Վերջին երեք օրերի ընթացքում Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալները սպանել են ուժային կառույցների 30 ներկայացուցչի։
Թուրքիայի արևելյան Իգդիր նահանգում երեքշաբթի՝ սեպտեմբերի 8֊ին, PKK-ի պայթեցրած ռումբի հետևանքով մահացել է 13 ոստիկան, մի քանիսը՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածք ստացել, գրում է Today's Zaman կայքը։
Զինյալները պայթեցրել են ոստիկանների ավտոբուսը, երբ վերջիններս մաքսային պաշտոնյաներին ուղեկցում էին դեպի Թուրքիան ու Նախիջևանի ինքնավար հանրապետությունը բաժանող Դիլուչու մաքսային սահմանակետ։
PKK֊ի հարձակման հետևանքով երեքշաբթի մահացել է նաև ոստիկանության մեկ այլ ծառայող, որը դստեր հետ իր անձնական մեքենայով ընթանում էր Թունջելի֊Երզնկա ավտոմայրուղով։ Ոստիկանը մահացել է հիվանդանոցում․ նրա դուստրը չի տուժել։
Երեքշաբթի տեղի ունեցած պայթյունները հաջորդել են կիրակի՝ սեպտեմբերի 6֊ին, Հաքարի նահանգում տեղի ունեցած հարձակումներին, որոնց հետևանքով 16 զինծառայող մահացել էր, 9֊ը՝ վնասվածքներ ստացել։
Քրդերի և Թուրքիայի միջև վերսկսված հակամարտությունը վերջ դրեց Էրդողանի՝ 2012 թվականին նախաձեռնած գործընթացին, որով նա փորձել էր լուծել ավելի քան երեք տասնամյակ տևած ու շուրջ 40,000 մարդու կյանք խլած հակամարտությունը։ Այժմ Թուրքիայի քրդամետ ուժերը նշում են, որ Էրդողանի կառավարությոնը կոնկրետ պայքար է սկսել քրդերի դեմ։
Ստեղծված իրավիճակը բարդանում է նրանով, որ երկիրը հայտարարել է «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» (ԻԼԻՊ) դեմ պայքարի մասին։
Սիրիայի հյուսիսում քուրդ աշխարհազորայինները, ԱՄՆ֊ի օդային հարձակումների աջակցությամբ, զինված պայքար են մղում «Իսլամական պետության» զինյալների դեմ։ Այդ պայքարում նրանց աջակցում են նաև PKK֊ի զինյալները։ Թուրքիայի իշխանությունները, սակայն, մտահոգված են, որ Սիրիայի քրդերի տարածքային ձեռքբերումները անջատողական տրամադրություններ կհրահրեն նաև Թուրքիայի քուրդ բնակչության շրջանում։
Թուրքիայի ձախական ուժերը նշում են, որ երկրի իշխանությունների՝ ԻԼԻՊ֊ի դեմ հայտարարված պայքարը երբեմն ձևական բնույթ է կրում, և իրականում թուրքական բանակը պատերազմում է նաև քրդերի դեմ՝ վերջիններիս և ԻԼԻՊ֊ին որպես հավասար սպառնալիք դիտելով։