Home / Դատարան / Դատախազությունն անտեսում է ատելության շարժառիթը․ մարդուն սպանել են ու վառել

Դատախազությունն անտեսում է ատելության շարժառիթը․ մարդուն սպանել են ու վառել

Անցած տարվա օգոստոսին Երևանի կենտրոնում գտնվող իր բնակարանում սպանել և այրել են 28-ամյա Ադրիանային։ Ադրիանան տրանսգենդեր կին էր, սպանությունը, ըստ պաշտպանների, կատարվել է ատելության շարժառիթով։

Մեղադրյալը՝ Ադրիանայի համագյուղացի 26-ամյա Է․ Ենոքյանը, օգոստոսից կալանավորված է։

Ապրիլի 22-ին տեղի է ունեցել գործով երրորդ դատական նիստը։ Երեք վկաների են հարցաքննել. ծանոթ, ընկեր, հարևան։ Նիստը, նախորդի համեմատ, ավելի հանգիստ է անցել․ ամբաստանյալի բարեկամներն ու աջակիցներն այս անգամ զուսպ էին։

Տուժողի իրավահաջորդի՝ Ադրիանայի մոր ներկայացուցիչ, փաստաբան Արա Ղարագյոզյանը Epress.am-ի հետ զրույցում նշել է՝ Դատախազությունը ատելության շարժառիթը արդյունավետորեն չի քննել, ինչի արդյունքում գործին վերաբերող որոշ դրվագներ դուրս են մնացել դատավարության պրոցեսից։

«Նախաքննության առաջին իսկ պահից բարձրաձայնել եմ, որ ատելության շարժառիթով է դեպքը տեղի ունեցել։ Ադրիանայի հիշատակին նվիրված մոմավառության ժամանակ էլ մասնակիցների վրա հարձակում եղավ։ ․․․Սպանությունից մի քանի ամիս առաջ Ադրիանան բռնության է ենթարկվել, սակայն այդ մասով էլ որևէ քննություն չի իրականացվել։ Այսինքն՝ ատելության շարժառիթը գործից դուրս է եկել», – ասել է մասնագետը։

Փաստաբանը բողոք է ներկայացրել առաջին ատյանի դատարան։ Այն վարույթ չի ընդունել։ Ավելի ուշ վերաքննիչ դատարանը բեկանել է այդ որոշումը և պարտավորեցրել առաջին ատյանի դատարանին քննել նաև ատելության շարժառիթը։ Ըստ Ղարագյոզյանի, վերաքննիչ դատարանի կողմից իրավունքի խախտման ճանաչումը շատ կարևոր է, քանի որ ատելության հիմքով գործերը պետության կողմից երբեք պատշաճ չեն քննվում և ուղարկվում են դատարան ամենամեղմ հոդվածներով՝ առանց հստակ պատճառաբանությունների։

Սպանության գործով առաջին դատական նիստին մեղադրյալը դահլիճ էր մտել քմծիծաղը դեմքին։ Դահլիճում հավաքված նրա հարազատները հարձակվել էին սպանված տրանսգենդեր կնոջ եղբոր վրա։ Նիստից հետո վիճաբանություն էր ծագել նաև ամբաստանյալի պաշտպանի և տուժողի իրավահաջորդների միջև, Ենոքյանի փաստաբանը վիրավորել էր Ադրիանայի մորը։

տե՛ս Ինչի են վերածել իր տանը սպանված և այրված Ադրիանայի դատավարությունը

Երկրորդ նիստը տեղի է ունեցել մարտի 1-ին։ Արձագանքելով դատավարության ընթացքին՝ դրան մասնակցելու էին եկել դեսպանատների ներկայացուցիչներ, իրավապաշտպան կազմակերպությունների անդամներ։

Փաստաբանը նշել է, որ դրանից հետո դատական նիստերը ընթացել են առանց միջադեպերի։