2016 թվականին ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» խմբավորման 7 անդամները մայիսի 28-ի առավոտյան բերման են ենթարկվել և տեղափոխվել կալանավայր։
Առաջին ատյանի դատավճիռը Սասնա ծռերի փաստաբանները բողոքարել էին Վճռաբեկ դատարանում։ Չնայած Վճռաբեկից պատասխան դեռևս չկա՝ խմբի անդամները տեղափոխվել են կալանավայր։ Բարձրագույն դատական խորհրդից (ԲԴԽ) պարզաբանում են՝ մայիսի 26-ին ուժի մեջ է մտել նախորդ տարվա փետրվարին դատարանի կայացրած վճիռը, որով խմբի անդամները դատապարտվել են 6-8 տարվա ազատազրկման։ Պատժի չկրած մասերը կրելու նպատակով նրանք այժմ տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկներ։
Նրանք մեղադրվում են ապօրինի զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, հափշտակելու, պատանդ վերցնելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելու համար:
Նրանցից ոչ մեկը մեղադրանքը չի ընդունում․ «Սասնա ծռերը» պնդում են, որ իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում բռնազավթված էր, իշխանափոխության բոլոր ընթացակարգերը և մասնավորապես ընտրությունների ինստիտուտը չէին գործում, 2016 թվականին ՊՊԾ գունդը գրավելով՝ իրենք իրացրել են ապստամբելու իրավունքը։ Դատարանն այս հանգամանքը հաշվի չի առնում։
Մայիսի 28-ին կալանավայր են տարվել Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Գագիկ Եղիազարյանը, Արեգ Կյուրեղյանը, Մխիթար Ավետիսյանը, Սեդրակ Նազարյանն ու Էդվարդ Գրիգորյանը․ 2018 թվականի հեղափոխությունից հետո նրանք ազատ էին արձակվել, բայց շարունակում էին գործով որպես մեղադրյալներ անցնել։ Դատարանը նրանց նկատմամբ 6-ից 8 տարվա ազատազրկում է կիրառել։
«Սասնա ծռերից» երկուսը՝ ոստիկաններ Արթուր Վանոյանի և Յուրի Տեփանոսյանի սպանության համար մեղադրվող Սմբատ Բարսեղյանը և ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության համար մեղադրվող Արմեն Բիլյանը դատապարտվել էին 25 տարվա ազատազրկման։ 2016 թվականից ի վեր նրանք բանտում են։ Բարսեղյանի և Բիլյանի փաստաբանները պնդում են, որ անցած տարիների ընթացքում սպանության գործով պատշաճ քննություն չի իրականացրել․ զոհված երեք ոստիկաններից երկուսի մահվան հետ «Սասնա ծռերը», ըստ նրա, կապ չունեն, կան վկայություններ, որ Արթուր Վանոյանը և Յուրի Տեփանոսյանը սպանվել են հե՛նց ուժայինների կողմից։ Ինչ վերաբերում է ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանությանը, փաստաբանը նշում է, որ ՊՊԾ գնդում նա վիրավորվել է թևից և իր ոտքով տեղափոխվել է հիվանդանոց, մահացել է հիվանդանոցում՝ ՊՊԾ գնդի գրավումից երեք շաբաթ անց։ Նրա մահվան հանգամանքները ևս պատշաճորեն չեն քննվել։
Զոհված ոստիկանների հարազատներից ոմանք բողոքում են՝ պահանջելով ապստամբների նկատմամբ ավելի խիստ պատժամիջոցներ։ Ոմանք լռում են։ Իսկ սպանված ոստիկան Յուրի Տեփանոսյանի հայրը համակարծիք է Ծռերի հետ․ նա պնդում էր, որ իր որդուն սպանել են ոչ թե ապստամբները, այլ ոստիկանները։
Տե՛ս նաև․
«Սասնա ծռերը» պետք է արդարացվեն․ հարցազրույց
25 տարով դատապարտված «Սասնա ծուռը» մեղադրում է Ժիրայր Սեֆիլյանին․ Արմեն Բիլյանը բաց նամակը
Սիգարետները թողեք. Լրագրողները շփվեցին «Սասնա ծռերի» հետ