Քանի՞ հոգի էր Հայաստանում կոչ անում իշխանությանը դադարեցնել պատերազմը անցյալ տարի: Մինչ այդ քանի՞ քաղաքական ակցիա, ակտիվիզմ, հասարակական խմբավորում, շարժում կար Հայաստանում և սփյուռքում, որ հարցադրում էր Ղարաբաղի կոնֆլիկտը և դրա վերաբերմամբ Հայաստանի իշխանությունների մաքսիմալիզմը:
Կարելի է ասել, որ ոչ մի: Նոյեմբերի սկզբին սպասվում էին քաղաքական համաձայնագրերի ստորագրում Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի ղեկավարների միջև: Դրանք տեղի չունեցան: Քանի՞ հոգի է պահանջում Հայաստանի վարչապետից ստորագրել խաղաղության համաձայնագիր: Հաստատապես՝ ոչ ոք: Խոսքը, իհարկե, վերաբերում է հանրային տեսանելի հատվածին՝ մեդիառեսուրսներ կամ քաղաքական մեծ ու փոքր հավակնություններ ունեցող խմբերին ու անհատներին:
Ինչո՞ւ: Դրա համար փող չեն տալիս, ավելին՝ կարող են մի հոդված կարել, նստցնել:
Սովետական Միության փլուզումը միանշանակ ողջունում է ողջ հետսովետական միջին խավը և նրան սատարող մտավորականությունը: Հասարակության մնացյալ շերտերը չէին ողջունում այդ փլուզումը և ունեին սովետական կարոտ: Սովետական Միությունը սոցիալաիստական չէր, այլ ինդուստրիալ: Մարդիկ ունեին աշխատանք, հանգստի, առողջապահության իրավունք, ավելին՝ գործարաններից բան գողանալու հնարավորություն: Պոստսովետ մտավորականությունը հայտարարում է, որ սովետներում չուներ ազատ ստեղծագործելու հնարավորություն: Ոչ ոք, իհարկե, չի հարցնում, թե ի՞նչ ստեղծագործեց այդ մտավորականությունը Սովետի փլուզումից հետո:
Հասկանալի չէ, թե նացիոնալիստներն ինչու էին դժգոհ, երբ Սովետմիությունը Անդրկովկասում բուծում էր նացիոնալիստ քաղաքականություն: Ի տարբերություն սովետական նացիոնալիզմի, պոսսովետական նացիոնալիզմը ուղղվեց ոչ միայն Թուրքիայի և Իրանի դեմ, որպիսին իր առաքելությունն էր, այլ այն ուղղվեց հենց Անդրկովկասի և Ռուսաստանի դեմ: Ղարաբաղի հարցը դրա կարևոր դրսևորումներից մեկն էր: Շարժման մասնակիցները ուրախանում են, որ Ղարաբաղի հարցը քանդեց սովետական կայսրությունը: Իհարկե, սա մի քիչ չափազանցված հայտարարություն է: Այն չուներ Աֆղանստանի կամ Պաղեստինի նշանակությունը, բայց կոնֆլիկտ էր գոյացրած փլուզվող կայսրության սահմաններից մեկում:
Ղարաբաղյան շարժումը արևմտյան պրոեկտ է, այն իսկապես ստեղծվել է արագացնելու սովետական կոլապսը: Հետագայում այդ հարցի չլուծումը տարածաշրջանը ապակայունացնելու, ռեգիոնալ տերությունների ազդեցությունը թուլացնելու նպատակ է միայն հետապնդել: Հարցի լուծման հնարավոր բոլոր պահերին Հայաստանում տեղի է ունեցել հեղաշրջում: Առաջինը տեղի ունեցավ 1998 թվին իբրև պալատական հեղաշրջում, երկրորդը՝ 2018 թվականին որպես համաժողովրդական հեղափոխություն: Առաջին հեղաշրջման արդյունքում իշխանության եկած ոչ լեգիտիմ բանդան ընտրեց արտաքուստ բանակցությունները ընդունելու, ներքուստ՝ մերժելու մարտավարությունը: Երկրորդը՝ որպես ժողովրդի ընտրյալ գնաց բացահայտ մերժման և բանակցությունները սեփական կետից սկսելու ճանապարհով: Այդ ընթացքում մի քանի եվրոպական լիդերների այցեր եղան Հայաստան՝ Թրյուդո, Մերկել, Մակրոն ամուսիններ: Նիկոլի և Աննայի հետ նրանք երգեցին, պարեցին, նասկիներով փոխանակվեցին: Այլ խոսքով, շքեղ պատկերներն էին՝ դեմոկրատական ղեկավարին նրանք վերցրին իրենց շրջանակներ՝ let’s do pachik:
Հավանաբար, այս մտերմիկ զրույցների ժամանակ էլ նրանք Նիկոլի կուսական ականջներին շշնջացել էին գոռալ՝ Արցախը Հայաստան է և վերջ: Եւ նա հավատացել էր: Դրա համար էլ պատերազմի ժամանակ նա գոռում էր, ճչում Եվրոպային օգնություն կանչում, մարգարեանում, տեսիլներ գուժում վաղը Եվրոպայի կործանման մասին: Իհարկե, նրան շարունակությունը չէին ասել, որ պատերազմի ժամանակ, սովորաբար, անգլիական նավերը չեն բարձրանում հայկական լեռները:
Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, Ադրբեջանը համաձայնել են ստեղծել միավորում: Վրաստանը մերժել է, որովհետև արևմտյան հպատակությունն է ընդունել՝ դրա դիմաց ստանալով պատերազմ, պարտքեր, քայքայված տնտեսություն և վրացական բուրժուազիայի համար մուտքի արտոնություն Եվրոպա: Հայաստանը համառորեն դիմադրում է սրան: Ո՞րն է հույսը, որ նավերը, այնումենայնիվ, կգա՞ն: Վերին խավը այսքան միամիտ չէ, նավերը կգան, բայց միայն նրանց տանելու համար: Տնտեսական այս հավանական բևեռը ունի երկու ուրիշ՝ շատ ավելի կարևոր գործընկերներ՝ Չինաստանը և Հնդկաստանը: Չինաստանը՝ աշխարհում երկրորդ տնտեսությունը, այս տանդեմի լիդերի դերին է հավակնում: Այս կոնտեքստում լարված են ամերիկա-չինական հարաբերությունները, սա անհնար է չտեսնելը: 1979 թվականի Իրանի հեղափոխությունը և տասը տարի հետո սովետական միության փլուզումը հանգեցրին միակենտրոն նեոլիբերալ կապիտալիզմի իշխանությանը: Վերևում նշված երկրները նույնպես նեոլիբերալ կապիտալիստական են, բայց հավակնում են ստեղծել պոլիցենտրիկ աշխարհ:
Պոլիցենտրիզմը՝ իշխանության բեկումը, ավելի լավ է, քան մոնոցենտրիզմը: Սրանում աղի մուկ դառնալու հայաստանյան իշխանության և հայկական կապիտալի հանձնառությունը արդյո՞ք արդարացված է: Այս ուժերը ունեն բենեֆիտներ սրանից, դրանով էլ երևի արդարացնում են իրենց գործունեությունը՝ մի քանի հազար ավել, մի քանի հազար մարդ պակաս սպանելը նրանց քաղաքական թվաբանություն մեջ թիվ չէ:
Քաղաքական քարտեզը չափազանց բարդ դասավորումներ ունի Միջին Արևելքում: Տասնամյակներ ի վեր նավթային կապիտալը ստեղծել է քաոս՝ դառնալով շատ պատերազմների, կոտորածների, ցեղասպանությունների պատճառ: Ղրաբաղյան հարցը նավթային պատերազմ չէ, բայց այն տարածաշրջանը եռման մեջ պահող կոնֆլիկտներից մեկն է: Թվերը խոսում են նրա մասին, որ ռուսական կապիտալն առաջին տեղում է Հայաստանի տնտեսության մեջ, ամերիկյանը նրան զիջում է չնչին չափով: Սակայն բարեգործական կազմակերպությունները, հիմնադրամները, հասարակական կազմակերպությունները նույնպես կապիտալ են, որոնք որ արևմտյան դոնորներ ունեն:
Արևմտյան լիբերալ նարատիվ է Արևմուտքի քննադատության բացակայությունը, ինչպես նաև հակառուսականությունը, իրանաֆոբիան, թրքատյացությունը, ադրբեջանատյացությունը, իսլամաֆոբիան, հայաֆոբիան և այլն: Պետության և ընտանիքի սերտաճման պայմաններում ստեղծվել է չափազանց ուղղահայաց և գերիշխող համակարգ, որն իր գաղափարներն է պարտադրում: Դրանք վախ են տարածում, բայց մեծամասմաբ խորապես իլյուզիանիստական են: Քաղաքական մեքենան, նախագահները, վարչապետները, ոստիկանները, դատարաններն ու մտավորականները համոզիչ են խաղում մտահոգվածի իրենց դերը: Դա կեղծ է և սուտ, բայց համ էլ դիմակայելը դժվար է: Բայց պետք է, պետք է ուրիշ քաղաքականություն ունենալ՝ տակից, կողքից, որտեղ ամեն մեկը կսպանի իր ներսի պետությունը, ոստիկանին ու դասատուին՝ փորձելով դեմ կանգնել բանակին, պատերազմին, կապիտալի քաղաքականություններին…
Գայանե Այվազյան
հրապարակվել է ֆեյսբուքի էջում