Home / Հայաստան / Երևանը սպասում է 18։00-ին, մարզում մարդիկ ճանապարհ են փակում

Երևանը սպասում է 18։00-ին, մարզում մարդիկ ճանապարհ են փակում

Այսօր ողջ օրվա ընթացքում Բաղրամյան պողոտայի՝ էլէներգիայի թանկացման դեմ նստացույցի մասնակցիցները սոցիալական ցանցերի միջոցով մարդկանց կոչ են արել ժամը 18։00-ին գնալ Բաղրամյան պողոտա, որտեղ պետք է որոշում կայացվի հետագա անելիքների մասին։ Կոչերի հեղինակները հորդորում են սոցիալական ցանցերի օգտատերերին ակցիայի մասին տեղեկացնել իրենց բարեկամներին ու ծանոթներին։

Երեկ երեկոյան նրանից հետո, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ մինչև ՀԷՑ֊ու իրականացվելիք աուդիտի ավարտը ՀՀ կառավարությունը հոգալու է թանկացման ծախսերը ողջ բնակչության համար, Բաղրամյան պողոտայի առաջին շարքերում քննարկումներ սկսեցին նստացույցն ավարտելու մասին։ Նախաձեռնող խմբից ոչ մեկը, սակայն, դա հայտարարելու բեռն իր վրա չվեցրերեց, քանի որ հավաքվածներից շատերը նշում էին, որ Սերժ Սարգսյանի որոշումն իրենց պահանջի կատարումը չէ, այլ մարդկանց իրենց իսկ՝ հարկատուների հաշվին «լավություն անելն է»։ Ակնկալվում է, որ ինչ֊որ որոշում կարող է կայացվել այսօր՝ բազմահազարանոց հավաքի ժամանակ։

Այսօր ցերեկը Արագածոտնի մարզի Արագած և Հարթավան գյուղերի բնակիչները՝ մեծ մասամբ երիտասարդներ, փակել են Ապարան տանող ճանապարհը՝ ի նշան համերաշխության Երևանում ընթացող էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ նստացույցի։ Ապարանից Epress.am֊ին տեղեկացրել են, որ 15։15-ի դրությամբ ճանապարհը դեռ փակ էր։

hartavan1

Կեսօրից հետո Երևանի կենտրոն են սկսել ձգվել ոստիկանական ուժեր քաղաքի տարբեր հատվածներից։ Մասնավորապես, Epress.am֊ի թղթակիցը ականտես է եղել, թե ինչպես մոտ 25 ոստիկանական մեքենա, այդ թվում՝ «Գազելներ», Նար֊Դոս փողոցով բարձրանալիս է եղել դեպի կենտրոն։ Ինչպես և մնացած օրերին, ոստիկանների կուտակումներ են Դեմիրճյան փողոցում՝ Ազգային ժողովի մոտ, սակայն երեկ երեկոյան արդեն նրանց թիվը նախորդ օրերի համեմատ շատացել էր։

2police