Ստեփանակերտի զորամասերից մեկի հրամանատարը սպառնացել է սպա Տիգրան Վարդանյանին այն բանից հետո, երբ նրա հայրը՝ Շանթ Հարությունյանի գործով անցնող քաղբանտարկյալ, ազատամարտիկ Վարդան Վարդանյանը, դատարանում հայտարարել է ոստիկանությունում խոշտանգումների ենթարկվելու մասին։
«Որդուս ասել են՝ չես կարողանում հորդ ասել, որ անուններ չտա։ Ասել են՝ մտածի քո կարիերայի մասին»,- դատարանում հայտարարել է Վարդան Վարդանյանը։
Բացի դա, ըստ Վարդանյանի, 4 ոստիկաններ գնացել են իրենց շենք, զրուցել հարևանների հետ, սպառնացել են իր ընտանիքի անդամներին։
«Ուրեմն ասում եմ, որ ես չեմ լռելու։ Մեռնեմ, գերեզմանիս մի մետր խոտ աճի, ասելու եմ, որ Վովա Գասպարյանը ինձ խփել է։ Ու պատասխան են տալու։ Ես չլինեմ, իմ տղաները, կամ թոռներն են վրեժ լուծելու, փառք Աստծո, հինգ թոռ ունեմ»,- ասել է Վարդան Վարդանյանը։
Քաղբանտարկյալը նշել է, որ ՔՀԿ-ում ամեն օր իրեն խնդրում էին ասել, որ ծեծ չի եղել։
Նախորդ նիստում Վարդանյանը հայտարարել էր, որ ոստիականպետ Վլադիմիր Գասպարյանը իրեն ծեծել է, երբ մի քանի ոստիկաններ բռնել էին իր ձեռքերը։ Եվ այդ ամենը տեղի է ունեցել երեք քննիչի ներկայությամբ։
Ավելի վաղ Գասպարյանի կողմից ծեծի ենթարկվելու մասին հայտարարել էր նաև Շանթ Հարությունանը, իսկ Գասպարյանը հերքել էր, թե ինքը հարվածել է Վարդանյանին և Հարությունյանին։
«Երբ Վովա Գասպարյանը ձեռքը բարձրացնում էր իմ վրա, ես նրա աչքերի մեջ վախ էի տեսնում, նա, ինձ խփելով, իր վախն էր հանում։ Համառորեն ուզում են այստեղ Ուկրաինա դարձնել։ Մեզ կոմպրոմիսի տեղ չեն թողել… իրենք մտնում են անձնական դաշտ, հասնում մեր ընտանիքներին և երեխաներին»,- այսօր դատարանում անդրադառնալով ծեծի փաստին՝ ասել է Հարությունյանը։
Վերջինս ռեժիմը փոխելու պատրաստակամ մարդկանց խնդրել է իրենց գործով դատավճռի օրը դատարան գալ։
«Մենք կարող է սկսենք դատարանի շենքից։ Ու նրանց կստանան այն, ինչ ցանկանում են տեսնել Երևանի փողոցներում»,-ասել է Հարությունյանը։
Դատավորը ընդհատել է՝ ասելով, որ Հարությունյանը բռնության կոչ է անում, և հետաձգել է դատական նիստը։ Հաջորդ նիստը կկայանա վաղը, 12։00-ին։
Նշենք, որ Հարությունյանն ու նրա 13 ընկերները մեղադրվում են նոյեմբերի 5-ին իրենց նախաձեռնած երթի ընթացքում որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ՝ զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով: Նրանք չեն ընդունում իրենց մեղքը, մասնավորապես, նշելով, որ երթին խանգարել են սադրիչները, իսկ քաղաքացիական հագուստով ոստիկանները իրենք են հրահրել ընդհարումը։