Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի գործով հերթական դատական նիստը։
Հիշեցնենք՝ իրավապաշտպանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը։ Հայաստանում ապրող եզդիների իրավունքների խախտումների մասին նրա (Իրաքում գործող yezidinews.com կայքին 2020թ․-ի մայիսին տված) հարցազրույցը որակվել է որպես ազգային թշնամանքի հարուցում։
Շուրջ 8 ամիս շարունակվող դատաքննության ընթացքում մեղադրող դատախազը դեռևս չի ներկայացրել որևէ ապացույց, որ Սաշիկ Սուլթանյանը, եզդի փոքրամասնության նկատմամբ Հայաստանի Հանրապետությունում առկա խտրականության մասին խոսելով, հարուցել է ազգամիջյան թշնամանք։
Այսօրվա նիստին հարցաքննվում էին գործով վկաներ, մասնավորապես՝ Շամիրամ գյուղի համայնքապետ Մրազ Բրոյանը և (եզդիերենի) թարգմանիչ Հասան Թամոյանը։ Պաշտպանող կողմի այն հարցին, թե վկաները արդյոք տեղյա՞կ են կամ որևէ մեկն իրենց ասե՞լ է, որ այդ հարցազրույցի պատճառով լարվածություն է ստեղծվել հայերի և եզդիների միջև, որը վերաճել է բռնության, երկու վկաներն էլ պատասխանեցին՝ ոչ։
Եզդիական գյուղի համայնքապետ
Դատախազը բազմաթիվ հարցեր ուղղեց Շամիրամի համայնքապետ Մրազ Բրոյանին՝ եզդիական գյուղում առկա խնդիրների ու ազգային խտրականության մասին։ Բրոյանը նշեց գազաֆիկացման բացակայությունը՝ ասելով, որ «մնացած ամեն ինչ տեղը տեղին ա»։
Դատախազը մեջբերելով Սուլթանյանի հարցազրույցից մի հատված՝ հարցրեց Բրոյանի տեսակետը՝ Ղարաբաղյան ազատագրական շարժման շովունիստական լինելու և վերջինիս նպատակի մասին, այն է՝ որ հայերը միայն Հայաստանում ապրեն։
«Մի ժամանակ կար․․․ 89-90 թվերին․․․ Միսը առանց ոսկորի չի լինում։ Կային տարրեր, ասում էին։ Բայց նրանք ոչ որակ էին կազմում, ոչ քանակ», – պատասխանեց համայնքապետը։ Պաշտպանող կողմը հիշեցրեց, որ Սաշիկ Սուլթանյանը իր հարցազրույցում մոտավորապես նույն բանն է ասել․ «կային մարդիկ, որոնք 90-ականների սկզբին ասում էին, որ մենք պետք է առանձնանանք կամ մենք պետք է հայերի հետ չապրենք»։
Բրոյանը պարբերաբար պնդում էր, որ Սաշիկ սուլթանյանի գործը «սարքել են ընդդիմադիրները», որպեսզի Նիկոլ Փաշինյանին «վարչապետի աթոռից գցեն»։ Սուլթանյանն էլ «կիսագողական է մտել» և չի բացահայտում այն մարդկանց անունները, ովքեր ստիպել են իրեն հարցազրույց տալ և խոստացել վարչապետի կամ նախարարի պաշտոն։
«Եզդին կարո՞ղ ա Հայաստանում վարչապետ դառնալ․․․ Եթե Ազգային ժողովն ա նշանակում վարճապետին, եթե ԱԺ-ի մեծամասնությունը լինեն եզդիներ․․․ Դրա համար մենք քիչ ենք, չենք կարողանում վարչապետ դառնալ», – իր ենթադրությունները պարզաբանեց Բրոյանը։
Թարգմանիչ
«Խելացի, աշխատող, նախաձեռնող երիտասարդ, որևէ խնդիր չեմ տեսնում», – այսպես նկարագրեց եզդիերենի թարգմանիչ Հասան Թամոյանը Սաշիկ Սուլթանյանին, ում ճանաչում է մոտ 10 տարի։
Սաշիկ Սուլթանյանն ու պաշտպանող կողմը հարցազրույցի հայերեն թարգմանությունից առանձնացրել էին մի քանի արտահայտություններ ու բառեր, որոնք եզդիերենից հայերեն թարգմանելիս, ըստ վերջիններիս, խստացրել են միտքը։
— «Այդ ժամանակ նրանք շատ եզդիների գնդակահարեցին» (հատված հարց․-ից)։
Սուլթանյանը պնդում է, որ նա օգտագործել է եզդիերեն համարժեք բառը կրակել իմաստով, այլ ոչ թե գնդակահարել։ Սակայն, թարգմանիչը հակադարձեց՝ ասելով, որ այդ բառն ունի երկու արմատ, որոնցից մեկը «գնդակ»-ն է և կրակել իմաստով այն օգտագործելը սխալ է։ Սուլթանյանը ընդգծեց, որ թարգմանության մեկ այլ հատվածում այդ նույն բառը թարգմանվել է որպես կրակել։
— «Ջեֆֆա» եզդիերեն բառը թարգմանվել է որպես չարչարել։
Թարգմանիչը համաձայնեց Սուլթանյանի հետ, որ «Ջեֆֆա» բառը կարող է թարգմանվել նաև որպես նեղություն/դժվարություն տալ։
— «Եզդիների համար Հայաստանում շովունիստական շարժում սկսվեց» (հատված հարց․-ից)։
Սուլթանյանը պնդեց, որ «եզդիների համար» բառակապակցությունն ավելացվել է կոնտեքստը լրացնելու համար և նա նման բան չի ասել։ Հարցազրույցը լսելուց հետո՝ թարգմանիչը համաձայնեց, որ ինքն է ավելացրել այդ բառակապակցությունը։
Հասան Թամոյանը հայտնեց, որ մինչև իրեն ներգրավելը, երկրորդ թարգմանիչ էլ է եղել նախաքննության ժամանակ և իրեն ներկայացրել են, որ հարցազրույցն արդեն թարգմանված է։ Պաշտպանող կողմը տեղյակ չէր սրա մասին։
Մեղադրող կողմը որոշեց պարզաբանել, – «Հաղորդմանը կից ներկայացվել է նաև նշված հարցազրույցի հայերեն թարգմանությունը։ Դրա կապակցությամբ նախապատրաստվել են նյութեր և հարուցվել է քրեական գործ։ Այսինքն քրգործի հարուցման փուլում առկա է եղել նշված հարցազրույցի հայերեն թարգմանությունը՝ թարգմանված տարբերակը ներկայացված հաղորդում տվող անձի [Նարեկ Մալյանի] կողմից»։
Հիշեցնենք, որ նախորդ նիստը ավարտվել էր դեռ չկայացած։ Հետազոտվող ապացույցները ներառում են նաև եզդիերենով խոսակցություններ, իսկ դատական դեպարտամենտի միակ եզդիերենի թարգմանիչը՝ Հասան Թամոյանը, այս գործով վկա է։ Պաշտպանների առաջարկով ապացույցների հետազոտման կարգը փոխվեց․ մինչ թարգմանիչ ներգրավելն ու ձայնագրությունները վերծանելը՝ դատարանը հարցաքննելու է վկաներին։
Ավելի վաղ տեղի ունեցած նիստին մեղադրող դատախազը հրապարակում էր ապացույցները, որոնք հաջողվել է «գտնել» ամիսներ տևած գաղտնալսումների և այլ «օպերատիվ» գործողությունների ընթացքում։ Դրանք էին, օրինակ՝ A4 ֆորմատի թուղթ, որի վրա նկարված շրջանակի մեջ ձեռագիր գրված է «խտրականություն», եզդիական կենտրոնի լրատվական կայքի խմբագիր Մուրազ Շամոյանի գրառումները, օրինակ, Ֆերիկի եզդիական համայնքին պատկանող հողամասերի ապօրինի օտարման մասին․․․
Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ ապօրինի քրեական հետապնդումը դատապարտել են ինչպես հայաստանյան իրավապաշտպան կառույցներն ու քաղհասարակության այլ ներկայացուցիչներ, այնպես էլ միջազգային իրավապաշտպան հեղինակավոր կազմակերպություններ։ ԱՄՆ պետքարտուղարությունն իր կրոնական ազատությունների մասին 2021թ․-ի զեկույցում նույնպես անդրադարձել է Սաշիկ Սուլթանյանի գործին։
2020 թ. հոկտեմբերի 3-ին ՀՀ նախկին ոստիկանապետի նախկին խորհրդական Նարեկ Մալյանի հաղորդման հիման վրա Ազգային անվտանգության ծառայությունն ազգամիջյան թշնամանքի հարուցման հատկանիշներով քրեական հետապնդում սկսեց իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ։
Սուլթանյանի և նրա գործընկերների հեռախոսազրույցների գաղտնալսումը, գրասենյակի և բնակարանների խուզարկությունները, ողջ գիշեր տևող հարցաքննությունները, ունեզրկումների զոհ հանդիսացող անձանցից ցուցմունքների կորզումը և լեզվահոգեբանական փորձաքննությունը մեղադրող կողմին Սուլթանյանի դեմ որևէ լուրջ ապացույց չտրամադրեցին: