Մահացել է իրավապաշտպան, Թեքալիի գործընթացի նախաձեռնող Գեորգի Վանյանը։
Վանյանը 58 տարեկան էր։ Հոկտեմբերի 9-ին՝ քովիդ-ախտորոշմամբ, նա հոսպիտալացվել էր Թբիլիսիի հիվանդանոց։ Գրեթե անմիջապես՝ հայտնվել վերակենդանացման բաժանմունքում։ Վանյանը վերջին տարիներին ապրում էր Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Ծաղկավան գյուղում, Թբիլիսի էր գնացել մի քանի օրով։
Նրա հետ մեր վերջին հարցազրույցը․
Գեորգի Վանյանը ծվել է 1963 թվականին՝ Ադրբեջանի ԽՍՀ-ի Շահումյանի շրջանի Քարաչինար գյուղում։
1991-ին ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը։
Մինչև 1994 թվականը՝ թատրոնի և կինոյի դերասան, 1992-1994՝ «ԱՐ» թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, 1993-1997՝ «Արար» ամսագրի հիմնադիր և գլխավոր խմբագիր։ 1997-ից մինչև 2005՝ Երևանի №61 դպրոցի տնօրեն։
1989 թվականից մինչև 2004-ը զբաղվել է անապաստան երեխաների, փախստականների և սահմանափակ հնարավորություններով երեխաների խնդիրներով։
2002 թվականին հիմնել է «Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնը»։ 2011-ն՝ ադրբեջանցի, հայաստանցի և վրացի ակտիվիստների հետ միասին, նախաձեռնել է «Թեքալիի գործընթացը»՝ խաղաղարար նախաձեռնություն վրացական համանուն գյուղում, որը գտնվում է երեք հարավկովկասյան երկրների սահմանին։ Թեքալիում հասարակական ուղիղ բանակցությունների համար պարբերաբար հավաքվում էին Հայաստանի և Ադրբեջանի սահմանամերձ գյուղերի բնակիչները, քաղաքական և հանրային գործիչներ։
Ադրբեջանական ֆիլմերի փառատոնին հաջորդած ազգայնական արշավից հետո ստիպված փակել է Կենտրոնը և լքել Երևանը՝ տեղափոխվելով Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Ծաղկավան գյուղ։
2020 թվականի 44-օրյա պատերազմից երկու շաբաթ առաջ Վանյանը ադրբեջանցի գործընկերոջ՝ Զարդուշտ Ալիզադեի հետ, հրապարակել է «Ընկերների հայտարարությունը», որում խոսվում էր լայնամասշտաբ ռազմական էսկալացիայի վտանգի և խաղաղարար գործողությունների դեմոնիզացման մասին։ Պատերազմի օրերին և հետպատերազմական շրջանում հրապարակավ հանդես է եկել ուղիղ՝ չմիջնորդավորված բանակցություններ անհապաղ սկսելու, սահմանները Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիների ազատ տեղաշարժի համար բացելու օգտին։ Գրեթե մշտապես թիրախավորված էր պատերազմի քաղաքականությունը և հաշտության առկախումը խիստ քննադատելու համար։