նրանք կլքեն նաև Սյունիքը
Լեռնային Ղարաբաղից դուրս եկող ռուս խաղաղապահների մեքենաների շարասյունը, հատելով Լաչինի միջանցքը, այսօր շարժվել է դեպի Գորիս։ Ռուսական «Ուրալ»-ներին ու «ԿամԱԶ»-ներին ուղեկցել է Հայաստանի ռազմական ոստիկանության մեքենան։
Նախորդող օրերին ադրբեջանական մամուլում տեսանյութեր էին հայտնվել, որտեղ ռուսական զորախումբը Ղարաբաղից դուրս էր գալիս Ադրբեջանով․ տանկերն ու զրահամեքենաները շարժվում էին դեպի Գյանջա։
Շրջափակված Լաչինով Հայաստան մտած բեռնատարները, ըստ հայկական կողմի, ուղևորվել են ռուսների ժամանակավոր տեղակայման վայրեր՝ Սիսիան ու Գորիս․ առաջիկայում խաղաղապահները դուրս են բերվելու ոչ միայն Ղարաբաղից, այլև Հայաստանի Սյունիքի մարզից։
«Լեռնային Ղարաբաղում տեղակայվելու և խաղաղապահ գործունեություն ծավալելու համար Ռուսաստանի խաղաղապահ զորախմբին Հայաստանի կառավարության կողմից ժամանակավոր տեղակայման վայրեր էին հատկացվել Գորիսում և Սիսիանում: Տեղանքը ընտրվել էր այդ թվում Լաչինի միջանցքի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակադրմամբ: Քանի որ Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը լքում է Լեռնային Ղարաբաղը, հասկանալիորեն չի կարող մնալ նաև Հայաստանի Հանրապետությունում», – պետական «Արմենպրես» գործակալության հետ զրույցում ասել է Արմեն Գրիգորյանը՝ հավելելով․
«ԼՂ խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ և ավտոշարասյուն ուղևորվել են Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար»։
Ապրիլի 17-ին Ադրբեջանի նախագահի օգնականը հայտնել էր, որ Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարությունը Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի վաղաժամկետ դուրսբերման որոշում է կայացրել։ Տեղեկությունը հաստատել էին նաև Կրեմլից։
տե՛ս Աղուհաց, սիգարետը՝ 35000, խուճապ․ հայերի «պաշտպանները» հեռացան Ղարաբաղից
Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղ էին եկել 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո։ Նոյեմբերի 9-ի (արդեն փաստացի չգործող) հայտարարության համաձայն՝ նրանք (այն ժամանակ դեռ հայաբնակ) Ղարաբաղում էին տեղակայվել 5 տարի ժամկետով։ 2023 թվականի մեկօրյա պատերազմից և Ղարաբաղի ամբողջական հայաթափումից հետո խաղաղապահների դուրսբերման շուրջ քննարկումներն ինտենսիվացել էին։ Զտված Ղարաբաղում, որը փաստացի անմարդաբնակ է դարձել, ո՞ւմ էին «պաշտպանելու» ռուսական զորքերը։
Ռուս սահմանապահները կհանվեն Տավուշից
Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներից բացի՝ ռուսական ներկայությունը կրճատվելու է նաև Հայաստանի տարածքում։
Անցած շաբաթ մեկնարկել է հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացման գործընթացը, երկկողմ բանակցությունների արդյունքում կողմերը պայմանավորվել են գործընթացը սկսել Տավուշից։ Հայաստանը հետ է քաշվելու սահմանային 4 ադրբեջանական գյուղերից։
տե՛ս Ի՞նչ է լինելու, եթե սահմանազատման պայմանավորվածությունը կյանքի կոչվի
Ջողազի ջրամբարից հյուսիս գտնվող հատվածը, որը խորհրդային Հայաստանի մաս է կազմել, առժամանակ մնալու է Ադրբեջանի վերահսկողության ներքո (այնտեղով ադրբեջանական միջհամայնքային ճանապարհն է անցնում)։ Փոխարենը Հայաստանը շարունակելու է հսկել Ոսկեպարին և Բերքաբերին հարող հողակտորները, որոնք ժամանակին խորհրդային Ադրբեջանի մաս են կազմել (այնտեղով անցնում է հայկական միջպետական մայրուղին)։
Երկկողմ հայտարարության հրապարակումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է՝
Ռուս սահմանապահները առաջիկայում դուրս կգան նաև Տավուշից․ սահմանազատված հատվածում կտեղակայվեն հայ և ադրբեջանցի սահմանապահներ։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն, այսօր արձագանքելով Հայաստանի վարչապետի հայտարարությանը, պնդել է, թե նման ազդանշան Երևանից առայժմ չեն ստացել՝ ակնկարկելով, որ Իլհամ Ալիևից հետո Մոսկվայում սպասում են նաև Նիկոլ Փաշինյանին։
Ալիևը գոհ է Պուտինից
Իլհամ Ալիևը Մոսկվա էր ժամանել այսօր։ Պուտինի հետ նրա հանդիպման մասին Կրեմլը տեղեկացրել էր անցած շաբաթավերջին՝ խաղաղապահների դուրսբերման մասին հաղորդումներին զուգահեռ։
Բանակցությունները դռնփակ են եղել։ Նախքան դրանց մեկնարկելը Ալիևը հայտարարել է՝ Ադրբեջանը ուրախ է նրանից, թե ինչպես են Ռուսաստանի մասնակցությամբ լուծվում տարածաշրջանի անվտանգային հարցերը։ «Ռուսաստանը Կովկասում ավելի լայն աշխարհագրությունում տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից հիմնարար երկիր է, և մեր երկրների փոխազդեցությունից շատ բան է կախված», – ասել է Ադրբեջանի առաջնորդը՝ շեշտելով, որ Բաքուն միտված է է՛լ ավելի ամրապնդելու փոխվստահությունն ու համագործակցությունը։
Ի պատասխան Պուտինը խոսել է ռուս-ադրբեջանական տնտեսական համագործակցությունից՝ 4 միլիարդ դոլարի առևտրաշրջանառություն, 6 միլիարդի ռուսական կապիտալ Ադրբեջանում և այլն։ «Կքննարկենք նաև իրավիճակը՝ տարածաշրջանում անվտանգության ապահովման տեսանկյունից, այստեղ հարցերը շատ են, դրանք շատ զգայուն հարցեր են», – հավելել է Ռուսաստանի նախագահը։
Ալիև-Պուտին հանդիպման համար առիթ էր ընտրվել Բայկալ-Ամուրյան երկաթուղային մայրուղու կառուցման 50-ամյա հոբելյանը, թեև դրա բուն հանդիսավոր միջոցառումները նախատեսված են հուլիսին։ Խորհրդային տարիների այս մեգանախագիծը, ինչպես այսօր Պուտինն էր շեշտում, իրականացվել է Իլհամ Ալիևի հոր՝ ԽՍՀՄ փոխվարչապետ Հեյդար Ալիևի անմիջական վերահսկողությամբ։
Զուգահեռաբար հաղորդվել է, որ Ռուսաստանի փոխվարչապետը ժամանակել է Բաքու։ Օվերչուկ-Մուստաֆաև հանդիպման ժամանակ ստորագրվել է 2024-2026 թվականների համար ադրբեջանա-ռուսական համագործակցության առանցքային ուղղությունների զարգացման ճանապարհային քարտեզը։
Քննարկվել է Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի կարևորությունը։ Հյուսիս-Հարավը Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի և Հնդկաստանի համատեղ նախագիծն է, որը նպատակ ունի խթանել և արագացնել ապրանքաշրջանառությունը Եվրասիայում։
տե՛ս Մոսկվայից՝ Հայաստանով, Ադրբեջանով նաև դեպի Հնդկաստան