուպատոսական ծառայությունները: Ոչ միգրացիոն վիզաներ, բացառությամբ դիվանագիտականների, չեն տրամադրվի։ Միգրացիոն վիզաներն էլ կտրամադրվեն ժամկետի սպառման կամ կյանքի ու մահվան կարևորության դեպքերում։
75%-ով կկրճատվի նաև դեսպանատան աշխատակազմը։
Բացի այդ, դեսպանատունը ապառված վիզաներով Ռուսաստանում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է երկիրը լքել մինչև հունիսի 15-ը։ Այս վերջնաժամկետը երկրում «ապօրինի» գտնվողների համար նշանակվել էր հենց ռուսական կառավարության կողմից։
Ծառայությունների և աշխատակազմի այս կրճատման պատճառը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ապրիլի 23-ին ստորագրած հրամանն է, որով «ոչ բարեկամական» պետությունների՝ Ռուսաստանում գտնվող մարդկանց աշխատանքի ընդունելու հնարավորությունը սահմանափակվում էր։ Նոր հրամանի համաձայն՝ ռուսական կառավարությունն է որոշում՝ որ պետություններն են «ոչ բարեկամական» և քանի հոգու նրանք կարող են աշխատանքի ընդունել Ռուսաստանում։
Հիշեցնենք՝ ռուսաստանյան դիվանագիտական ճգնաժամը սկսվել է ավելի վաղ։
Ապրիլի 18-ին Պրահան հայտարարել է Չեխիայից 18 ռուսաստանցի դիվանագետների արտաքսման մասին, քանի որ «ըստ իրենց հիմնավոր տեղեկությունների»՝ Ռուսաստանի գլխավոր հետախուզական վարչության աշխատակիցներն առնչություն են ունեցել Վրբետիցեում գտնվող զինապահեստում 2014 թվականի հոկտեմբերին տեղի ունեցած պայթյունի հետ, որի հետևանքով երկու մարդ է զոհվել։
Չեխիայի ոստիկանությունը հետախուզում է հայտարարել ԳՀՎ երկու աշխատակցի՝ Ալեքսանդր Պետրովի և Ռուսլան Բոշիրովի նկատմամբ, ովքեր պայթյունի օրերին եղել են զինապահեստի տարածքում։ Վերջիններս հետախուզման մեջ են նաև Բրիտանիայում և մեղադրվում են 2018-ին ԳՀՎ նախկին սպա Սերգեյ Սկրիպալին և իր դստերը թունավորելու մեջ։
Չեխիան, այսպիսով, արտաքսել է ռուսական դեսպանատան բոլոր այն աշխատակիցներին, որոնք կարող էին կապ ունենալ ԳՀՎ-ի հետ։ Մոսկվան Պրահայի մեղադրանքն «աբսուրդային» է անվանել և ի պատասխան արտաքսել 20 չեխ դիվանագետների՝ Ռուսաստանում չեխական դեսպանության գրեթե ողջ անձնակազմին։
Համերաշխություն հայտնելով Չեխիային ռուսաստանցի դիվանագետների են արտաքսել Սլովակիան, Իտալիան, Լեհաստանը, Լիտվան, Էստոնիան, Լատվիան և այլ երկրներ։ Պրահային իրենց աջակցությունն են հայտնել նաև ԵՄ֊ն և ՆԱՏՕ֊ն։ Պաշտոնական Մոսկվան սա անվանել է «անզուսպ ռուսաֆոբիա»։
Հիշյալ երկրներից որոշները նույնպես մեղադրում են ռուսաստանցի դիվանագետներին հետախուզական գործունեություն ծավալելու մեջ։ Իտալիան, օրինակ, անցյալ ամիս արտաքսել էր ռուս երկու դիվանագետների, երբ հայտնի էր դարձել, որ իտալական նավատորմի մի զինվորական նրանց գումարի դիմաց ռազմական տեղեկություններ է տրամադրում։