Շիրակի մարզում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ընդառաջ բուռն քարոզարշավ է ընթանում, գրում է Galatv.am֊ը։ Պետական պաշտոններ զբաղեցնողները մանկապարտեզներում և դպրոցներում կոչ են անում կողմ քվեարկել իշխանությունների կողմից նախաձեռնած սահմանադրական փոփոխություններին, որոնք ընդունելու դեպքում Հայաստանը խորհրդարանական հանրապետություն կդառնա։
Կայքը նշում է, որ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը ևս ակտիվորեն ներգրավված է այս գործընթացում.
«Առանձին քաղաքապետարան են հրավիրում երաժշտական և մարզական դպրոցների ղեկավարներին, նրանցից ցուցակ պահանջում՝ մոտավորապես հասկանալու համար ժողովրդի ընդհանուր տրամադրությունները, թե առանց գումար բաժանելու հնարավո՞ր է արդյոք ձայներ ապահովել, թե՞ ոչ:
Մարզադպրոցներից մեկի ղեկավարը մեզ հետ զրույցում անկեղծացավ, թե իրենից պահանջել են ցուցակ՝ 60 հոգու համար:
Զուգահեռ Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցներն ու ավագանու որոշ անդամներ միասին քարոզչություն են իրականացնում Գյումրու քաղաքապետարանի ենթակայության տակ գործող նախակրթարաններում: Օրինակ, այսօր Գյումրու մի քանի նախակրթարաններում շրջել են Սամվել Բալասանյանի խորհրդական Սահակ Սահրադյանը և Գյումրու ավագանու անդամ Տիգրան Հովհաննիսյանը…
…Ամենահետաքրքիրը քաղաքապետարանի աշխատակիցների անկեղծությունն է:
Նրանք բացատրում են գյումրեցիներին, որ ՀՀԿ-ն արդեն իսկ քվեարկությունը նկարել է, եւ բոլոր մարզերում ապահովված է «այո»-ն, եւ միակ խնդիրը Շիրակի մարզն է: Ավելին, բացատրում են, որ եթե այս անգամ էլ ՀՀԿ-ն պարտվի Գյումրիում, էլ ավելի մեծ խնդիրներ են առաջանալու:
Այսպես, Բալասանյանի խորհրդական Սահակ Սահրադյանն այսօր Գյումրու նախակրթարաններից մեկում ժողովի ժամանակ հայտարարել է. «Քվեարկեք, չքվեարկեք, մեկ է, անցած է, սաղ մարզերով հարցը լուծված է, ինչի՞ եք ուզում, որ Շիրակի մարզն էլի նախագահի աչքից ընկնի»:
Քաղաքապետարանի աշխատակիցն ու ավագանու անդամ Տիգրան Հովհաննիսյանը գյումրեցիներին խնդրել են Շիրակի մարզպետին ու Գյումրու քաղաքապետին «երեստեղ» թողնել, որ կարողանան «բան» խնդրել գյումրեցիների համար, այլապես «բոլորով կպատժվեն»:
Ավելին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի խորհրդականը մի շատ կարևոր բացահայտում արեց: Ըստ նրա, 2013 թ.-ի նախագահական ընտրությունների ժամանակ, երբ Գյումրի քաղաքն ընտրել է Րաֆֆի Հովհաննիսյանին, այդ իսկ պատճառով է Սարգսյանը երկու տարի շարունակ պատժել գյումրեցիներին: Քաղաքապետարանի պաշտոնյան նաև կոնկրետ օրինակ է բերել. «Օրինակ, Լոռու մարզը 5 մլրդ դրամ ճանապարհաշինության համար է ստացել, իսկ Գյումրին՝ 140 հազար դրամ: Քաղաքի ապագան ձեր ձեռքն է, մենք ավելի քան 200 փողոց ունենք, որոնք լրիվ ավերված են, տեղական բյուջեով սարքել չենք կարող: Դրա համար «այո» պտի ասեք: Կուզեք ավելի վատ եղնի, գնացեք «ոչ» ասեք»,- ասել է Սահակ Սահրադյանը»: