Հոդված՝ Ռոբինզոն. իրական փորձ
Հեղինակ՝ Արամ Պաչյան
Եթե մի օր մարդը ընդունակ լինի դադարեցնելու իր մանկության տարածականությունը, ապա չապրի ու չվերհիշի ետ վերադառանալու զգացական ինքնությունը, ուրեմն Ռոբինզոն Կրուզոն այս անգամ արդեն վերջնականապես հավաքելու է հարակայունության իր ապահով ճամպրուկը:
Այսպես ասած, կեցության հանապազօրյա մթերանոցում Դանիել Դեֆոյի հռչակավոր վեպի վերնագիրը, գրեթե միշտ կիսատ է սղվում, ըստ այդմ արտասանվում ու մտապահվում է թերատության մեջ: Ահա՝ Դանիել Դեֆո՝ «Ռոբինզոն Կրուզո», կամ ավելի ծույլ, ընդունված տարբերակով՝ պարզապես «Ռոբինզոն»: Սկզբից ևեթ այս պատմության առաջին նախադասությունը դավադրաբար հատվում է՝ իր հետ տանելով մի կարևոր բարեհաճություն, որի կիրառումից ապագայում հրաժարվելու էր վիպասանության հիմնարվեստը` պահ տալով այն մանկապատանեկան «ոչ ծանրակշիռ» շրջանակում:
Դեֆոյի վեպի ամբողջական վերնագիրն է՝
«The Life and Strange Surprizing Adventures of Robinson Crusoe, Of York, Mariner: Who lived Eight and Twenty Years, all alone in an un-inhabited Island on the Coast of America, near the Mouth of the Great River of Oroonoque; Having been cast on Shore by Shipwreck, wherein all the Men perished but himself. With An Account how he was at last as strangely deliver'd by Pyrates»:
Նմանօրինակ վերնագիրը կարող է ընդամենը մի բան հավաստել՝ Արկած սկսված է և մասնակիցն ամբողջովին այդ վերոնշյալ բարեհաճության նյութն է:
Թերևս 18-րդ դարում պատումի արկածայնությունը իր նոր սկսվող և վաղ ավարտվող պատմությամբ լավագույն շրջանն էր ապրում: Հատորյակների բաժանված մսեղ վեպը խորքում հեղինակի ալտրուիստական, սակայն այնուամենայնիվ կոմերցիոն ձեռնարկն էր, որի հաջողությունից շատ դեպքերում կախված էր շարաբանող-մարդու՝ հանձին Դեֆոյի կենցաղի ճակատագիրը: Եվ ինչպես պատմությունից է հայտի Դեֆոն միայն իրեն հռչակ բերած «Ռոբինզոնի» հեղինակը չէր, այլև չստացված պաստոր, անարգանքի սյունին գամված հրապարակախոս, քաղաքական գործիչ, վաճառական, արկածախնդիր, բանսարկու, պարտապան ու սադրիչ: Դարի մեծագույն պամֆլետիստներից մեկը, նաև անգլիական լրագրության հայրերից, ով հիմնադրեց ու հրատարակեց թերթեր և ամսագրեր: Ուրեմն եթե «Ռոբինզոնը» դիտարկենք, որպես մանկապատանեկան ընթերցանության արդյունք, մեր հիշողության մեջ վեպը վերադարձնելու ենք անվերապահորեն արկածի միջով: Արկածն ու մանկությունը համանուն են՝ մի ճյուղի, մի բաղադրության արդյունք: «Ռոբինզոնի» պարունակից հանել արկածը, կնշանակի հրաժարվել մանկությունից, որը ոչ միայն կոչված է բացահայտելու աշխարհը, այլև պատկերահանելու բացահայտման ողջ գործընթացը:
Ջոն Վինտերիխը իր «Դանիել Դեֆոն և «Ռոբինզոն Կրուզոն» էսսեում գրում է՝
«Դեֆոն կզարմանար, իմանալով, որ «Ռոբինզոնը» դարձել է «մանկական գիրք»: Դա, իհարկե, այն գրքերից էր, որը «կարդում էին բոլորը», սակայն քչերն էին ճիշտ կարդում: Բոլորը կարդում էին վերջին երկու դարերի ընթացքում լույս տեսած գրքի հարյուրավոր համառոտ շարադրանքներից մեկը: Իսկ «Ռոբինզոնի» առաջին նման շարադրանքը հայտնվեց 1722 թվականին: «Ռոբինզոնը» մանկական գրքի համբավ սկսեց ձեռք բերել 1762թվականից Ռուսոյի «Էմիլի» ասպարեզ գալուց հետո: Էմիլը տասնհինգ տարեկանում ծանոթանում է ոչ թե Արիստոտելի, Պլինիոսի կամ Բյուֆոնի հետ, ինչպես ենթադրում էին այն ժամանակ: «Ոչ,- ասում է Ռուսոն,- Ռոբինզոն Կրուզոյի հետ: Ռուսոյին, իհարկե, գրավում էին գրքի մանկավարժական արժանիքները, բայց նրա հեղինակությունը կրթության պատմության մեջ ոչ միայն հեղաշրջում առաջացրեց և Անգլիայում մանկական գրականության հիմք դրեց, այլ հռչակավոր դարձրեց «Ռոբինզոն Կրուզոն»» («Հանրահայտ գրքերի արկածները», Երևան 1988, «Լույս» հրատարակչություն, թարգմանությունը՝ Է. Խաչատրյանի):
Այնուհանդերձ սա Դեֆոյի գործած թակարդն է:
Արկածն ու մանկությունը վիպական կաղապարի ատաղձն են, հումքը չդադարող մեկնաբանությունների ու վերարտադրումների, որոնք բումերանգի նման հեռանում են բոլոր հնարավոր իմաստներից և վերադառնում մեկնակետ: Չմոռանանք՝ Դեֆոն ապրում էր արկածը վերցնելու, այլ ոչ երևակայելու ժամանակաշրջանում: «Ռոբինզոնի» պատմությունը իր նախատիպն ուներ՝ «Cinque Ports» նավի բոցմանը՝ շոտլանդացի Ալեքսանդր Սելքիրքը, ով 1704-1709թթվականերին ապրել էր մի անմարդաբնակ կղզում։ Սակայն ի տարբերություն Կրուզոյի, (ով նավաբեկության արդյունքում է կղզում հայտնվում), Սելքիրքը կղզի է իջեցվում իր ցանկությամբ: Սա վեպի ամենաէական տարբերությունն ու կողմն է՝ կյանքի մի հանգամանք, որը գրչի սահուն հարվածով վերափոխվում է գրականության՝ ի հայտ բերելով կասկածների ու հարցադրումների առանձին մատենացանկ: Սելքիրքի կյանքի անմշակ նյութը, կուզեք կյանքի մասին տարածված լուրը, կամ ավելի հեռուն գնանք՝ առասպելը կատարելապես վերաբերում էր մարդկային աշխարհագրության realis-ին, որը քաջ գիտակցում էր վեպի հեղինակը: Բախվել անհավանականի ու զարմանահրաշի հետ հենց այստեղ, այլաբանության զեղումներին խորթ այս շոշափելի ու զգալի իրականության մեջ: Մի բան, որ կարող է պատահել մոլորակում ապրող յուրաքանչյուր մարդու հետ:
Ահա պայթյունը՝ Դեֆոն յուրաքանչյուրին հնարավորություն տվեց լինել Ռոբինզոն Կրուզո, քանզի այդ լինելիության սահմանագիծը քարտեզագրված էր ծանելի բնահողով:
Մարդկային կյանքի համար գուցե չկա ավելի բարդ, հետաքրքիր, նաև սենտիմենտալ դրություն, քան ամեն ինչ նորից սկսելը, նոր կյանք, որը պիտի սահմանել, որակել, ապա նկարագրել դրա ներքին և արտաքին ճանապարհը: Վեպի սզբնամասերում Կրուզոն գրում է՝ «Ես ծնվել էի ինձ կործանելու համար»: Այս խիստ դեկադանսական խոստովանության փակագծերն այդպես էլ չեն բացվում: Նրա մասին համառոտ տեղեկություններ տալով մինչ նավաբեկությունը և անմարդաբնակ կղզում հայտնվելը, Դեֆոն իր հերոսին ոչ մի կերպ ներհայեցողական հատկություններով չի օժտում՝ բավարարվելով համառոտ տեղեկատվության դիցուք հեռագրային բնույթով: Երեսանց մենք գիտենք, որ Ռոբինզոնը ծնվել է բարեկեցիկ ընտանիքում, մի եղբայրը մարտում ընկած զինվորական էր, մյուսը՝ անհետ կորած: Գիտենք նրա աշխարհը տեսնելու ցանկությունը, նավ բարձրանալը, որ շուտով պիտի կործանվի: Ահա նոր կյանքի հետ անծանոթությունից առնչվելու ժամանակներում մարմինն ու հոգին գործում են հատկապես արտաքին աշխարհը պատկերով համտեսելու համար, (այս հատկությունը հետագայում իր լրիվությամբ դրևսորվում է Ժյուլ Վեռնի վեպերում): Ռոբինզոնի համար եղած աշխարհի մեջ մի նոր աշխարհ բացահայտելը, ապա նկարագրելը՝ հոգեբանական իրադարձություն չէ, ավելի շուտ բնազդային կենսունակություն է, երբ կյանքը սկսվում է ամենապարզ այբուբենից, ամենապարզ տառատեսակով՝
Դեկտեմբերի 25. Ամբողջ օրն անձրևեց (էջ 88, «Ռոբինզոն Կրուզո», Երևան 2013, «Անտարես» հրատարակչություն, թարգմանությունը անգլերենից՝ Սարգիս Ալեմյանի):
Դեկտեմբերի 27. Սպանեցի մի այծիկ, մեկին էլ վիրավորեցի ոտքից. վիրավորին բռնեցի և թոկով բերեցի տուն: Տանը ես կապեցի և փաթաթեցի նրա սրունքը որը ջարդված էր (էջ 88)»:
«Ապրիլի 28 և 29. Այս երկու օրերն ամբողջությամբ զբաղված էի գործիքներս սրելով, իմ պատրաստած սարքավորումով հեսանաքարը պտտեցնում էի շատ հաջող (էջ 95):
Ապրիլի 30. Այսօր նկատեցի, որ իմ հացի պաշարն զգալիորեն պակասել է: Նորից հաշվեցի բոլոր պարկերը և օրապահիկի քանակությունը պակասեցրի, որոշակի օրական մեկ պաքսիմատից ավելի չուտել: Այս հանգամանքը ծանրացել էր իմ սրտին (էջ 95-96):
Ո՞ւմ հետ է զրուցում Ռոբինզոնը, խնամքով լրացնում իր օրագիրը, երբ ամեն րոպե ստեղծված ոչ նպաստավոր հանգամանքները կարող են կործանել նրա կյանքը: Վերջապես օրագիրը լոկ ինքնախոսության մատյան չէ, այլ մանկական գաղտնագրությամբ Ուրիշի հետ խոսելու ակնհայտ փորձ՝
«Ամբողջ օրն անձրևեց»:
Անձրևը միայն անձրևի վավերացումից հետո է իրականանում՝ սա «Ռոբինզոնի» ամենակարևոր նախադասություններից մեկն է, որի մեջ զետեղված է պատմության ողջ տրամախոհությունը: Վեպում էպիստոլյար գիրը ոճաբանական մոտիվ չէ: Այն ավելի շատ առարկայի դերակատարն է, որի մակերեսին ճարտարապետական տեսք ընդունելով լեգիտիմանում են քաոսն ու անհայտությունը՝ կերպարանափոխվում բովանդակ իրականության: Անմարդաբնակ կղզում Կրուզոյի կյանքն ու արկածները, Ուրբաթի հայտնությունը, նրանց փոխհարաբերությունները, վերադարձը քաղաքակիրթ աշխարհ, սրանք իրականության վերահաստատմանն ուղղված հայտեր են:
Արդ ռոբինզոնների, ուրբաթների, առհասարակ «ռոբինզոնադը» որպես գրական ժանրի, անմարդաբնական կղզիների չդադարող հրավառություն է, որ սկսվեց Դեֆոյի վեպի հրատարակումից ամիջապես հետո: Վիլյամ Գոլդինգի վեպի համանուն հերոս` ռոբինզոնացված Հապուգա Մարտինին նոր իրականության համար ընդամենը ժայռաբեկոր է պետք և օվկիանոսի ձայն: Իտալո Կալվինոյի՝ «Բարոնը ծառի վրա» վեպի գլխավոր հերոսը` Կոզիմոն, ընտրում է ծառերի վրա ապրելու ճակատագիր-կղզին: Կյանքին մասնակցելու նրա կերպը աշխարհը ծառերի կատարից ուսումնասիրելու մեջ է: Միշել Թուրնյեի՝ «Ուրբաթում», Ռոբինզոնը ինքնակամ հրաժարվում է մարդկանց աշխարհը վերադառնալ և այսպես շարունակ: Եվ այս հարյուրավոր ոոբինզոնների լույս աշխարհ գալը ինչ է, եթե ոչ մարդու կողմից ստեղծված վստահելի գործիքներով իրականությունից խույս տվող աշխարհը նկարագրելու մի նոր իրական փորձ: