«Սադրանքները կրկնվելու են»․ Բաքուն վերջնագիր է ներկայացրել Ստեփանակերտին
Ադրբեջանը իր խողովակներով վերջնագիր է դրել՝ «կամ ընդունում եք ինտեգրացիոն քաղաքականությունը, կամ լինելու են ավելի կոշտ և կտրուկ քայլեր»
Մերձդնեստրյան կիբերփանկ․ աչքերը բացում է Շերիֆը
Եթե երբևէ ձեզ համարեք անպետք, հիշեք, որ Մերձդնեստրում ապրում է հակամենաշնորհային վարչության պետը, որն ամեն օր գնում է աշխատանքի․․․
Ադրբեջանական դիվերսիայի հետևանքով զոհվել է 3 արցախցի ոստիկան
Այսօր ժամը 10։00-ի սահմաններում ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը ներթափանցել է Արցախի տարածք․․․
Վրաստանը շեղվում է դեպի Ռուսաստան
«Նման օրենքների ընդունումը անհամատեղելի է Վրաստանի՝ ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու համար պայմանների կատարման հետ»․․․
Նոբելյան մրցանակակրին դատապարտեցին 10 տարվա ազատազրկման
Խաղաղության նոբելյան մրցանակակիր, իրավապաշտպան Ալես Բելյացկիին 10 տարվա ազատազրկման է դատապարտվել Բելառուսում․․․
Գերմանիայի կանցլերը արժանացավ Ղարաբաղի ղեկավարի գովասանքին
Հայաստանի արտգործնախարարը Նյու Դելիում է, վարչապետը՝ Բեռլինում։ Արարատ Միրզոյանն այսօր հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Եվրամիության արտաքին գործերի հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ, Նիկոլ Փաշինյանը նախօրեին բանակցություններ է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ։ Գերմանիայի արտաքին քաղաքականության խորհրդում Հայաստանի վարչապետը մասնակցել է նաև «Անվտանգությունը և կայունությունը Հարավային Կովկասում. Հայաստանի հեռանկարը» թեմայով քննարկմանը։ Շոլց․ տարածքային ամբողջականությունն ու ինքնորոշման իրավունքը հավասարազոր են Բեռլինում նախօրեին տեղի ունեցած բանակցություններից հետո Հայաստանի և Գերմանիայի ղեկավարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։ Կանցլեր Շոլցը երկու անգամ շեշտել է՝ տարածքային ամբողջականության և ինքնորշման իրավունքը հավասարազոր են․ «Մենք մտահոգված ենք Հայաստանի և Ադրբեջանի սահմանին անկայուն և Լեռնային Ղարաբաղում գնալով սրվող հումանիտար իրավիճակից: Ստատուս քվոն չի կարող երկար շարունակվել, պետք է հանգել երկարաժամկետ լուծման՝ ի բարօրություն մարդկանց։ Անհրաժեշտ է հասնել խաղաղ հանգուցալուծման՝ Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ինքնորոշման տեսանկյունից։ Ընդ որում, այս բոլոր սկզբունքները հավասարազոր են»։ Չնայած հենց այս երկու սկզբունքներն են ավելի քան երկու տասնամյակ եղել են Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հիմքում, ազգերի ինքնորոշման մասին մասին Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո չի խոսվում։ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցն արդեն լուծված է, որևէ կարգավիճակի հարց քննարկվել չի կարող։ Ղարաբաղի հայկական բնակչությանը Բաքուն երկու տարբերակ է առաջարկում՝ կամ ընդունել Ադրբեջանի քաղաքացիություն և «վերաինտեգրվել», կամ լքել Ղարաբաղը։ Շոլցի հայտարարությունը վկայում է, որ դա այդքան էլ հեշտ լուծելի խնդիր չի լինելու Ադրբեջանի ղեկավարի համար՝ «Ազատության» հետ զրույցում նշել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։ Հայաստանը, ըստ նրա, պետք է խորքային մոտիվները դիտարկի՝ հասկանալու համար, թե այդ հայտարարությունը որքանով է ի վիճակի սպասարկել Գերմանիան հենց ինքը։ «Որովհետև այդպիսի հայտարարությունները կարող են խթանել կոշտ քայլեր Ադրբեջանից, նրա դաշնակիցներից, և այս պարագայում, եթե Գերմանիան ինքը չի կարողանում սպասարկել իր հայտարարությամբ սահմանված նշաձողը, սա արդեն կարող է բերել հակառակ էֆեկտի», - նշել է Բադալյանը։ Ստեփանակերտը ողջունում է Գերմանիայի կանցլերի այս հատարարությունը՝ քիչ առաջ հայտարարել է Ղարաբաղի նախագահը՝ շեշտելով․ «Կարգավորումն անհնար է առանց մեր հիմնարար/հավաքական իրավունքները լիովին հաշվի առնելու»։ Փաշինյան․ Եվրամիության դիտորդական առաքելության ներկայությունը կփաստաթղթավորվի Անցած տարվա կարճաժամկետ դիտորդական առաքելությոնից հետո Եվրամիությունը նոր՝ այս անգամ երկամյա ու ավելի բազմամարդ առաքելություն է գործուղել հայ-ադրբեջանական սահման։ Քաղաքացիական առաքելությունը՝ բաղկացած 100 դիտորդներից, արդեն սկսել է աշխատանքը։ Մոսկվան պարբերաբար հանդես է գալիս առաքելությունը քննադատող հայտարարություններով՝ ներկայացնելով այն որպես Ադրբեջանի հետ չհամաձայնեցված և ընդդեմ Ռուսաստանի քայլ։ «Այժմ Եվրամիության դիտորդական առաքելության ներկայությունը կարգավորվում է փոխադարձ պաշտոնական նամակներով, բայց մենք ունենք նաև պայմանավորվածություն, որ այդ ներկայությունը և միսիան կարգավորող պայմանագիր պետք է քննարկվի, բանակցվի և ստորագրվի», - նշել է Հայաստանի վարչապետը՝ հավելելով՝ «փաստաթուղթ առաջիկայում հնարավոր է ստորագրենք»: Հայաստանը համաձայնել է տարանջատել ԼՂ հիմնախնդրի կարգավորումը հայ-ադրբեջանական գործընթացից «Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացն ընթանում է հետևյալ երեք հիմնական ուղղություններով. համաձայնագիր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին, տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների և տնտեսական կապերի ապաշրջափակում և սահմանագծում և անվտանգություն», - Գերմանիայի արտաքին քաղաքականության խորհրդում տեղի ունեցած քննարկմանը հայտարարել է Փաշինյանը։ Հայաստանը, ըստ նրա, համաձայնել է տարանջատել ԼՂ հիմնախնդրի կարգավորումը հայ-ադրբեջանական գործընթացից՝ այն տրամաբանությամբ, որ Ստեփանակերտի և Բաքվի միջև կձևավորվի քննարկումների այնպիսի մեխանիզմ, որը կունենա միջազգային տեսանելիություն և ներգրավվածություն։ «Մենք միջազգային հանրության, մեր տարածաշրջանի ազգերի աջակցության կարիքն ունենք․․․ Վերջերս ես հայտարարեցի մեր խորհրդարանում և կառավարությունում, որ ունեմ լիարժեք վճռականություն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցում, բայց դա չպետք է Հայաստանի համար կապիտուլյացիայի նմանվող փաստաթուղթ լինի։ Դա պետք է մեր տարածաշրջանի համար իրական և հարատև խաղաղության փաստաթուղթ լինի, և ես պատրաստ եմ կրել այդ պատասխանատվությունը` հանուն խաղաղության, կայունության, տարածաշրջանային և միջազգային համագործակցության։ Սա է այսօրվա մեր քննարկման իմ վերջնական եզրափակումը», - հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Ելույթից հետո՝ պատասխանելով ադրբեջանցի ներկայացուցչի հարցին, Հայաստանի ղեկավարը հավելել է՝ խաղաղության օրակարգն իմ պարտականությունն է, և ես կցանկանայի ադրբեջանական հանրությունից ևս ստանալ որոշ աջակցություն: Լաչինի միջանցքը փակ է, գերիները չեն վերադառնում Վարչապետը խոսել է նաև Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի մասին՝ շեշտելով՝ Ադրբեջանը մինչ այժմ չի կատարել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, և Լաչինի միջանցքը շարունակում է մնալ շրջափակված։ Փաշինյանը հավելել է՝ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի աճող ագրեսիվությունը հստակեցնում է Ադրբեջանի մտադրությունները՝ իրականացնել հայերի էթնիկ զտումներ, և հիշեցրել Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, թե Լաչինի միջանցքը բաց է այն հայերի համար, ովքեր ցանկանում են լքել Ղարաբաղը։ Բացի այդ՝ չլուծված են մնում նաև հումանիտար բնույթի հիմնախնդիրները՝ հայ ռազմագերիների վերադարձը և միջազգային կազմակերպությունների մուտքը Լեռնային Ղարաբաղ։ «Ադրբեջանում առնվազն 33 հայ ռազմագերի դատապարտվել են տարբեր ժամկետներով ազատազրկման՝ միանգամայն մտացածին մեղադրանքներով։ Ադրբեջանը մերժում է հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնել․․․»։ Հույս ունենք բացել Թուրքիայի հետ սահմանը Տարածաշրջանային խաղաղության Հայաստանի տեսլականի մեկ այլ ասպեկտը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն է։ Փաշինյանը շեշտել է՝ Երևանը պատրաստ ենք լիովին կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, հաստատել դիվանագիտական հարաբերություններ․ «Մենք հույս ունենք ամբողջությամբ բացել մեր ընդհանուր սահմանը, որը միակողմանիորեն փակվել էր 90-ականների սկզբին Թուրքիայի կողմից»։ Հայաստանի վարչապետը խոսել է նաև առաջ շարժվելու «փոքր, բայց հուսադրող նշաններից»․ «Հունվարին վերացվել է Թուրքիայի և Հայաստանի միջև ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը, և մենք հուսով ենք, որ շուտով կբացվի սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար»։ Թուրքիայում ավերիչ երկրաշարժից հետո հայ-թուրքական շփումները ակտիվացել են, և թեև դրանք «զուտ մարդասիրական բնույթի էին», Երևանը «ուրախ կլինի տեսնել նաև քաղաքական արդյունքներ»։ Միրզոյանը հանդիպել է Լավորվի հետ Հնդկաստանի մայրաքաղաքում մեկնարկած միջազգային համաժողովի շրջանակներում այսօր առանձնազրույց են ունեցել Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Ռուսաստանի արտաքին գերատեսչության փոխանցմամբ, Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը հայ-ադրբեջանական կարգավորման բոլոր ուղիներում ջանքերի ակտիվացման հրատապության հարցն են կարևորվել՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների համաձայն։ «Բանակցություններն ընթացել են բարեկամական և վստահելի մթնոլորտում»։ Արտգործնախարարները անդրադարձել են Հայաստան - Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, սահմանազատման և սահմանային անվտանգության, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ ավելի ուշ հաղորդել է պաշտոնական Երևանը։ Այլ մանրամասներ չեն նշվել։ Միրզոյանը հանդիպել է նաև Բորելի հետ Հայաստանի արտգործնախարար, ըստ պաշտոնական պռես-ռելիզի, Նյու-Դելիում ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Երևանի հաղորդմամբ, Միրզոյանը ընդգծել է նաև առանց նախապայմանների Լաչինի միջանցքն ապաշրջափակելու հրամայականը՝ 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին համապատասխան, և կարևորել է միջազգային հանրության գործուն ներգրավվածությունը, որպեսզի Ադրբեջանը կյանքի կոչի Արդարադատության միջազգային դատարանի կողմից հրատապ միջոցների կիրառման վերաբերյալ փետրվարի 22-ին կայացված՝ իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումը:
Բանակի զոհի ծնողները մայրուղի էին փակել
Հրդեհից զոհված ժամկետային զինծառայող Պալյան Պողոսյանի հարազատները փակել էին Գյումրի-Երևան մայրուղին․․․
Ինչպես են արդարանում ադրբեջանցիների հետ հանդիպման համար
Ստեփանակերտ՝ «ինտեգրացիոն գործընթացը բացառված է»։ Բաքու՝ «երկխոսությունը կայացած է»։
Ինչո՞ւ են շրջափակել Իսրայելի առաջին տիկնոջը
Իսրայելում ցուցարարները շրջափակել էին վարսավիրանոցը, որում հարդարվում էր վարչապետ Բենյամին Նեթանյահուի կինը։ Գեղեցկության սրահը շրջափակման մեջ է գտնվել ավելի քան 3 ժամ։ Առաջին տիկնոջը տարհանելու համար հատուկ նշանակության ջոկատ է ուղարկվել։ Վերջին շաբաթներին երկրում զանգվածային բողոքի ցույցեր են։ Նեթանյահուի գլխավորդած ուլտրաաջական կառավարությունից ցուցարարները պահանջում են հետ կանգնել դատական բարեփոխումների ծրագրից։ Ցուցարարները փողոցներ են փակում և արգելափակում երկաթգծերի աշխատանքը։ Ոստիկանությունը արձագանքում է բիրտ ուժի կիրառմամբ․ նախօրեին Թել Ավիվում ուժայինները լուսաձայնային նռնակներ և ջրցան մեքենաներ են կիրառել։ https://twitter.com/Dana35300026/status/1630986346067099652 Գործող օրենքով Գերագույն դատարանի դատավորները (ընտրվում են դատական համայնքի այլ անդամներից) իրավունք ունեն բեկանել կառավարության և խորհրդարանի որոշումները։ Բարեփոխումներից հետո գործադիրը վճռորոշ ազդեցություն է ունենալու դատավորների նշանակման հարցում, Դատարանի լիազորությունները էապես սահմանափակվելու են։ Ցուցարարները համոզված են, որ սա խարխլելու է դատական համակարգի անկախությունը և վերացնելու է իսրայելական ժողովրդավարության հիմնարար երաշխիքները։ Ընդդիմախոսներին Նեթանյահուն «անարխիստներ» է անվանում։ «Անարխիստները՝ [«Յեշ Ատիդ» կուսակցության ղեկավար Յաիր] Լապիդի գլխավորությամբ, շարունակում են հատել կարմիր գծերը: Նրանք հետապնդում և սպառնում են կնոջս», - հայտարարել է Իսրայելի վարչապետը: Մենք չենք կարող թույլ տալ մեզ ընկնել անարխիայի մեջ՝ հավելել է աջական վարչապետը․ «Հավաքների ազատությունը երկիրը անարխիայի և քաոսի վերածելու արտոնագիր չէ»։ Ցուցարարների և ոստիկանների միջև զուգահեռ ընթացող բախումները վարչապետւ ըստ էության չի մեկնաբանել։ Դատելով համացանցում տարածվող տեսանյութերից, Թել Ավիվում իրականացվող զանգվածային ձերբակալությունները զուգորդվել են ոստիկանական բիրտ ուժի կիրառմամբ։ https://twitter.com/Reuters/status/1631000096925003777 Ըստ ԲիԲիՍիի, ցուցարարները պնդում են, որ բախումներ չեն հրահրել և որ ոստիկանական բռնությունները անակնկալ էին նաև իրենց համար։ Իշխանությունները հակադարձում են՝ ոստիկանները համբերատար են գործել նույնիսկ այն ժամանակ, երբ իրենց ուղղությամբ քարեր և պատնեշների մասեր էին նետում։ https://twitter.com/realzaidzayn/status/1629590990045716480 Իսրայելը կվերածվի «երկրորդ Իրանի» Կառավարությունը մտադիր է սահմանափակել Գերագույն դատարանի լիազորությունները և դատական իշխանությանը զրկել օրենսդիր և գործադիր ատյանների որոշումների վրա ազդելու հնարավորությունից։ Գործնականում սա նշանակում է, որ Գերագույն դատարանն այլևս չի կարողանա արգելափակել այն օրենքները, որոնք նա հակասահմանադրական է համարում: Ցանկացած վետո հնարավոր կլինի շրջանցել խորհրդարանական պարզ մեծամասնության միջոցով՝ 61 ձայն։ Այսինքն Քնեսեթում մեծամասնություն ունեցող (ուլտրա)աջական կոալիցիան գրեթե միշտ կկարողանա շրջանցել Գերագույն դատարանի վետոն։ Հիմնական օրենքները այևս չեն քննարկվի Գերագույն դատարանում։ Այս կամ այն օրենքի փոփոխության կամ չեղարկման անհրաժեշտության դեպքում առաջարկվում է այլ ընթացակարգ, որում որոշումները կկայացվեն ոչ թե ձայների մեծամասնությամբ, այլ հատուկ կարգով՝ ասել է Իսրայելի արդարադատության նախարար Յարիվ Լևինը։ Թե ինչ է ենթադրում այս հատուկ կարգը՝ Լևինը չի բացատրել։ Հաշվի առնելով այն, որ Իսրայելը չունի սահմանադրություն, հետևաբար՝ չունի նաև Սահմանադրական դատարան, Գերագույն դատարանը մինչ այժմ վերահսկողություն է իրականացրել կառավարության գործողությունների նկատմամբ։ Բարեփոխումների հակառակորդները մտավախություն ունեն, որ վերահսկողությունից դուրս մնացած իշխող կոալիցիայի ծայրահեղ ազգայնականներն ու ծայրահեղ օրթոդոքսները երկիրը կվերածեն «երկրորդ Իրանի»։ Առավել չափավոր քննադատությունը կենտրոնանում է գործող վարչապետի ապագայի վրա․ Նեթանյահուն կոռուպցիոն գործերով մեղադրյալի կարգավիճակ ունի, դատական բարեփոխումը թույլ կտա նրան, մի կողմից, ամրապնդել իր իշխանությունը, մյուս կողմից՝ խուսափել ցանկացած տիպի պատասխանատվությունից։ Գրավված օջախներ Մի քանի շաբաթ տևած բանակցություններից հետո 2022-ի նոյեմբերի 1-ին Իսրայելում իշխանության է եկել ամենաաջական՝ ամենակրոնական, պահպանողական և ամենալիբերալ կառավարությունը։ Վարչապետի պաշտոնում (արդեն 6-րդ անգամ) հաստատել է Բենյամին Նեթանյահուն։ Նրա ղեկավարծ «Լիկուդ» կուսակցությանը հաջողվել է մեծամասնություն ձևավորել՝ կոալիցիա կազմելով ուլտրաազգայնականաների և ուլտրաօրտոդոքների հետ։ Մոտ մեկուկես տարի առաջ պաշտոնը կորցրած Նեթանյահուի համար սա արդեն ռեկորդային՝ վեցերորդ ժամկետն է լինելու վարչապետի պաշտոնում (ընդհանուր՝ 15 տարի)։ Նրա կոալիցիոն գործընկերները, սակայն, խոստանում են երկիրը տանել նոր ուղղությամբ։ Նրանք մտադիր են ընդլայնել խորհրդարանի իրավունքները, մասնավորապես՝ հնարավորոթյուն ընձեռնել բեկանել Գերագույն դատարանի որոշումները։ Կոալիցիայի անդամները հանդես են գալիս հակա֊ԼԳԲՏ կարգախոսներով և առաջարկում թույլատրել բիզնեսին կրոնական հիմքով հրաժարվել ծառայություններ մատուցելուց։ Նոր կառավարությունը հայտարարել է, որ «հրեա բնակչության բացառիկ և անվիճարկելի իրավունքները Իսրայելի ողջ տարածքում» լինելու են իր հիմնարար սկզբունքը։ Հետագայում - հուշագրի տեսքով - պարզաբանվել է, որ այս սկզբունքը տարածվելու է նաև Հորդանան գետի Արևմտյան ափի վրա (որը պատկանում է Պաղեստինյան ինքնավարությանը)։ Կառավարությունը խոստացել է, որ մտադիր է «զարգացնել» այնտեղի (ապօրինի) հրեական բնակավայրերը և ընդլայնել դրանք։ Արևմտյան ափի և Արևելյան Երուսաղեմի՝ 1967 թվականին օկուպացված տարածքներում առնվազն 140 հրեական ավան է առաջացել։ Վերջին տվյալներով, այնտեղ նվազագույնը 600 հազար հրեա է ապրում։ Միջազգային հանրությունը և, իհարկե, նաև պաղեստինացիները համարում են, որ այդ բնակավայրերը ապօրինի են։ Զավթիչները վայելում են Իսրայելի ամբողջական հովանավորությունը։ Բացի այդ, Արևմտյան ափին մոտ հարյուր այսպես կոչված ֆորպոստեր կան՝ փոքրիկ բնակույթներ, որոնք ստեղծվել են առանց իսրայելական իշխանությունների թույլտվության։ «Կրոնական Սիոնիզմ» ուլտրաազգայնական կուսակցության հետ պայմանավորվածությունների շրջանակներում Նեթանյահուն համաձայնել է հետին թվով և ամբողջությամբ լեգալիզացնել այդ ֆորպոստերը։ Նա խոստացել է նաև ամբողջությամբ բռնակցել պաղեստինական Արևմտյան ափը՝ «ընտրելով ճիշտ պահն ու կշռադատելով Իսրայել պետության ազգային և միջազգային շահերը»։ Անկասկած՝ Իսրայելի արևմտյան և արաբական դաշնակիցները այս քայլին չեն սատարելու։ Նեթանյահուի ակնառու ազգայնամոլ հայտարարությունները պատկերազարդվում են նաև նրա կադրային քաղաքականությամբ։ Նախարարների նոր կաբինետը համալրվել է անվանի ուտրաաջականներով։ Օրինակ՝ — «Կրոնական սիոնիզմ» կուսակցության առաջնորդ, ծայրահեղ ազգայնական Բեցալել Սմոտրիչը, որը ապրում է Արևմտյան ափին, ստացել է ֆինանսների նախարարի պաշտոնը։ Նրա պատասխանատվության տակ են լինելու, ի թիվս այլի, նաև պաղեստինյան Արևմտյան ափին հրեական (ապօրինի) ավաններ կառուցելու շիննախագծերը։ Պաղեստինացիների կյանքի որոշ բնակավառներ հայտնվելու են նրա անմիջական վերահսկողության ներքո։ — Արևմտյան ափի ևս մեկ հրեա՝ ծայրահեղ աջական «Օցմա Յեղուդիտ» կուսակցության առաջնորդ Իթամար Բեն-Գվիրը, որը ժամանակին դատապարվել է ռասիզմի և ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու համար, դարձել է ներքին անվտանգության նախարար։
Որոշ բռնարարների շարժը Հայաստանում ֆիքսվելու է
Ընտանեկան բռնության զոհերին առաջիկայում ազդարարման թվային սարքեր կտրամադրեն, բռնարարները ստիպված կլինեն կրել էլեկտրոնային թևնոց կամ ոտքի շղթա։ Մինչ այս ոստիկանության օրդերը, ըստ որի՝ բռնարարն իրավունք չուներ մոտենալու բռնության ենթարկված անձին, պարբերաբար խախտվում էր։ Այն, որ բռնարարը շարունակում է հետապնդել իրեն, պետք է ապացուցեր հենց բռնության զոհը։ Հայաստանցի պատգամավորները կարծում են, որ նոր կարգավորումը թույլ կտա արդյունավետորեն ապահովել մոտենալու արգելքի իրականացումը, կլինի, մի կողմից, ապացուցողական բազա, մյուս կողմից՝ ազդարարման հստակ մեխանիզմ։ Սա ընտանեկան բռնության կանխարգելման օրենքի լրացումներից մեկն է․ նախագիծը ներկայացվել է Կառավարության կողմից, մարտի 1-ին Ազգային ժողովն այն առաջին ընթերցմամբ ընդունվել է (ձայների 62 կողմ, 28` ձեռնպահ համամասնությամբ)։ Նախագիծը խորհրդարանում ներկայացնում էր ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը։ Օրենքի ընդունումից հետո նախարարությունը շուրջ 200 համապատասխան ձեռնաշղթա կգնի, ըստ Սարգսյանի՝ սա թույլ կտա, որ ընտանեկան բռնության կանխարգելման համակարգը Հայաստանում սկսի գործել այնպես, ինչպես գործում է ԱՄՆ-ում, Կանադայում, Ֆրանսիայում, Իսպանիայում և, օրինակ, հարևան Վրաստանում։ «Գործող օրենքով նախատեսված է ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության երկու հիմնական մեխանիզմ: Դրանցից մեկն անհետաձգելի միջամտության որոշումներն են, մյուսը` պաշտպանության միջոց կիրառելու որոշումները: Առաջին դեպքում ոստիկանության ծառայողի կողմից է համապատասխան որոշումը կայացվում, իսկ երկրորդ դեպքում պաշտպանության միջոցը կիրառում է դատարանը` հաշվի առնելով, որ այն երկարաժամկետ միջամտություն ենթադրող որոշում է», - պարզաբանել է փոխնախարարը։ Այս որոշումների իրագործումն ապահովելու համար «բռնարարի ու զոհի մոտ տեղադրվելու են էլեկտրոնային հսկողության սարքեր, որով իրար մոտենալու կամ այլ խախտումներ կատարելու պարագայում ահազանգ կլինի իրավասու մարմնի մոտ»: Սարքերի համար շուրջ 560 մլն դրամ է հարկավոր։ Արդյոք սա շատ չէ բռնության հետևանքները վերացնելու համար՝ փոխնախարարից հետաքրքրվեցին ընդդիմադիր պատգամավորները։ Արփինե Սարգսյանը հակադարձեց՝ միայն անցած տարի իրավապահները ընտանեկան բռնության 1547 հաղորդում են ստացել, 1175 մարդ հաշվառվել է որպես բռնարար: Վիճակագրությունը միայն արձանագրված դեպքերին է վերաբերում (բռնության ենթարկվող կանանց զգալի մասը այդ մասին չի բարձրաձայնում): «Այս դեպքերով 556-ով նախազգուշացում է արդեն իսկ կիրառվել բռնարարների նկատմամբ, 619 դեպքով անհետաձգելի միջամտության մասին որոշում է կայացվել, 6-ով՝ պաշտպանության միջոց է կիրառվել դատական կարգով», - հավելեց պաշտոնյան։ «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Նազարյանն էլ կարծիք հայտնեց, թե «ընտանեկան բռնության, միջհարևանային բռնության դեպքերի 90 տոկոսը կապված է թմրամոլության հետ»: Կասկածելի վիճակագրությունը պատգամավորը հիմնավորեց ոստիկանների հետ «առանձին զրույցներով»: «2022 թվականի առաջին 7 ամիսների ընթացքում 4808 կին դիմել է օգնության, որոնցից ուղիղ կեսը ենթարկվել է բռնության։ Առավել տարածված են ծեծը և բռնությունը, Երևանը չհաշված, Շիրակում, Կոտայքում և Արմավիրում։ Սա է մեր իրականության պատկերը», - հավելեց Նազարյանը՝ առաջարկելով նախ պարզել պատճառները։ Սա գործող օրենքում լրացուցիչ փոփոխություն է՝ արձագանքեց փոխնախարարը․ այն հստակ նպատակ ունի՝ այնպես անել, որ բռնարարը գիտակցի՝ բռնության ենթարկվածին մոտենալ չի կարող։ Որպես հսկողության միջոց սա, ըստ պաշտոնյայի, բավականին արդյունավետ կարող է լինել։ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» տվյալներով՝ անցած տարի ընտանեկան բռնության հետևանքով առնվազն 16 կին է սպանվել։ Թիվը հիմնվում է ոստիկանական հաղորդումների և մամուլի հրապարակումների վրա։ Իրավապաշտպանները ընդգծում են՝ սա ողջ պատկերը չի արտացոլում, քանի որ ոչ բոլոր մահերն են հանրայնացվում կամ իդենտիֆիկացվում որպես ընտանեկան բռնության հետևանք։ Քննչական կոմիտեն 2022 թվականին ընտանեկան բռնության 960 գործ է քննել, դատարան է ուղարկվել միայն 9-ը։ Կոմիտեն սեռային պատկանելությամբ վիճակագրություն չունի։ տե՛ս՝ (2022-ի առաջին կիսամյակի դրությամբ)
Մետրոյի նոր կայարանը կլինի Թումոյի մայթին
Նախնական հաշվարկներով Աջափնյակի կայարանի շինարարությունը տևելու է 48 ամիս․․․
15 տարի առաջ սպանում էին հանուն Քոչարյան-Սարգսյանի, այսօր՝ արձան և աղոթք
10 մարդու սպանելու, հարյուրավորներին՝ խոշտանգելու, տասնյակներին՝ բանտարկելու համար ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել