Ղարաբաղ․ կուլիսային բանակցություններ և ցուցադրական ակտիվիզմ
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների վերջին հանդիպման որոշ մանրամասները հանրայնացվեցին Եվրախորհրդի նախագահի պաշտոնական հայտարարությամբ։ Հանդիպումը նշանավորվեց նաև Ռուսաստանի արտգործնախարարության ծավալուն հաղորդագրությամբ՝ հրապարակված Փաշինյան-Միշել-Ալիև բանակցություններից ընդամենը կես ժամ առաջ։ Պաշարված Ղարաբաղում, մինչ այդ, «համաժողովրդական շարժում» է՝ բարձրաստիճան պաշտոնյաների ղեկավարած բողոքի ցույցը վրանավորվել է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում և ռուս խաղաղապահների բազայի մոտ։ Բաքուն (և Շառլ Միշելը) խոսում են Ադրբեջանից «հումանիտար» օգնություն մատակարարելու հնարավորության մասին՝ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով, Ղարաբաղի հայերը պահանջում են ապաշրջափակել Լաչինի միջանցքը և վերականգնել 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ սահմանված տարանցման ռեժիմը։ Աղդամ, մատակարարումներ, ինտեգրացիա Շառլ Միշելի հայտարարության հիմնական ինտրիգը Ղարաբաղի ապաշրջափակմանը վերաբերող հատվածն էր։ Երկրորդելով Ադրբեջանի արտգործնախարարի՝ հանդիպման նախաշեմին արված հայտարարությանը, Միշելը աջակցել է Աղդամից (այսինքն Ադրբեջանից) դեպի Ղարաբաղ («տեղի բնակչությանը») հումանիտար մատակարարումներ անելու առաջարկին, զուգահեռաբար շեշտելով՝ Լաչինի միջանցքը պետք է բացվի։ Հայաստանյան փորձագետները սա մեկնաբանել են որպես ադրբեջանական «բլոկադային» շանտաժի լեգիտիմացում և հարկադիր ինտեգրացման քաղաքականության հովանավորում։ Արդարադատության միջազգային դատարանի որոշումները Ադրբեջանը անտեսել է, Լաչինի միջանցքը հետզհետե ավելի է փակվել, այսօր Ղարաբաղ սնունդ և դեղորայք անգամ չի մատակարարվում, միջազգային կառույցների (այդ թվում՝ Եվրամիության կոչերը) Բաքուն անտեսել է․ եթե այս ամենի հիմնական նպատակը Ստեփանակերտին «ինտեգրացիա» պարտադրելն էր, ապա, դատելով Միշելի վերջին հայտարարությունից, այդ նպատակին Ադրբեջանը ավելի է մոտեցել: «Հասկանալի չէ՝ ինչով էր հանդիպման ժամանակ զբաղված հայկական կողմը, եթե նման ձևակերպումներ են ներառվել հայտարարության վերջնական տեքստի մեջ։ Լեռնային Ղարաբաղի շրջափակման նպատակներից մեկը Ադրբեջանից Ղարաբաղ ենթակառուցվածքների և հաղորդակցությունների վերականգնում էր՝ որպես ինտեգրացիայի մեծ օրակարգի մաս։ Այդ օրակարգը Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղին է փորձում պարտադրել ուժային մեթոդներով, շանտաժով։ Եվ այն, որ Եվրոպական խորհրդի նախագահը նման նարատիվներ է ներառում իր հայտարարության մեջ, անընդունելի է և կարող է նպաստել գետնի վրա իրավիճակի վատթարացմանը, կարող է Ադրբեջանին ավելի ամուր հիմքեր տալ՝ Լաչինի միջանցքի վերաբացման համար գործադրվող ճնշմանը հակադրվելու համար։ Այս առումով խոսքը, իհարկե, հայկական դիվանագիտության ձախողման մասին», - «Էխո Կավկազա»-ի թղթակից Վադիմ Դուբնովի հետ զրույցում ասել է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը։ Հայաստանը, որն արդեն իսկ ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, արդյո՞ք իրագործելի ծրագիր ունի՝ եթե ոչ ինտեգրացիոն քաղաքականությունը մերժելու, ապա գոնե Ադրբեջանի հետ տնտեսական և ենթակառուցվածքային կապերի վերականգնումը առկախելու համար։ Այս հարցի պատասխանը չկա։ Հայաստանցի փորձագետների մեծ մասը հավատացած է, որ հայկական կողմը պետք է շարունակի պնդել Լաչինի միջանցքի անպայման վերագործարկման և Բաքու-Ստեփանակերտ բանակցությունների համար միջազգային մեխանիզմ ստեղծելու անհրաժեշտության վրա։ Ինչպե՞ս հասնել այս պայմանների իրագործմանը, եթե Ադրբեջանը դրանք կտրականապես մերժում է, պարզ չէ։ Բավարար միջազգային ճնշում չկա (Բաքուն բարեհաջող կերպով անտեսում է թե՛ կոչերը, թե՛ դատական վճիռները և թե՛ բանաձևերը), ո՛չ հավանական ուժային սցենարների շուրջ բաց խոսակցություն։ Լեռնային Ղարաբաղը արդեն 7 ամիս է՝ փաստացի շրջափակված է։ Լաչինի միջանցքի՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ սահմանված ռեժիմը այլևս չի գործում։ Նույնիսկ եթե միջանցքը ապաշրջափակվի, այն այլևս գտնվելու է ադրբեջանցի սահմանապահների լիակատար վերահսկողության ներքո։ Վերջին մեկ ամսվա ընթացքում դեպի Ղարաբաղ նույնիսկ հումանիտար մատակարարումներն են դադարեցվել։ Սննդի պաշարները արդեն սպառվում են։ Ամիսներ շարունակ ո՛չ գազ է մատակարարվում, ո՛չ էլեկտրաէներգիա։ Ղարաբաղի հայկական հատվածը փաստացի սնուցվում է Սարսանգի ջրամբարից արտադրվող էլեկտրականության հաշվին․ ջրամբարը գրեթե ցամաքել է, և եթե այսպես շարունակվի՝ ձմռանը նաև լուրջ էներգետիկ ճգնաժամ է լինելու։ Կարմիր խաչի մեքենաների տեղաշարժը, կարծես, բանակցություններից հետո վերականգնվել է։ Ղարաբաղում ստեղծված իրավիճակին փորձում են դիմակայել «համաժողովրդական շարժմամբ»։ Վերջին շրջանում տարբեր խմբեր պահանջում էին, որ իշխանությունը կոնկրետ քայլերի դիմի։ Այդ պահանջներին ընդառաջելով՝ Ղարաբաղի կառավարությունը փողոցային ակցիաներ է սկսել։ Ստեփանակերտի կենտրոնում և խաղաղապահ զորախմբի տեղակայման վայրում վրանային ճամբարներ են։ աշխարհաքաղաքական իմպոտենցիա, ձևափոխված ստատուս-քվո Տիգրան Գրիգորյանը համարում է, որ սա ավելի շուտ հուսահատության ակտ է, քան քաղաքական կոնկրետ ծրագիր․ «Ակցիաների պրակտիկ նշանակությունը, պրակտիկ օգուտը պարզ չէ»։ Ադրբեջանի վրա ճնշում գործադրել այսպես չի լինի, ցուցարարները, հավանաբար, փորձում են գոնե միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել։ Քննադատության հիմնական առարկան Երևանն է և Մոսկվան (Երևանը՝ զիջումների/սխալ արտաքին քաղաքականության/ոչ բավարար ջանքերի և այլն, Մոսկվան՝ ստանձնած պարտականությունները չկատարելու/ անգործության/ ադրբեջանական կողմին անուղղակի սատարելու համար)։ «Խաղաղապահ զորախմբից դժգոհությունը Ղարաբաղում աճում է։ Տեղացիները տեսնում են՝ ինչպես են խաղաղապահները իրենց համար սնունդ մատակարարում օդային ճանապարհով, բայց տեղի բնակչությանը ոչինչ չի հասնում։ Լաչինի միջանցքն ապաշրջափակելուն ուղղված ակտիվ գործողություններ նրանց կողմից չկան։ Հասկանալի է, որ նման հարցերը լուծվում են քաղաքական մակարդակում, հազիվ թե խաղաղապահները տեղում միջանցքը բացելու համար ինչ-որ բան կարողանան անել, բայց բնակչության վրա այդ բացասական ազդեցությունները կան և դժգոհությունն աճում է։ Այս գործողություններով, այո, կարելի է ասել՝ փորձ է արվում նաև որոշակի ուղերձ հղել Մոսկվային․ եթե դուք քայլեր չձեռնարկեք, բնակչությունը, որը ավանդապես ռուսամետ է համարվել, ձեզ ընկալելու է որպես շրջափակման մեղսակից», - նշել է Գրիգորյանը։ Բրյուսելյան բանակցությունների ֆոնին ՌԴ ԱԳՆ տարածած հաղորադգրությունը Ստեփանակերտում ներկայացրել են որպես պայքարի առաջին արդյունք։ Չնայած ռուսական կողմի ուղարձները, կարծես, ուղղված են ավելի շուտ Երևանին, քան թե Բաքվին։ Նախաբանում Մոսկվան անուղղակիորեն մեղադրում է Երևանին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որը նաև Լեռնային Ղարաբաղն է ներառում, ճանաչելու մեջ։ Այս ճանաչումը Արևմուտքը ձևակերպում է որպես բանակցային աննախադեպ առաջընթաց, Ռուսաստանը հայտարարում, թե այն արմատապես փոխել է 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության հիմքերը, և դրան հաջորդած իրադարձությունների մեղքը երրորդ երկրի վրա բարդելու փորձեր այլևս չպետք է լինեն։ «Սա, իհարկե, բավականին թույլ արդարացում է սեփական աշխարհաքաղաքական իմպոտենտության համար՝ Մոսկվայի ազդեցությունը տեղում նվազել է, շահերը փոխվել են, այժմ փորձ է արվում պատասխանատվությունը դնել հայկական կողմի վրա», - մեկնաբանել է Գրիգորյանը։ Ամիսներ առաջ Ռուսաստանը խաղաղության պայմանագրի սեփական նախագիծն էր ներկայացրել, հիմքում Ղարաբաղի կարգավիճակն ապագային թողնելու առաջարկն էր։ Հայաստանը սրան միանգամայն աջակցել էր, Ադրբեջանը՝ կտրականապես մերժել։ Հետագայում այս առաջարկը, ըստ էության, բանակցային հիմք անգամ չի դարձել։ Հայաստանցի քաղաքագետի համոզմամբ, Մոսկվայի ռազմավարական նպատակները, ամեն դեպքում, չեն փոխվել․ «Չեմ կարծում, որ Ռուսաստանը շահագրգռված է Ղարաբաղի հարցի քաղաքական լուծմամբ։ Ռուսաստանում ռազմավարական նպատակ է մնում ստատուս-քվոյի պահպանումը, չնայած, ինչպես տեսնում ենք, այդ ստատուս-քվոն վերջին ամիսներին արդեն իսկ բավականաչափ փոխվել է»։ «Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մյուս հատվածները ինձ համար ավելի հետաքրքիր էին։ Խոսվում էր այն մասին, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցել միջազգային հանրության՝ Լեռնային Ղարաբաղում բնականոն կյանքի վերականգնմանը ուղղված ջանքերին։ Եթե սա համեմանտենք հայտարարությունների հետ, որոնք մի քանի շաբաթ առաջ են արվել, երբ, օրինակ, ամերիկյան կողմը փորձում էր երրորդ երկրում կազմակերպել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպումը, ապա այն ժամանակ Մոսկվան խոսում էր Լեռնային Ղարաբաղում արևմտյան ինչ-որ բացասական ազդեցության մասին՝ համարյա թե, որ ամերիկյան կողմը շանտաժի է ենթարկում Ստեփանակերտին, որպեսզի ստիպի մասնակցել այդ բանակցություններին։ Այժմ խոսվում է արդեն այն մասին, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցել միջազգային համայնքի ջանքերին։ Կարելի է ենթադրել, որ միջնորդների միջև, այնուամենայնիվ, ինչ-որ կուլիսային երկխոսություն կա, հատկապես Լաչինի միջանցքի վերաբացման հարցում, այսինքն կա ինչ-որ նվազագույն փոխըմբռնում և դիրքորոշումների նվազագույն ընդհանրություն», - նույն աղբյուրի հետ զրույցում նշել է հայաստանցի քաղաքագետը։ Ռուսական կողմի հայտարարության վերջին պարբերությունն էլ նվիրված է Ադրբեջանին․ նկարագրելով Ղարաբաղում ստեղծված հումանիտար վիճակը, Մոսկվան պահանջել է անհապաղ բացել Լաչինի միջանցքը։ Ադրբեջանը անմիջապես արձագանքել է հայտարարությունը՝ հայտարարելով, թե այն «թյուրիմացություն և տարակուսանք է առաջացնում»։ «ՌԴ ԱԳՆ-ի այս հայտարարությունը չի համապատասխանում Ադրբեջանի և Ռուսաստանի միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագրին և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ի աջակցություն Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության («Ղարաբաղի շրջանը» ներառյալ) ելույթներին։ Անընդունելի է ՌԴ ԱԳՆ կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը մեկնաբանելը և դա պայմանավորելն այն համատեքստում, որ շուրջ 30 տարի «մեր տարածքները օկուպացրած» Հայաստանի վարչապետը ճանաչում է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս», - գրել է պաշտոնական Բաքուն։ ի՞նչ անել․ առաջարկներ Ղարաբաղից Չնայած Ղարաբաղի իշխանության և ընդդիմադիր մի քանի խմբերի նախաձեռնած բողոքի ցույցերը «համաժողովրդական շարժում են» ներկայացնում, քաղաքական տարաձայնությունները չճանաչված հանրապետությունում վերջին ամիսներին իրապես սրվել են։ Գործող նախագահ Արայիկ Հարությունյանի իշխանությունը և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի ընդդիմությունը մերժում է թե՛ Բաքվի հետ չմիջնորդավորված բանակցությունների առաջարկը, թե՛ ինտեգրացիոն օրակարգը։ Խորհրդարանական երկրորդ ուժի՝ «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ, Ղարաբաղի նախկին պաշտպանության նախարար, նախկին ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանը, մինչ այդ, պնդում է, որ իշխանությունը խուսափում է իրականությանն առերեսվելուց և պատասխանատվություն ստանձնելուց՝ նախընտրելով հայրենասիրական ճառեր ասել և ոչինչ չանել։ Նա առաջարկում է գնալ Ադրբեջանի հետ ուղիղ բանակցությունների, փորձել փոխվստահության մթնոլորտ հաստատել և ուղիղ քննարկել ծագած հարցերը։ Սամվել Բաբայանի աջակիցները, դատելով սոցցանցային գրառումներից, «համաժողովրդական շարժմանը» չեն միացել․ պետական պաշտոնյաներին նրանք քննադատում են ցուցադրական ակտիվիստություն անելու և պետությունը վերջնականապես ապամոնտաժելու մեջ։ Շարժմանը միացած արտախորհրդարանական ընդդիմադիր խմբերից որոշները՝ Արցախի հեղափոխական կուսակցությունը, Միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժումը և այլն, իշխանություններին այժմ մեղադրում են ցույցերը լճացնելու մեջ։ Նրանք առաջարկում են շրջափակել ռուսական զորախմբի օդանավակայանը, որով խաղաղապահները սնունդ են մատակարարում իրենց իրենց համար, և խաղաղ ցույցով շարժվել դեպի Հակարիի կամուրջ՝ ադրբեջանական անցակետ։ Այս պահանջներին շարժման պաշտոնական հարթակը հրապարակավ չի արձագանքում։
Բրյուսելից Մոսկվա․ Ղարաբաղում «բացասական սցենար» է
․․․Միշելը հայտարարել է, թե Ադրբեջանը պատրաստ է Ղարաբաղի հայերին հումանիտար աջակցություն տրամադրել Աղդամի ճանապարհով․․․
Կա՛մ Ալեն Սիմոնյանը պատժվելու է, կա՛մ վերադառնալու ենք անցյալ․ Գասպարի
Շաբաթներ առաջ Վարդգես Գասպարին նամակով դիմել էր իր ընտրած քաղաքական ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 71 պատգամավորներին՝ պահանջելով գնահատական տալ խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի արարքին և հստակ դիրքորոշում հայտնել՝ կո՞ղմ են էթիկայի հանձնաժողով գումարելուն, թե՞ ոչ։ Պատգամավորներից ոչ մեկը նամակին չի պատասխանել։ Ապրիլի սկզբին կանադահայ դաշնակցական Կարեն Մկրչյանը Ալեն Սիմոնյանին «դավաճան» էր անվանել։ Սիմոնյանի թիկնապահները անշարժացրել էին նրան, խորհրդարանի խոսնակը՝ թքել դեմքին։ Պարեկները ոլորել և բերման էին ենթարկել ոչ թե թքող պաշտոնյային, այլ նրան քննադատած դաշնակցականին։ Սիմոնյանը որևէ պատասխանատվության չի ենթարկվել։ Գասպարին համարում է, որ տեղի ունեցածը մոռացության մատնվել չի կարող․ «Եթե սա պատշաճ վերաբերմունք չստանա, մենք շատ սահուն կերպով կվերադառնանք անցյալին, կվերականգնենք նախկինի բոլոր նողկալի երևույթները»։ Նրա պառկած ակցիաները արդեն պարբերական բնույթն են կրում և շարունակելու են այնքան ժամանակ, մինչև Ազգային ժողովի նախագահը պատասխանատվության չենթարկվի․ «Մարդու վրա թքելը արդարացում չունի» պաստառով առաջին անգամ՝ նախագահան նստավայրի, երկրորդ անգամ՝ խորհրդարանի, վերջին անգամ (հուլիսի 13-ին) Կառավարության դիմաց Գասպարին սպասում է իշխող ուժի ներկայացուցիչներին՝ հիշեցնելու համար, որ «ժողովրդավարությունը միայն ընդդիմախոսներին քննադատելը չէ, այլև յուրայիններին քննադատելու հնարավորությունը և այդ քննադատության առկայությունը»։ Նա դատապարտում է նաև ՔՊ աջակիցներին, որոնք «կարելի է ասել՝ կամ ողջունում են, կամ լռելյան համաձայն են պարսավելի այն արարքի հետ, որը կատարել է Ալեն Սիմոնյանը և արդարացրել է Նիկոլ Փաշինայնը»: Դեպից երեք ամիս անց էլ Ալեն Սիմոնյանի արարքը քաղաքական գնահատականի չի արժանացել։ Սիմոնյանը արդարացել է՝ «երևանցի տղա եմ», օրեր անց ձևական ներողություն է խնդրել և շարունակում է պաշտովարել։ Ո՛չ քրեական գործ են հարուցել, ո՛չ գոնե էթիկայի հանձնաժողով գումարել։ Նիկոլ Փաշինյանը թիմակցի «սխալը» արդարացրել է նրանով, որ Ալեն Սիմոնյանը «մարդ է, այլ ոչ թե աստված»։
Քոչարյանին և նրա ընտանիքին պատկանող որոշ գույքեր կբռնագանձվեն
20 միավոր անշարժ գույք, 2 տրանսպորտային միջոց, ավելի քան 1.5 միլիոն ԱՄՆ դոլարի ավանդներ և արժեթղթեր․․․
Ստեփանակերտում «դավաճան» են բռնել և լրագրող են ծեծում
Ի՞նչն է դարձել լրագրողի նկատմամբ կազմակերպված հարձակման պատճառ
Մարտակերտում մահացած երեխաները գնացել էին մորը փնտրելու
Ղարաբաղի Քննչական կոմիտեն նախնական վարկած դեռ չունի
Ալիևը ուժ է ցուցադրում, կան վիրավորներ, Ղարաբաղում ավելի վատ է
Տեղ գյուղի հատվածում այսօր Հայաստանի զինված ուժերի երկու զինծառայող է վիրավորվել։ Նախօրեին մեկ վիրավորի մասին է հաղորդել նաև Բաքուն։ Սահմանային կրակոցների համար կողմերը միմյանց են մեղադրում, վերջին օրերին հրադադարի ռեժիմի խախտման մասին հաղորդագրությունները ինտենսիվացել են։ Առավոտյան Հայաստանի պաշտպանության նախարարությունից հաղորդել են, որ ժամը 5։30-ին ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով ՀՀ ԶՈՒ զինծառայող է վիրավորվել․ նրա վիճակը գտահատվել է բավարար։ Ավելի ուշ Ղարաբաղի ՊԲ-ն տեղեկացրել է, որ ժամը 9-ին ադրբեջանական զինուժը 82 մմ տրամաչափի ականանետ է կիրառել Շուշիի շրջանում։ Արդեն կեսօրից հետո Երևանը հաղորդել է ևս մեկ վիրավորի մասին՝ կրկին Տեղ գյուղի հատվածում։ Ռազմական գերատեսչությունից վստահեցրել են՝ զինծառայողի վիճակը միջին ծանրության է, կյանքին վտանգ չի սպառնում։ Ժամը 13:40-13:50-ը, ըստ ՀՀ ՊՆ-ի, ադրբեջանական ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել նաև Իշխանասարի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Բաքուն հանդես է եկել հայելային մեղադրանքներով և պնդել, թե հայկական ուժերն են սկսել գնդակոծությունները, իսկ իրենք «պատասխան միջոցներ են ձեռնարկել»։ Կրակոցների մասին հայկական և ադրբեջանական կողմերը հաղորդել են նաև նախօրեին․ հունիսի 11-ին Բաքուն հայտնել էր մեկ զինծառայողի վիրավորման մասին: սահմանազատման աշխատանքներ կրակոցների ֆոնին Հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանին կայացել է դելիմիտացիայի և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպումը՝ հաղորդել է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Շահին Մուստաֆաևը: Քննարկել են ընթացիկ խնդիրները։ նոր պահաջները՝ Բաքվից Մինչ այդ Իլհամ Ալիևը ելույթ է ունեցել։ Բաքուն խաղաղություն է ուզում և դրական է գնահատում Երևանի դիրքորոշման փոփոխությունը (Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ Ղարաբաղը և անկլավները, ճանաչելու պատրաստակամությունը)` հայտարարել է Ադրբեջանի նախագահը։ Առաջիկա օրերին նախատեսված բարձր մակարդակի բանակցությունների նպատակը, ըստ նրա, մեկն է՝ «կողմերին մոտեցնել խաղաղության պայմանագրին»։ Խաղաղությանը նվիրված իր ելույթում Ալիևը գովել է ադրբեջանական բանակը և հայտարարել է, թե ժամանակակից աշխարհում կարևորը ուժի գործոնն է, և պետք չէ հույս դնել միջազգային իրավունքի, միջազգային կառույցների բանաձևերի և որոշումների վրա։ Ավելի ուշ, վկայակոչելով հենց այդ «միջազգային սկզբունքները», կարծիք է հայտնել, թե խաղաղության պայմանագրի նախագիծը արդեն իսկ կարելի է ստորագրել։ Անցած շաբաթ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հակադարձել էր՝ հաշտեցման համաձայնագիրը պատրաստ չէ ստորագրման։ Երևանը արդեն տևական ժամանակ խոսում է «Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմների շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների ու անվտանգության հասցեագրման» անհրաժեշտության մասին։ Միջազգային ներգրավվածությունը Ղարաբաղի հայերի հետ բանակցություններում Բաքուն մերժում է և պնդում, թե դա Ադրբեջանի ներքին հարցն է, որի լուծմանը երրորդ երկրները միջամտել կամ նույնիսկ միջնորդել չեն կարող։ Ստեփանակերտը այս ձևաչափով բանակցություններից հրաժարվում է։ Տարաձայնություններին Ալիևը երեկ չի էլ անդրադարձել։ Փոխարենը նոր պահանջներ է դրել՝ հայկական կողմը պետք է Ադրբեջանի հետ համաձայնեցնի այն ձեռնարկությունների գործունեությունը, որոնք, Ալիևի խոսքով, կարող են բնապահպանական վտանգ ներկայացնել։ Խոսքը մասնավորապես հայ-ադրբեջանական սահմանի մոտ (Երասխում) կառուցվող հայ-ամերիկյան մետաղաձուլական գործարանի մասին է, որի շինհրապարակը պարբերաբար գնդակոծությունների է ենթարկվում։ Ադրբեջանական մի քանի կազմակերպություններ օրերս բաց նամակով դիմել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով ոչ միայն դադարեցնել Երասխի մետաղաձուլական գործարանի կառուցումը, այլև փակել Զանգեզուրի, Ագարակի, Թեղուտի, Ախթալայի, Կապանի հանքավայրերը։ Նախօրեին Ադրբեջանի նախագահը կառավարությանը հանձնարարել է աջակցել կառավարամերձ «բնապահպանների» (անցյալ տարվա դեկտեմբերին նրանք ի հայտ էին եկել Լաչինի միջանցքում՝ սկիզբ տալով Ղարաբաղի առ այսօր շարունակվող շրջափակմանը) պահանջներին և գործի դնել պաշտոնական խողովակները, «որպեսզի Հայաստանը դադարեցնի այդ վտանգավոր գործելակերպը»: Ղարաբաղում սով է սպասվում Ուղիղ 7 ամիս շրջափակված Ղարաբաղը այս պահին ընդհանրապես կտրված է Հայաստանից։ Գազ և էլեկտրաէներգիա արդեն վաղուց չի մատակարարվում։ Արդեն գրեթե մեկ ամիս է ադրբեջանական անցակետը ամբողջությամբ փակ է՝ հումանիտար բեռնափոխադրումներ չեն լինում։ Ծանր հիվանդներին Հայաստան տեղափոխող Կարմիր խաչի հատուկենտ մեքենաներն էին միայն վերջին շաբաթներին անցնում կամրջով։ Երեկ Ադրբեջանը նաև դրանց տեղաշարժն է արգելել՝ պատճառաբանելելով, թե այդ մեքենաներով փորձել են արգելված ապրանքներ տանել (ծխախոտ, բջջային հեռախոսների էկրաններ, բենզին)։ Հայաստանի արտգործնախարարությունը ահազանգել է՝ Ղարաբաղի բնակչությունը կանգնած է սովի մատնվելու վտանգի առաջ․ «Հունիսի 15-ից ամբողջությամբ դադարեցվել է Լեռնային Ղարաբաղ սննդի մատակարարումը։ Եթե Լաչինի միջանցքի անխափան գործելու պարագայում Լեռնային Ղարաբաղը ստանում էր շուրջ 400 տոննա բեռ, իսկ դեկտեմբերի 12-ից հետո ռուսական խաղաղապահ զորախմբի միջոցով փոխադրվում էր դրանից տասնյակ անգամներով պակաս սնունդ, ապա այժմ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը կանգնած է սովի մատնվելու իրական վտանգի առջև, քանի որ ցանկացած ապրանքի մատակարարում ի սպառ արգելվել է։ Նախօրեին ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությունները, որ փորձ է կատարվել տեղափոխել ծխախոտ և բջջային հեռախոսների մարտկոցներ, մի կողմից ցույց է տալիս Լեռնային Ղարաբաղի բնակչության ճարահատ և արժանապատվությունը ոտնահարող իրավիճակը, մյուս կողմից ևս մեկ անգամ ապացուցում բեռների անխոչընդոտ տեղաշարժի չգործելու փաստը։ Նույնպիսի իրավիճակ է ստեղծվել նաև առողջապահական ոլորտում։ Հստակորեն նկատվում է պատշաճ բժշկական օգնություն ցուցաբերելու համար ահրաժեշտ դեղորայքի պակաս<․․> Լեռնային Ղարաբաղում արդեն իսկ նկատվում է մահացության տեմպերի աճ։ ․․․Այս ընթացքում անհապաղ բժկական օգնություն ստանալու նպատակով ԿԽՄԿ միջոցով ՀՀ են կարողացել փոխադրվել միայն մի քանի տասնյակ հիվանդներ և նրանց ուղեկցող անձինք։ Նրանք ստիպված են եղել անցնել մարդկային արժանապատվությունը վիրավորող գործընթացներով, նկարահանվել և որպես գործիք են օգտագործվել ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից՝ ապացուցելու, որ Լաչինի միջանցքով իբրև թե գործում է մարդկանց անխափան անցում», - դիմելով միջազգային հանրությանը, գրել է Հայաստանի արտգործնախարարությունը։ Ղարաբաղի ՄԻՊ-ը հավելել է՝ ռուս խաղաղապահներն իրենց պահպանման համար ուղղաթիռներով ներկրումներ են անում, այնինչ Արցախի ամբողջ բնակչությունը մատնվում է սովի․ «Միջազգային հանրությունը սպասում է հազարներով մարդիկ մեռնեն, որպեսզի հետո երկերեսանիորեն ափսոսանքներ արտահայտի»։ Լաչինի միջանցքն ապաշրջափակելու պահանջով հարյուրավոր մարդիկ այսօր Ստեփանակերտի փողոցներ են դուրս եկել, նրանք պաշտոնյաներից ավելի կոնկրետ քայլեր են ակնկալում։
Անջուր էրեբունցիները եկել էին Վեոլիա ջրի օֆիս
Վեոլիայից համոզում են՝ ժանգաջուրը վտանգավոր չէ մարդու առողջության համար (https://youtu.be/LXDlPR007AQ)
Դարդենների կինոն
Կինոգետ Ալեքսանդր Մելյանի վիդեոէսսեն բելգիացի ռեժիսորներ Ժան-Պիեռ և Լյուկ Դարդենների կինեմատոգրաֆի մասին. Ոսկե ծիրան
Ծեծ, աղոթք, ուղղիչ բռնաբարություն, թուղթուգիր, մեղքի զգացողություն, Էրեբունու բորդել և այլն
— Ուզու՞մ ես ազատվել այդ ամենից։ Ցանկանու՞մ ես այդ ամենից ազատվել։ Ցանկություն չունե՞ս։ Մենք քեզ կբուժե՛նք։
Անառողջ պատանուն տանում են բանակ
Ռուդիկ Հախումյանից տասը օրից զորակոչելու են, անցյալ տարվանից նա հաշվառված է Սևանի հոգեկան առողջության կենտրոնում․․․
Վարչապետին․ Մատենադարանի աշխատողներին զրկել են Հոգաբարձուների խորհրդից
Հոգաբարձուների խորհրդի կազմում ընգրկվածների մեծ մասը բարձրաստիճան զանազան պաշտոնյաներ են