Home / Հայաստան / ԱՁ եմ՝ ես եմ ինձ տանջում

ԱՁ եմ՝ ես եմ ինձ տանջում

Ժամանակակից գործատուները կրճատում են աշխատողներին՝ պահելով միայն կառավարիչների, իսկ բուն գործը բարդում են սուբ-կոնտրակտորների, առավել հաճախ՝ անհատ ձեռնարկատերերի ինդիվիդուալ աշխատանքի վրա։ Այսպես աշխատավորները ֆրագմենտացվում են և կորցնում միմյանց հետ կոլեկտիվ ինքնություն և սոլիդարություն ձևավորելու, միասին աշխատանքային պայմանները լավացնելու, կոլեկտիվ ստեղծագործելու հնարավորությունները։

Աշխատողներին տրոհելու հնարավորություն են տալիս հավելվածներով կառավորվող ծառայությունները՝ Yandex, GG, Menu, Glovo։ Հայաստանում աշխատանքի ինդիվիդուալացմանը նպաստում են նաև անհատ ձեռնարկատերերին տրվող հարկային արտոնությունները։ Գործատուները սկսել են խրախուսել, կամավոր-պարտադրել աշխատակիցներին ԱՁ-ներ գրանցել՝ ավելի բարձր մաքուր աշխատավարձ տալու դիմաց։

Նրանց հետ կնքելով ոչ թե աշխատանային, այլ ծառայությունների մատուցման պայմանագիր՝ գործատուն խուսափում է բարձր հարկերից և թղթաբանությունից. նա չի վճարում եկամտահարկ (20%), հարկերի մասին հոգում է աշխատողն ինքը՝ վճարելով շրջանառության հարկ (3-5%)։ Աշխատողները հաճախ համաձայնում են փափուկ հարկադրանքին, թեև գիտակցում են, որ ստանալու են աշխատավարձ առանց սոցիալական ապահավության․ չեն ունենալու արտադրական միջոցներ, արձակուրդային, ֆիզարձակուրդի վճար, առողջական ապահովագրության հնարավորություն, կենսաթոշակային կուտակումներ և այլն։

Սննդի առաքիչ Արթուրը Epress.am-ի հետ զրույցում պատմում է, որ Յանդեքս ընդունվելուց իրեն խնդրել են գնալ պետռեգիստր և գրանցել ԱՁ․

«Շատ հարցեր են առաջանում հիմա, որոնք ես չեմ կարող բարձրաձայնել։ Օրինակ, մի անգամ հեռախոսս անհասանելի է եղել, Յանդեքսը զգուշացում է ուղարկել, որը ոնցոր սպառնալիք լինի՝ «եթե այսպես շարունակվի…»։ Ամեն ստից խախտումի համար բլոկավորում են ավելի շատ պատվերներ ստանալու հնարավորությամբ քարտեզը։ Եթե ես աշխատում եմ ամսական 50 հազար դրամ, բլոկի տակ ընկնելուց հետո կաշխատեմ 20 հազար։ Սա աշխատանքային օրենսգրքի խախտում է, բայց մենք չունենք պայմանագիր»։

Արթուրն ասում է, որ նախկինում աշխատել է հյուրանոցում՝ ավելի քիչ եկամտով, բայց ապահովության երաշխիքներով։

ԱՁ-ով աշխատելու պրակտիկան տարածված է ոչ միայն հավելվածներով աշխատողների շրջանում, այլև ՏՏ ոլորտում, սոցիալական մեդիայի բովանդակություն ստեղծողների աշխատաշուկայում։

24-ամյա Նուարան վերջերս է անցել ԱՁ-ով աշխատելուն․ «Երեք տարի աշխատել եմ որպես գրաֆիկ դիզայներ ստուդիաներում։ Շատ բան եմ սովորել կոլեկտիվ աշխատանքում, բայց մի պահ եկավ, երբ հոգնեցի վատ մենեջմենթից։ Աշխատանքային օրը վերջանում էր յոթին, ու նույնիսկ եթե յոթին դուրս էի գալիս, մենեջերները նենց էին նայում, կարծես ինչ-որ բան սխալ էի անում։ Օր ա եղել՝ գիշերել եմ ստուդիայում, որ աշխատանքը դեդլայնին հասցնեմ։ Ոչ միայն բոնուս չեմ ստացել դրա համար, այլև հանդիմանություն՝ հաջորդ օրը հոգնած տեսք ունենալու համար։

Որպես անհատ աշխատելը տալիս է ժամանակդ տնօրինելու ազատություն, բայց իր վատ կողմերն էլ ունի։ Դա ոչ ստաբիլ է, կախված ես պատվերներից։ Էլի շատ եմ աշխատում, ուղղակի ես եմ ինձ տանջում, ոչ թե գործատուն։

Մեկ-մեկ ես կարոտում եմ կոլեկտիվը, ես սիրում եմ ուրիշների հետ ստեղծագործելը, ու նաև գոնե կա թերոպապես հնարավորություն՝ արհմիություն կազմելու»։

Որպես ԱՁ աշխատողները ավելի խոցելի են նաև ճգնաժամային իրավիճակներում։ Պետհիմնարկների և ՏԻՄ աշխատողների արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը Epress.am-ին պատմում է, որ ՊՈԱԿ-ների ոչ հաստիքային աշխատողները, օրինակ՝ մանկապարտեզների վճարովի խմբերի դայակները, Сovid-19 համաճարակի ժամանակ չեն վճարվել հարկադրված պարապուրդի համար։ Նման իրավիճակներից միակ ելքը մնում է դատարանը։

ԱՁ-ով և գրանցված աշխատող լինելու մաքուր աշխատավարձների տարբերությունը շուտով կփոքրանա։ Կառավարության այսօրվա նիստին Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարել է, որ գործունեության հիմնական տեսակների մասով 2025-ի տարեսկզբից բարձրացվելու են շրջհարկի ներկայումս գործող դրույքաչափերը՝ հիմնականում կրկնակի չափով՝ 5 տոկոսից դառնալով 10:

ԱՁ-ով աշխատելն ու սոցիալական ապահովությունից զրկվելը այլևս այնքան էլ ընդունելի չի լինի աշխատողի համար։ Կառավարությունը հույս ունի, որ այս փոփոխությամբ օգնում է աշխատողին գործատուից պահանջել աշխատանքային պայմանագիր։