Ինժեներ, քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին կալանավորելու որոշումն ապօրինի է։ Այս մասին ասված է Գասպարիի պաշտպաններ Դավիթ Գյուրջյանի, Տիգրան Եգորյանի և Լուսինե Հակոբյանի տարածած հայտարարության մեջ։ Հիշեցնենք, որ կալանավորման որոշումը Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը կայացրել էր փետրվարի 19-ին։ Վերջինս մեղադրվում է վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Հակոբյանին և ոստիկանության աշխատակիցներ Դիանա Վարդանյանի և Սոնա Մելիքյանի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու մեջ:
Կալանավորման ապօրինի բնույթը փաստաբանները փետրվարի 20-ին տարածած հայտարարության մեջ պատճառաբանում են հետևյալ փաստարկներով․
1.Գասպարիին կալանավորելու որոշման նիստը անց է կացվել առանց վերջինիս ներկայության, ինչը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի կոպիտ խախտում է: Անձը պետք է ներկա լինի իր վերաբերյալ կալանավորման որոշման նիստին և իրավունք ունենա լսվելու:
2. Մինչ օրս Վարդգես Գասպարիին չեն հանձնել կալանավորման մասին որոշումը, թեպետ նա պահանջել է այն իրեն կալանավորման ենթարկող ոստիկաններից: Մինչև «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելը Գասպարիին 3 ժամ պահել են Կենտրոնի ոստիկանությունում. հեռախոսով պահանջել ենք Գասպարիին տրամադրել կալանավորման մասին որոշումը, ինչպես նաև տալ նրա հետ հեռախոսով խոսելու հնարավորություն, սակայն ապարդյուն:
3. Կալանավորելու որոշումը հավանաբար կիրառվել է Գասպարիի՝ նիստերին չներկայանալու պատճառով, սակայն դա չի հետապնդում իրավաչափ նպատակ, քանի որ Գասպարիի՝ նիստերին մասնակցությունն ապահովվում էր նրան բերման ենթարկելու միջոցով: Գասպարին ինքնակամ չի ներկայացել 8 դատական նիստի, որոնցից 4-ին նրան բերման են ենթարկել: 19.02.2016թ. նիստի կապակցությամբ միջնորդություն էինք ներկայացրել այն հետաձգելու մասին: Հիշեցնենք, որ դատավոր Նելլի Բաղդասարյանը երկու անհիմն որոշում էր կայացրել հանրային պաշտպան ներգրավելու մասին՝ Տիգրան Եգորյանիս և Դավիթ Գյուրջյանիս՝ Գասպարիի պաշտպաններիս հեռացնելով վարույթից անգամ մեր հարցերին ի պատասխան հարկ չհամարելով ներկայացնել որևէ հիմնավորում:
4. Վարդգես Գասպարիի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը այն դեպքում, երբ նրան մեղսագրվող արարքի համար նախատեսված առավելագույն պատիժը 3 ամիս կալանքն է: Բացի դրանից՝ հիշյալ արարքի հանրային վտանգավորության աստիճանը չափազանց ցածր է, ուստի և խափանման միջոց կալանավորում ընտրելը խիստ անհամաչափ է:
Չնայած նրան, որ կալանավորման որոշումը չենք ստացել, այն արդեն բողոքարկել ենք վերաքննիչ դատարան: Փետրվարի 19-ին՝ ժամը 23:30, բողոքը փորձել ենք առձեռն հանձնել վերաքննիչ քրեական դատարանին, սակայն բացի երկու կարգադրիչից դատարանում որևէ այլ աշխատող չկար։ Դրա պատճառով բողոքն ի վերջո հանձնել ենք «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, որը պարտավոր է հանձնել այն վերաքննիչ դատարանին, սակայն ըստ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցների՝ այն չի հանձնվի ավելի վաղ, քան երկուշաբթի, ինչը նշանակում է, որ Գասպարիի նկատմամբ կայացված կալանավորման ապօրինի որոշումը չի քննարկվի դատարանի կողմից դրանից շուտ: Սա իր հերթին առաջացնում է մարդու իրավունքների նոր խախտում՝ ազատությունից զրկելու վերաբերյալ որոշման անհապաղ վերանայման առումով:
«Հաշվի առնելով վերոգրյալը և գործի փաստերը՝ եզրահանգում ենք, որ Վարդգես Գասպարիի կալանավորման որոշումն անհրաժեշտ չէր, չի հետապնդում իրավաչափ նպատակ և անհիմն է, այն ավելի շուտ քաղաքական որոշում է, որի նպատակն անհնազանդ, անարդարության դեմ պայքարող մարդկանց նկատմամբ ճնշումն է և այդ միջոցով մնացածի համար վախի մթնոլորտի ստեղծումը», ֊ ընդգծում է Գասպարիի փաստաբանները: