Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 31-ին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը` տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման համար գործնական խնդիրների լուծման վրա շեշտադրմամբ: Վերահաստատվել է 2020 թ. նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի եւ 2021 թ. նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթների հետևողական կատարման կարևորությունը», – ասված է Կրեմլի հաղորդագրության մեջ։
Հայաստանի վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝
Փաշինյանը Պուտինին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում «ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումից հետո ստեղծված իրավիճակը և ցավով արձանագրել, որ իրադրությունը ոչ միայն չի կարգավորվել, այլեւ որոշ տվյալների համաձայն՝ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր են ադրբեջանական ստորաբաժանումների նոր սադրանքներ»:
Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի գյուղերի բնակիչներին՝ բարձրախոսներով արվող հայտարարություններով ահաբեկելու, հոգեբանական ճնշումներ գործադրելու Ադրբեջանի գործելակերպի վերաբերյալ և ընդգծել՝ «խաղաղապահների ներկայությամբ ադրբեջանական ստորաբաժանումների այս գործողությունները եւ ներխուժումը Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի հարցեր է առաջացնում»։ ՌԴ նախագահին նա շնորհակալություն է հայտնել այդ իրավիճակի հետաքննություն անցկացնելու հարցին դրական վերաբերմունք ցուցաբերելու համար։
Փաշինյանը Պուտինին է ներկայացրել հայկական կողմի ակնկալիքը, որ խաղաղապահ զորախումբը միջոցներ կձեռնարկի ադրբեջանական ներխուժած ստորաբաժանումները ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտուց դուրս բերելու համար:
Հիշեցնենք՝ մարտի 24-ի օրվա երկրորդ կեսին հաղորդվեց, որ Ադրբեջանի զինուժը Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել է շփման գիծը: Փառուխին հարևան Խրամորթ գյուղի կանայք և երեխաները տարհանվել են: Առավոտյան ԱԳՆ-ն հայտարարեց, որ «երեկ մեկնարկած ադրբեջանական ներխուժումը շարունակվում է»․ Ադրբեջանական ստորաբաժանումները գիշերը կրակ են բացել ՊԲ հենակետերի ուղղությամբ: Ղարաբաղի ՊՆ-ից հաղորդմամբ՝ ադրբեջանական կողմը, հրաձգային զինատեսակներից բացի, կիրառել է նաև հարվածային ԱԹՍ։ Պաշտոնական Երևանն ու Ստեփանակերտն ակնկալում են, որ ռուս խաղաղապահներն Արցախում միջոցներ կձեռնարկեն՝ «Ադրբեջանի ԶՈՒ ներխուժած ստորաբաժանումների անհապաղ դուրս բերումը ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտուց ապահովելու համար»։
Մարտի 25-ին Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը հաղորդել էր ադրբեջանական կողմից հրադադարի խախտումների հետևանքով զոհված երկու պայմանագրային զինծառայողների մասին։ Ավելի ուշ կառույցը հայտարարեց, որ Bayraktar TB-2 ԱԹՍ-երի կիրառման հետևանքով մահացել են ՊԲ պայմանագրային զինծառայողներ Դավիթ Ռոբերտի Միրզոյանը (ծնվ. 1978թ.), Իշխան Սերժիկի Օհանյանը (ծնվ. 1994թ.) և Արարատ Վագիֆի Թևոսյանը (ծնվ. 1990թ.):
Ղարաբաղի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն էլ հաղորդեց 14 վիրավորների մասին, որոնցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր էր։ Պաշտոնյան ընդգծեց նաև, որ վիրավորման գրեթե բոլոր դեպքերը արձանագրվել են Ադրբեջանի զինուժերի կողմից ԱԹՍ-երի կիրառման հետևանքով։
Մարտի 26-ին Ռուսաստանի ՊՆ-ն արբեջանական զինուժերին մեղադրեց հրադադարի խախտման մեջ, ինչը Բաքուն միակողմանի որակեց։ Մարտի 27-ին Մոսկվան կրկին մեղադրեց Բաքվին հրադադարի ռեժիմը 2 անգամ խախտելու մեջ՝ նշելով, որ ադրբեջանական զորքերը հետ են քաշվել Փառուխ գյուղից և որ էսկալացիայի հետևանքով երկու կողմից կա երկուական վիրավոր։ Բաքուն հերքեց հաղորդագրությունը՝ պնդելով, որ ադրբեջանական զորքերի տեղաշարժ չի եղել։