Home / Մեդիա / Մեզ պետք է ավելին, քան զուտ AI-ի կարգավորումը

Մեզ պետք է ավելին, քան զուտ AI-ի կարգավորումը

Ինձ բախտ էր վիճակվել մասնակցել Փարիզում կայացած վերջին AI Action Summit-ին, որի քննարկումներից շատերում շեշտվում էր Արհեստական բանականությունը (ԱԲ) սոցիալապես օգտակար ուղղությամբ թեքելու կարիքը։ ԱԲ-ն ակսելերացնելու կոչերը գնալով ավելի բարձր են հնչում Սիլիկոնյան հովտից, իսկ հիմա՝ նաև Միացյալ Նահանգների կառավարությունից։ Դրանց ֆոնին հնարավորությունը՝ կենտրոնանալու նրա վրա, թե ինչ ենք մեք ուզում այս տեխնոլոգիայից, նման էր մի շունչ մաքուր օդի։

Ինչպես նշել եմ իմ ելույթներից մեկում՝ մենք պետք է սկսենք հարցադրումից, թե մարդկային հասարակությունում ի՞նչն է արժեքավոր և արժանի զորեղացման։ Մեզ յուրահատուկ կամ առնվազն էվոլյուցիոն տեսանկյունից հաջողակ է դարձնում մեծ և փոքր խնդիրների համար լուծումներ գտնելու ունակությունը, նոր բաներ փորձելը, այդպիսի ջանքերի մեջ իմաստ գտնելը։ Մենք ի վիճակի ենք ոչ միայն ստեղծել գիտելիք, այլև կիսվել գիտելիքով։ Թեև մարդկային ուղին միշտ չէ հարթ եղել (մեր կարողությունները, մեքենաներն ու գիտելիքները մեզ նաև խորը վնաս են պատճառել), տեղեկատվության մշտական պահանջն ու դրանով արդյունավետ կիսվելը կարևոր են մեր տեսակի համար։

Արդեն ավելի քան 200,000 տարի տեխնոլոգիաները առանցքային են եղել այս պատմության մեջ։ Քարե գործիքների ժամանակներից մինչև ներկան՝ մենք լուծումներ ենք գտել այս մարտահրավերների համար։ Բանավոր պատմություններից և գրերի գյուտից մինչև տպագրվող մամուլ և ինտերնետ՝ մենք մշակել ենք գիտելիքով կիսվելու նոր ու ավելի լավ ձևեր։ Վերջին 200 տարիների ընթացքում գտել ենք նաև փորձարկումների ավելի լավ ու ազատ մեթոդներ և հաղորդակցել ենք նաև այս գիտելիքը։ Գիտական պրոցեսը մեզ հիմնարար փաստեր է տրամադրել՝ հնարավորություն տալով յուրաքանչյուր սերնդին շարունակել պրոգրեսը։

Շատ երկրներում վերջին երկու հարյուրամյակների ընթացքում զգալի աճ է գրանցվել հենց այս հիմքով։ Թեև տնտեսական զարգացումն ահռելի անհավասարություն է ստեղծել տարբեր երկրների միջև և հենց դրանց ներսում, այսօր մարդիկ գրեթե ամենուրեք ավելի առողջ են և բարեկեցիկ, քան կլինեին տասնութերորդ դարում։ Արհեստական բանականությունը կարող է նոր թափ տալ այս միտմանը և լրացնել մարդկային ունակությունները, տաղանդներն ու գիտելիքը, բարելավել որոշումների կայացման, փորձարկումների և օգտակար գիտելիքի կիրառության հմտությունները։

Կարելի է հարցադրել՝ արդյոք ԱԲ-ն մեզ պետք է հենց այս նպատակով։ Մենք արդեն իսկ ապրում ենք ինֆորմացիայի առատության դարում․ ինչ ուզես և շա՜տ բան, որ չես էլ ուզում, տեխնիկապես հասանելի է համացանցի միջոցով։ Բայց օգտակար ինֆորմացիան շատ չէ։ Հաջողություն եմ մաղթում բոլոր նրանց, ովքեր փորձում են կարճ ժամանակում գտնել այն, ինչ հարկավոր է կոնկրետ կոնտեքստում սպեցիֆիկ խնդիրները հասցեագրելու համար։

Ռելևանտ և գործնական գիտելիքն է գործարանային բանվորին դարձնում արդյունավետ, ոչ թե զուտ ինֆորմացիան։ Էլեկտրիկներին հնարավորություն է տալիս գլուխ հանել նոր սարքավորումներից և ավելի բարդ հանձնարարություններ կատարել, բուժքույրերին՝ օգնում առողջապահական որոշումներ կայացնելիս, և ընդհանրապես՝ թույլ տալիս կամայական ունակություններով աշխատավորներին լինել ավելի արդյունավետ։ 

Պատշաճ մշակված և կիրառված ԱԲ-ն իրոք կարող է մեզ ավելի լավը դարձնել՝ ոչ միայն որպես «մտքի հեծանիվ», այլ որպես մի բան, որ ընդլայնում է հարկադրանքից ու մանիպուլյացիայից անկախ մտածելու, հասկանալու և գործելու մեր կարողությունը։

Իր խորը պոտենցյալի շնորհիվ՝ ԱԲ-ն նաև ամենածանր վտանգներից մեկն է, որին երբևէ առճակատվել է մարդկությունը։ Ռիսկը միայն (և հիմնականում) այն չէ, որ գերխելացի մեքենան մի օր կկառավարի մեզ։ Այն խարխլելու է սովորելու, փորձարկելու, գիտելիքով կիսվելու, մեր գործողություններից իմաստ քաղելու մեր իրական կարողությունը։ ԱԲ-ն կթուլացնի մեզ, եթե ոչնչացնի մեր աշխատանքը, վերացնի մեր հանձնարարությունները, գերկենտրոնացնի ինֆորմացիան, ապախրախուսի մարդու պահանջարկն ու փորձառական ուսուցումը, հնարավորություն տա մի քանի ընկերություններին կառավարել մեր կյանքերը, ստեղծի երկշերտ հասարակություն՝ ահռելի անհավասարությամբ և կարգավիճակային տարբերություններով։ Այն ի վիճակի է նույնիսկ վերացնել ժողովրդավարությունը և մարդկային քաղաքակրթությունը՝ ինչպիսին մենք այն գիտենք։

Վախենամ, սա է այն ուղղությունը, որով մենք շարժվում ենք։ Թեև ոչինչ կանխորոշված չէ։ Մենք կարող ենք մեր հասարակությունները կառավարելու ավելի լավ ձևեր հորինել, ընտրել տեխնոլոգիաների համար այնպիսի ուղղություն, որը կխթանի գիտելիքի ձեռքբերումն ու առավելագույնի կհասցնի մարդկային ծաղկումը։ Տեսականորեն մենք կարող ենք ապահովել պայմաններ, որ Արհեստական բանականությունը ստեղծի ավելի լավ աշխատանքներ՝ հզորացված կարողություններ բոլորի համար անկախ կրթության և եկամուտի մակարդակից։ 

Հասարակությունը պետք է իմանա, որ սոցիալապես ցանկալի այս ճանապարհը տեխնիկապես իրագործելի է։ Արհեստական բանականությունը մարդամետ ուղղությամբ կգնա միայն եթե տեխնոլոգները, ինժեներները և գործադիրներն աշխատեն ժողովրդավար հաստատությունների հետ համատեղ, և եթե ծրագրավորողները Միացյալ Նահանգներում, Եվրոպայում և Չինաստանում լսեն այն հինգ միլիարդ մարդկանց, որ ապրում են աշխարհի այլ հատվածներում։ Մենք իսկապես կարիք ունենք ավելի մտածված փորձագիտական խորհուրդների և քաղաքական գործիչների ոգեշնչող առաջնորդության, որոնց ուշադրությունը պետք է կենտրոնացած լինի քաղաքականության և կարգավորող շրջանակների միջոցով մարդամետ ԱԲ-ն խրախուսելու վրա։

Բայց մեզ պետք է ավելին, քան զուտ կարգավորումը։ Ոմանք հույս ունեն, որ Եվրոպական ԱԲ ընկերություններն ու հետազոտողները կարող են ցույց տալ, որ Սիլիկոնյան հովտի մոդելն այլընտրանքներ ունի։ Այդպիսի ցուցադրական ազդեցության հասնելու համար եվրոպական հանրությունը պետք է խրախուսի ԱԲ-ի սոցիալապես օգտակար ուղղությունները, եվրոպական առաջնորդները պետք է ներդրումներ անեն անհրաժեշտ թվային ենթակառուցվածքների և կարգավորումների մեջ, որպեսզի չվանեն ներդրողներին և տաղանդավոր ԱԲ հետազոտողներին, և ստեղծեն ֆինանսական մեխանիզմներ, որոնց կարիքն ունեն հաջողակ ստարտափները՝ մասշտաբները մեծացնելու համար։ Առանց սեփական ամուր ԱԲ արդյունաբերության Եվրոպան քիչ ազդեցություն կունենա կամ առհասարակ չի ունենա ԱԲ համաշխարհային ուղղվածության վրա։

Տարոն Աճեմօղլու
անգլերեն բնօրինակը՝ Project Syndicate