Home / Ազգային ժողով / Աշխատանքային ժամերի կրճատումը լավ է. արհմիություն

Աշխատանքային ժամերի կրճատումը լավ է. արհմիություն

Հայտարարություն

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան ողջունում և սատարում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերին [որոնցով առաջարկվում է կրճատել աշխատանքային օրը՝ 8 ժամվա փոխարեն 7 ժամ], քանի որ՝

– Աշխատանքային ժամերի կրճատումը կնպաստի աշխատանքի որակի բարձրացմանը, աշխատողների հոգեկան և ֆիզիկական առողջության պահպանմանը  և կյանքի որակի բարելավմանը։ Երբ աշխատողներն ունենան բավարար հանգստի ժամանակ, նրանք կարող են վերականգնել իրենց ուժերը և ավելի արդյունավետ աշխատել իրենց աշխատանքի ժամերին։
– Սա գործուն քայլ է դեպի սոցիալական բաղադրիչը, ինչը սահմանադրական պարտավորություն է, քանի որ Հայասատանի Հանրապետությունը սոցիալական պետություն է։
– Գործատուները պարտավոր են ապահովել արժանապատիվ աշխատանքային միջավայր և կազմակերպել աշխատանքի  այնպիսի բաշխում, որի արդյունքում աշխատողը կարող է արդյունավետ իրականացնել իր գործառույթն ավելի նվազ աշխատանքային ժամերի ընթացքում։
– Ցածր և գնաճի հետ անհամաչափ աշխատավարձերի պայմաններում ամենաշատ արձանագրվող խախտումներից են աշխատողների գերծանրաբեռնվածությունը, փոխարինող աշխատողներ չներառելը։ Անգամ աշխատողի՝ ամենամյա կամ չվճարվող արձակուրդում գտնվելու ժամանակ փոխարինող աշխատողները շատ դեպքերում ստիպված են լինում կատարել կրկնակի աշխատանք և չփոխհատուցվել։
– Ինչ վերաբերում է տոնական և ոչ աշխատանքային օրերի կրճատմանը՝ սա նույնպես աշխատողին ի վնաս գործատուների կրկնակի շահույթ ստանալուն է հանգեցրել, քանի որ այն ոլորտներում, որտեղ աշխատում են անընդմեջ՝ տոնական և ոչ աշխատանքային օրերին, գործատուներն ավելի պակաս են վարձատրում։
– Հետևաբար, այս քաղաքականությունը չի հանգեցրել Հայաստանում ապրող և աշխատող քաղաքացու բարեկեցության բարձրացմանը։ Հակառակը՝ անհավանական գնաճի պայմաններում աշխատավարձերը չեն ինդեքսավորվում և ՀՀ-ում շարունակում է բարձր մնալ աշխատող աղքատների թվաքանակը:

Բացի այդ՝ երկարատև աշխատանքային ժամերը և աշխատանքային ծանրաբեռնվածությունը հանգեցնում են հոգեբանական և ֆիզիկական հոգնածության և լարվածության, որի արդյունքում ավելանում են աշխատավայրերում դժբախտ դեպքերը, այդ թվում՝ մահվան ելքով, և մասնագիտական հիվանդությունները․ մինչդեռ ՀՀ Սահմանադրության 82-րդ հոդվածի համաձայն «Յուրաքանչյուր աշխատող, օրենքին համապատասխան, ունի առողջ, անվտանգ և արժանապատիվ աշխատանքային պայմանների, առավելագույն աշխատաժամանակի սահմանափակման, ամենօրյա և շաբաթական հանգստի, ինչպես նաև ամենամյա վճարովի արձակուրդի իրավունք»:

Ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս նույն աշխատանքն իրականացնել արագ և արդյունավետ։  Սա նշանակում է, որ աշխատելու համար անհրաժեշտ է ավելի քիչ ժամանակ։

Ինչ վերաբերում է ՀՆԱ-ի աճին՝ այն ավելի շատ պայմանավորված է ինտենսիվ միգրացիոն հոսքերով և արդյունավետ քաղաքականությամբ այդ ոլորտում և այլ գործընթացներով, քան տոնական, ոչ աշխատանքային օրերի քանակի կրճատմամբ։

Արհմիությունները սատարում են այս նախագիծը, քանի որ պետության սոցիալական քաղաքականությունը պետք է ուղղված լինի կենսամակարդակի բարձրացմանը, և առաջին հերթին պետք է հաշվի առնվի ՀՀ-ում ապրող և աշխատող քաղաքացու բարեկեցությունը, այլ ոչ միայն բիզնեսի շահը։

Ցանկացած բիզնես և տնտեսություն չի կարող զարգանալ առանց աշխատող մարդու, ի վերջո պետք է ընդունել նաև, որ աշխատողը գործիք չէ և արժանի է արժանապատիվ աշխատանքային պայմանների և կյանքի։

Միայն արժանապատիվ աշխատանքով ապրող և աշխատող քաղաքացիներն են կարող ապահովել պետության անվտանգությունը և կայունությունը, միայն այդ դեպքում է հնարավոր սոցիալական արդարություն։ Այս մոտեցումն այլընտրանք չունի։

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա