«Պարտադիր կուտակային կենսաթոշակի մասին» օրենքի նախագծի ամբողջական կիրառումը մեկ տարով հետաձգելը նախընտրական քարոզարշավը չփչացնելու համար է։
Կառավարության հրավիրած արտահերթ նիստին այսօր «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ասել է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
Պատգամավորի խոսքով՝ իշխող կուսակցությունը հասկանում է, որ օրենքի նախագծի ամբողջական կիրառումը կարող է աղմուկ բարձրացնել․ «Մենք բոլոքրս գիտենք, թե ինչ աղմուկ բարձրացավ և բողոքի ցույցեր էին լինում պահանջով, որ համակարգը գոնե լինի կամավոր։ Համակարգի ամբողջությամբ ներառումը 1 տարով հետաձգելը նախընտրական բնույթի առաջարկություն է, որովհետև պարզ է՝ եթե մասնավոր սեկտորի ներկայացուցիչներն իմանան, որ համակարգը սկսելու է գործել, ցույցեր են անելու և դրա համար պետք չէ նախընտրական տարին փչացնել և մեկ տարով հետաձգվում է»։
Այս ընթացքում համակարգն, ըստ Մարուքյանի, ապացուցել է, որ այն իրեն չի արդարացնում և չկա բավարար եկամտաբերություն։
«Ներկայացվում է, թե 8-10 տոկոս եկամուտ է եղել, իսկ իմ տեղեկություններով՝ եկամտաբերությունը եղել է 2-3 տոկոս։ 8-10 տոկոսը նախատեսվում էր, որ կլինի այն ժամանակ, եթե մեծ ներդրում լինի և բոլորը ներառված լինեն, իսկ համակարգը մասամբ է աշխատում դեռ։ Օրենքը երաշխավորում է գումարի վերադարձելիությունը ճշգրտված գնաճով, բայց ճշգրտված գնաճով վերադարձելիություն չի կարող լինել, որովհետև տարիներ անց գնաճն այնպիսին է լինելու, որ պետական բյուդջեով մենք պետք է մեծ ներդրումներ անենք, որ այդ գումարները ետ վերադարձնենք։ Կարծում եմ, որ 6-րդ գումարման Ազգային Ժողովն այս օրենքը հանելու է, ուղղակի չգիտեմ, թե այդ գումարները ոնց ենք վերադարձնելու մարդկանց», – ասել է պատգամավորը։
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ նշել է, որ իշխանության ձեռնարկած յուրաքանչյուր բարեփոխման նախաձեռնություն հանրության կողմից բացասական է ընկալվում․ «Դրա պատճառը մեկն է՝ տոտոալ անվստահություն ցանկացած փոփոխության հանդեպ, որը գալիս է վերևից, որովհետև չենք տեսել, որ որևէ փոփոխություն բերի դրական արդյունքի։ Կա տոտալ անվստահություն ավանդների այս համակարգի հանդեպ, որովհետև մենք տեսել ենք, թե ինչ է կատարվում ԽՍՀՄ դրամարկղերում մեր ծնողների կուտակած ավանդների հետ և տեսնում ենք այդ համակարգի բացարձակ անարդարությունը»։