Home / Ազգային ժողով / «Վաղն ավարտին ենք հասցնում»․ ՀՀԿ֊ականները քվեարկելու են Փաշինյանի օգտին (թարմացված)

«Վաղն ավարտին ենք հասցնում»․ ՀՀԿ֊ականները քվեարկելու են Փաշինյանի օգտին (թարմացված)

Փաշինյանի ելույթը ապրիլի 25-ի հանրահավաքին.

22։15 Նիկոլ Փաշինյանը՝ ապրիլի 26-ի անելիքների մասին․

«Ինչ եք մենք անում վաղը՝ ժամը 19։00-ին, հանրահավաք Հանրապետության հրապարակում։

Առավոտից նոր թափով շարունակում ենք գործադուլները, դասադուլները և ավարտին ենք հասցնում այս պատմությունը։ Վաղվա գործողությունները սկսում են 12։00-ից։

12։05֊ին բոլոր ընթացքի մեջ գտնվող մեքենանները 20 րոպեով դադարեցնել երթևեկությունը։

Ես ինքս վաղը Լամբադայից (Կոմիտասի պողոտայի վերջնահատվածում գտնվող կամուրջ) սկսելու եմ [երթը] դեպի Կոմիտաս»։

22:10 Նիկոլ Փաշինյանը՝ ոստիկանության և ՀՀԿ֊ի մասին․

«Ոստիկանության պետի՝ Վլադիմիր Գասպարյանի այսօրվա հայտարարություններն ուղղակիորեն նշանակում են, որ նրանք հրաժարվում են և հրաժարվելու են կատարել Կարեն Կարապետյանի որևէ հրաման։

Կարեն Կարապետյանը չունի որևէ լիզաորություն ուժային որևէ կառույցի հրահանգ տալու։ Ես ինքս ուժային կառույցներին հրահանգ տալու շատ ավելի մեծ հիմքեր ունեմ, քան Կարեն Կարապետյանը։

Եթե հանկարծ փորձ արվի առաջադրել ՀՀԿ֊ի որևէ թեկնածու վարչապետի համար, ապա ժողովուրդը շրջափակելու է ԱԺ-ի, Կառավարության և բոլոր կառավարական շենքերը։

Այս պահին Կարեն Կարապետյանին զգուշացնում եմ, որ այս պահից չհամարձակվի ոտք դնել որևէ կառավարական շենք»։

22։00 Նիկոլ Փաշինյանը՝ վարչապետի ընտրության մասին․

«Մենք չենք ասում, որ վարչապետի ընտրությունը պետք է տեղի ունենա հրապարակում։ Մենք ասում ենք, որ ահա՛ հրապարակը, և ՀՀ ժողովուրդն ունի վարչապետի թեկնածու և ԱԺ խմբակցությունները պետք է հաշվի նստեն այս քաղաքական իրողության հետ և կոնսենսուսով առաջադրեն այդ թեկնածուին։ Խմբակցությունները քվեարկությամբ, ինչպես նշված է ՀՀ սամանադրության մեջ և ԱԺ֊ի կանոնակարգ օրենքում, այդ թեկնածուին կընտրեն ՀՀ վարչապետ։ Ես ուրախ եմ, որ այս ուղղությամբ կան կոնկրետ քայլեր, ինչը մեզ հույս է ներշնչում որ այս սցենարն ի վերջո իրականություն կդառնա։ Այսօր ՀՅԴ հայտարարել է Հանրապետականի կոալիցիայից դուրս գալու մասին»։

Նա նշել է, որ քիչ առաջ իրեն են մոտեցել ԱԺ ՀՀԿ խմբակության պատգամավորներ և պաշտոնապես ասել են, որ իրենք պատրաստ են քվեարկել վարչապետի ժողովրդական թեկնածուի օգտին։

«Ծառուկյան դաշինքը հայտարարել է իր աջակցությունը համաժողովրդական շարժմանը։ Եվ, ինչպես ասացի, կան Հանրապետական բազմաթիվ պատգամավորներ ովքեր պատրաստակամություն են հայտնել, հաշվի առնելով քաղաքական իրավիճակը, քվեարկել վարչապետի ժողովրդի թեկնածուի օգտին։ Հետևաբար՝ մեր բոլոր գործողությունները տեղավորվում են Սահմանադրության, ՀՀ օրենքի և ԱԺ կանոնակարգի սահմաններում», ֊ ասել է Փաշինյանը։

21։50 Նիկոլ Փաշինյանը՝ Կարեն Կարապետյանի մասին․

«Ոմանք մտածում էին, թե ժողովուրդն այնքան զարմացած և բավարարված է Սերժ Սարգսյանի հրաժարականով, որ նախորդ օրվա տոնախմբությունից հետո մոռացել է, թե ինչի համար ենք հավաքվել։ Կարեն Կարապետյանը՝ փոխվարչապետի պաշտոնակատար, հույս ուներ, թե ապրիլի 24֊ի արարողություններից հետո ապրիլի 25֊ին այլևս մարդիկ փողոց դուրս չեն գալու։ Բայց այն, ինչ տեղի ունեցավ այսօր, ակնհայտ է դարձնում մի բան՝ Կարեն Կարապետյանը մի գործողություն ունի անելու՝ անվերապահ և առանց նախապայմանների ճանաչել մեր հռչակած թավշյա ոչ բռնի ժողովրդական հեղափոխության հաղթանակը և Հայաստանի ղեկին կանգնելու որևէ հավակնություն չցուցաբերել։ Մենք պահանջում ենք Հանրապետական կուսակցության միանշանակ և անվերապահ կապիտուլյացիան ժողովրդի առաջ»։

Կարեն Կարապետյանի հրաժարական տալու և հերքման մասին․

«Այս ամենը պետք է դիտել միայն ու միայն ՀՀ օրենսդրության տեսակետից։ Այն պահին, երբ գործող վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական էր տվել, նրա հետ հրաժարական է տալիս ամբողջ Կառավարությունը։ Եվ այսօր Կառավարությունում չկա ոչ մի գործող պաշտոնյա, Կառավարության բոլոր անդամները հրաժարական տված են և ՀՀ֊ում այս պահին չկա Կառավարություն։ Կարեն Կարապետյանն իրեն հռչակել է ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար։ Այսօր իրավաբանները, վերլուծելով ՀՀ օրենսդրությունը, արձանագրել են, որ վարչապետի հրաժարականի պարագայում չի կարող լինել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար։ Հետևաբար Կարեն Կարապետյանը ոչ թե վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար է, այլ առաջին փոխվարչապետի ժամանակավոր պաշտոնակատար և նա չհամարձակվի հանկարծ իրեն վերապահել վարչապետի լիազորություններ, դա կարող է համարվել նույնիսկ քրեական հանցագործություն․․․

…Այսօր Կարեն Կարապետյանը, իրեն համարելով վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, հրավիրել է ուժայիններին և պնդել, թե պետք է արտակարգ դրություն մտցնել։ Բայց ես զարմանում եմ այդ մարդու տրամաբանության վրա։ Ուրեմն Սերժ Սարգսյանը վերջին 25 տարիների ընթացքում Հայաստանում եղել է Ներքին գործերի, Ազգային անվտանգության, ՊՆ նախարար… Կարեն Կարապետյա՛ն, ուրեմն ամսի 23-ին Սերժ Սարգսյանը չէ՞ր ֆայմում, որ կարա արտակարգ դրություն մտցնել, դու եկել ես սատանի մայլում քյանդրբազություն ես անո՞ւմ։

Ես պաշտոնապես հիմա ասում եմ՝ Կարեն Կարապետյան, դու չես կարող արտակարգ դրություն մտցնել, քանի որ անգամ եթե էդպիսի մի թուղթ ստորագրես, մենք տեղում չեղյալ կանենք այդ որոշումը։ Թե ուզում ես, բախտդ փորձիր։

Լուրեր են տարածվում, թե Կարեն Կարապետյանը Մոսկվայի միջոցով իր հարցերը լուծել է և դառնալու է Հայաստանի վարչապետ։ Ես ուրեմն կոչ եմ անում նման սադրիչ տեղեկություններ չտարածել, քանի որ այսօր հանդիպում եմ ունեցել Մոսկվայի պաշտոնական ներկայացուցիչների հետ և ստացել հավաստիացումներ, որ Ռուսաստանը չի միջամտում Հայաստանի ներքին գործերին։

Կան որոշ բիզնեսմեններ, որոնք իրենց համարում են Կարեն Կարապետյանի աջակիցը, և իրենց տեսակետը փորձում են ներկայացնել, որպես Մոսկվայի տեսակետ։ Ես ուզում եմ դիմել այդ մարդկաց․ հաշվի առեք՝ Հայաստանի Հանրապետությունը վարձակալության հանած առևտրի կենտրոն չէ։

Գնացեք, ձեր տարածքները տվեք վարձակալության, արեք ձեր բիզնեսը Մոսկվայում, այնտեղ ձեր բոլորի օրինական շահերը կպաշտպանվեն․․․

…Կարեն Կարապետյանին ու նրա թիմին խորհուրդ եմ տալիս դադարեցնել ստահոդ քարոզչությունը։ Սիրելի ժողովուրդ, ինչպես մի քանի օր առաջ ես հայտարարեցի, որ Սերժ Սարգսյանը ՀՀ֊ում իշխանություն չունի, այսօր էլ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Կարեն Կարապետյանի կառավարությունը հանրապետությունում չունի որևէ իշխանություն»։

21:30 ԱԺ «Ելք» խմբակցության խատգամավոր Արարատ Միրզոյանը հիշեցրել է, որ երբ երկու օր առաջ նա և իր թիմակիցները գտնվել են Երևանի ձերբակալվածների պահման վայրում, նրանց է այցելել փոխվարչապետ Կարեն Կարապետյանը։

«Մենք պայամանվորվեցինք, որ 2 ժամվա մեջ Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա, որը եղավ, մենք պայմանավորվեցինք, որ ապրիլի 24-ը լինելու է ապրիլի 24, որը եղավ, և մենք պայմանվորվեցինք, որ ապրիլի 25-ի առավոտյան պետք է հանդիպենք բանակցելու։ Եվ ահա դրանից ժամեր անց, երբ մենք նրան ներկայացրինք մեր բանակցային կազմը՝ Նիկոլ Փաշինյան, Սասուն Միքայելյան և Արարատ Միրզոյան։ Եվ առաջարկեցինք, որ 3 հոգի էլ գան նրանց կողմից, սակայն Կարեն Կարապետյանը հրաժարվեց և դուրս եկավ բանակցություններից։ Կարեն Կարապետյանը ուզում էր այդ բանակցություններին մենակ գար․ ինչո՞ւ, հիմա ասեմ․ նախ նա ուզում էր մեզ ցույց տար, թե իբր վայելում է հանրապետականների աջակցությունը, նրանց առաջնորդն է, նա ուզում էր հանրապետականներին ցույց տար, թե նա միակ մարդն է ում հետ մենք ցանկանում ենք խոսել։ Նա ուզում էր աշխարհին ցույց տար, որ նա է միակ մարդը, որը կարողանում է իրավիճակին տիրապետել։ Ակնհայտ է, որ դրանցից ոչ մեկը իրականությանը չի համապատասխանում»։

Նրա խոսքով՝ Կարեն Կարապետյանը վայելում է Հանրապետական կուսակցության միայն մի փոքր մասին աջակցությունը․ «Ազգային ժողովի բոլոր մյուս խմբակությունները միացել են այս շարժմանը և փաստացի աջակցություն են հայտնել ժողովրդի թեկնածուին»։

20:20 Զառա Բաթոյան, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ․

«Ես ուզում եմ նշել, որ Հայաստանի բնակչության 51%֊ը կանայք են և ես այստեղից ուզում եմ ողջունել այն կանանց, ովքեր մասնակից են եղել այս հեղափոխությանը, ովքեր առաջնորդել են այս խմբերը, շնորհակալ եմ բոլորիցդ։ Ես ուզում եմ ասել, որ մենք կանայքս նաև պետք է մասնակցեն հետագայում բոլոր որոշումների կայացմանը։ Մենք պետք է կառուցենք ժողովրդավար երկիր, մենք պետք է ամրապնդենք խաղաղությունը մեր երկրում, որպեսզի նաև հասնենք խաղաղության Արցախում, քանի որ դա արդեն շատ մոտ է։ Աղջիկներ և կանայք, հիշում եք չէ՞, այսօր ժամը 23։00֊ին մենք հարվածում ենք մեր կաթսաներին, որպեսզի հրաժեշտ տանք Սերժի Կարենին, Սերժի Էդոյին, Սերժի Արմենին, Սերժի Վարդանին, բոլոր նրանց ովքեր իրենց համարում են Սերժի զավակները»։

19:55 Հանրապետության հրապարակում մեկնարկած հանրահավաքին խոսել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ռուբեն Ռուբինյան.

«Այն, ինչ արեցինք վերջին օրերին, պատմական իրադարձություն է։ Սկզբում մենք լքեցինք հուսալքությունը և գաղջ մթնոլորտը, հետո մենք մերժեցինք բռնությունը որպես քաղաքական գործիք։ Հետո մենք մերժեցինք Սերժին։ Եվ այսօր մենք վերջնականապես մերժեցինք կեղծիքը և սուտը, թույլ չտվեցինք իրավիճակից օգտվողներին մեզանից գողանալ մեր հաղթանակը։ Այսօր կարող ենք հաստատապես ասել, որ ՀՀԿ-ն Հայաստանում այլևս իշխանություն չունի։ ՀՀ-ում իշխանությունն այլևս պատկանում է ժողովրդին և դա անշրջելի է։

Սիրելի՛ ժողովուրդ, եկել է ժամանակը, որ մենք միասին որպես իշխանություն կայացնենք մեր առաջին ամենակրևոր որոշումը։ Այն է՝ մենք պետք է որոշենք, թե ով է այն մարդը, որ լիազորված է լինելու այս հրապարակի և ՀՀ-ի քաղաքացիների գերակշիռ մեծամասնության կողմից ընտրվել վարչապետ, կազմել կառավարություն, իրականացնել փոփոխություններ։ (Այդ ընթացքում ժողովուրդը սկսել է բացականչել՝ Նիկո՛լ, Նիկո՛լ)

Պաշտոնապես հայտարարում եմ, որ մոտ օրերս Ազգային ժողովն ընտրելու է վարչապետ և ժողովրդի թեկնածուն լինելու է Նիկոլ Փաշինյանը։ Ազգային ժողովը նոր վարչապետ ընտրելու է հետևյալ ընթացակարգով․ Ազգային ժողովի խմբակցությունները պետք է ներկայացնեն թեկնածուներ, և մենք՝ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, ակնկալում ենք, որ Ազգային ժողովի բոլոր խմբակցությունները կոնսենսուսով ներկայացնելու են վարչապետի մեկ թեկնածու և ընտրելու են այդ թեկնածուին՝ Նիկոլ Փաշինյանին»։

19։35 ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել՝ հերքելով ՀՀ կառավարության ավելի վաղ տարածված հաղորդագրության մեջ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին վերագրված խոսքերը․ «Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի աշխատակազմը և ԱՄՆ դեսպանությունը ցավով նշում են, որ այսօր կառավարության աշխատակազմի կողմից ներկայացված մամլո հաղորդագրության մեջ դեսպան Միլսին վերագրվող խոսքը Դեսպանի մեկնաբանությունների ու ԱՄՆ կառավարության դիրքորոշման սխալ թարգմանություն է: Ինչպես ԱՄՆ դեսպանատունը նախկինում նշել է, Հայաստանի ժողովրդի խաղաղ հավաքների և ազատ արտահայտման իրավունքը երաշխավորվում է ՀՀ սահմանադրությամբ: Մենք համոզված ենք, որ այս իրավունքները պետք է լիարժեք հարգվեն և նոր կառավարության ձևավորումը պետք է լինի բարեխիղճ բանակցությունների արդյունք»:

Ավելի վաղ ՀՀ կառավարության պաշտոնական կայքը գրել էր, թե դեսպան Միլսն ասել է․ «Ես հասկանում եմ, որ այս ցույցերը՝ քաղաքացիական անհնազանդության գործողությունները հանդիսանում են օրենքի խախտում, և կառավարությունը պարտավոր է ապահովել հասարակական կարգն ու անվտանգությունը հնարավորինս լավ։ Ես վստահ եմ, որ ժողովրդավարության կամ ժողովրդավարության ամրապնդման ճանապարհը նա չէ, որ վաչապետի թեկնածուն ընտրվում է փողոցում՝ ցույցի ժամանակ»։

Տեղադրելուց մոտ մեկ ժամ անց հաղորդագրությունը հեռացվել էր ՀՀ կառավարության պաշտոնական կայքից։

19։20 Հանրապետության հրապարակում կրկին տասնյակ հազարավոր մարդիկ են հավաքվել։ Այսօր մի քանի անգամ սոցանցերում տարածվել է Կարեն Կարապետյանի հրաժարականի մասին լուրը և հերքվել է։ Հրապարակում հավաքվածները սպասում են հրաժարականի մասին պաշտոնական հայտարարությանը և Նիկոլ Փաշինյանի ելույթին։

15։50 Այսօր կեսօրից քիչ անց Պուշկին֊Փարպեցի խաչմերուկում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայից դուրս եկած կոստյումով մի տղամարդ հարվածում է տաքսու վարորդին ձայնային ազդանշան տալու համար։

15:25 Բագրատաշենի անցակետը փակեցին։

Ֆեյսբուքից․ «Չարենցավանից տղերքը նոր տեղեկացրին, որ մի-քանի հազար հոգով Սևանի մայրուղով գալիս են Երևան։ Մի-քանի հազար մարտունեցի էլ արդեն հասել են Սևան»։

14:40 ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ահազանգ է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի գյուղապետի ուղարկած մարդիկ հարձակվել և ծեծել են  ճանապարհը փակած 14 երեխայի:

Գյումրիում հազարավոր մարդիկ փողոցում են․

14։36 Սատարելով երիտասարդությանը` Թումոն փակ կլինի մինչև մայիսի 2-ը: Ապրիլ ամսվա դասընթացները կկրկնվեն մայիսին, որպեսզի թումոցիները հնարավորություն ունենան շարունակելու իրենց կրթական ուղին` առանց բացակայությունների, նշում է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը։

14։35 ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողներին ասել է, որ իրենց խմբակցությունը վարչապետի իր թեկնածուին կառաջադրի նախագահի հետ քաղաքական ուժերի երկխոսությունից հետո։

«Մենք կոչով դիմել ենք ՀՀ նախագահին, որպեսզի քաղաքական ուժերին դիմի երկխոսության համար։ Երբ այդ երկխոսությունը կլինի, մեր որոշումը կկայացնենք։ ՀՀԿ֊ն միասնական է, երբ որոշում կկայացնենք, դրա մասին կխոսենք»,֊ ասել է Բաղդասարյանը։

14:25 Էրեբունիի «Երևան Սիթի» (պատկանում է ՀՀԿ֊ական օլիգարխ Սամվել Ալեքսանյանին) են մտել մի խումբ երիտասարդներ, և կոչ են արել աշխատակիցներին գործադուլ անել։ Գոռում էին․ «Գործադուլ», «Լֆիկնոցի հեռացում»։

14:15 Բաղրամյան 26-ի մոտ (նախկին նախագահական, ներկայումս վարչապետի նստավայր) մի խումբ երիտասարդներ «Նիկոլ, արի գործի» պաստառներով ակցիա են անցկացնում։

14։05 Տավուշի մարզի Կողբ համայնքի դպրոցը միացել է Բերդավան համայնքից ցուցարարներին, և նրանք միասին շարժվում ենք դեպի Հայաստան-Վրաստան սահման` Բագրատաշենի անցակետ։

13:55 Վանաձորի Կենտրոնական գրադարանի աշխատակազմը միացել է «Մերժիր, ՀՀԿ֊ին» երթին։ Հիշեցնենք, որ Վանաձորում 8 գրադարանները փակվել էին անցյալ տարի՝ քաղաքի բյուջեն խնայելու նպատակով։ Վանաձորում հավաքված երթը մտադիր է շարժվել դեպի «Գլորիա» ֆաբրիկա, որտեղ, ըստ տեղեկությունների, ղեկավարությունը փակել է դռները։ Հիշեցնենք, որ երեք օր առաջ «Գլորիայի» աշխատակիցների մեծ մասը գործադուլ էր հայտարարել։ Ցուցարարները փորձում են փակել միջպետական Վանաձոր֊Ալավերտի ճանապարհը։

13:35 Երևան֊Մեղրի ավտոճանապարհը փակ է Վայքի հատվածում, տեղից հայտնել են Epress.am֊ի թղթակցին։

13։15 Երևանի մի քանի թաղամասերում՝ մասնավորապես Նոր-Նորքի 2-րդ և 4-րդ զանգվածներում, ինչպես նաև Վանաձոր քաղաքում էլեկտրականությունը անջատված է։ Հարցին՝ էլեկտրականության անջատումները հնարավո՞ր է կապ ունենան Հայաստանում անցկացվող ցույցերի հետ և նպատակ ունեն ժողովրդին զրկել տեղեկատվություն ստանալու հնարավորությունից, ընկերությունից պատասխանել են․ «ոչ, մենք անկախ կառույց ենք»։

«Հայաստանի էլեկտրական ցանցերի» սեփականատերն է ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանը, ում մտերիմն է հադիսանում Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո իշխանությունը զավթելու հայտ ներկայացրած «Գազպրոմի» նախկին մենեջեր, հանրապետական Կարեն Կարապետյանը։

երթը ՊՊԾ գնդի մոտով է անցնում

Կարեն Հարությունյան«Նշանները ցույց են տալիս, որ որոշ մարդկանց կողմից սիրված ու չսիրված խոշոր բիզնես դերակատարները միասին փորձում են վերակազմավորվել ժողովրդի դեմ (ցավակցում եմ Ռուբեն Վարդանյանի սիրահարներին)։ Ինչպես միշտ բոլոր իրավիճակներում։ Նպատակը քաղաքական իշխանության ինքնուրույնություն թույլ չտալն է։ Էս դեպքում ՀՀԿ-ն, ԿԿ-ն էդքան էլ էական չի, կարա ԲՀԿ-ն լինի նոր հենքը, կամ մի նոր ֆեյք։
Ուկրաինայում, օրինակ, շատ հաջող գլուխ բերեց էդ գործը։ Բայց Հայաստանում իրավիճակը բոլորովին այլ է ու հնարավոր է դա թույլ չտալ, քանի որ շարժումը ինքնուրույն է, հենված է ժողովրդի վրա ու այլ ուժերի գործոնները շատ քիչ ազդեցություն ունեն։ Ուղղակի պետք է չտրվել պայմանական Ռուբեն Վարդանյանի բարի ժպիտի գայթակղությանը։

13։00 Այս պահին հարյուրավոր գյումրեցիներ երթով շարժվում են քաղաքի տարբեր փողոցներով։ Գյումրիի բոլոր բուհերի ուսանողները դասադուլ են հայտարարել և միացել խաղաղ երթի մասնակիցներին։ Կան նաև բժշկական հաստատությունների աշխատակիցներ։

12։45 Երթը այժմ Նար Դոս փողոցով իջնում է դեպի Տիգրան Մեծ՝ վանկարկելով «Մերժիր Սերժի Կարենին»։ Այն ՊՊԾ գնդի մոտով գնում է դեպի Էրեբունի թաղամաս, որտեղ ոչ ֆորմալ իշխանություն ունեցողներից ամենահայտնին՝ նախկին պատգամավոր, մեծահարուստ Մհեր Սեդրակյանն է (հայտնի է որպես Թոխմախի Մհեր)։ Վերջինիս ընտանիքի անդամները և իրենց սպասարկողները տարիներ շարունակ ահաբեկում են տեղացիներին՝ տիրանալով հանրային գույքին և զանազան բիզնեսներին։ Երեք օր առաջ այս թաղամասում ոստիկանության ներկայության և անգործության պայմաններում տասնյակ դիմակավորված տղամարդիկ քարերով հարձակվեցին խաղաղ ցուցարարների վրա։ Նրանց հաջողվեց նաև ծեծել մի քանի ցուցարարի և փախուստի դիմել ոստիկանների պաշտպանության ներքո։

Այստեղ էին ոստիկաններն ու այլ ուժայինները, առևանգելով Նիկոլ Փաշինյանին և իր կուսակիցներին, փորձում իրականացնել դեռ հրաժարական չտված Սերժ Սարգսյանի սպառնալիքները։

12։15
Ընթացող երթի ժամանակ Փաշինյանը հայտարարել է․ «Մենք պահանջում ենք Հանրապետական կուսակցությունից հրաժարում ողջ իշխանությունից։ Իշխանությունը պատկանում է միայն ու միայն ժողովրդին։ Եվ բոլոր հանրապետականները պետք է ճանաչեն ժողովրդի հաղթանակը։ Եվ ուրմեն ՀՀԿ, հեռացիր»։



Հանրապետական կուսակցության գլխավոր գրասենյակի մոտ տեղակայված զրահամեքենաների մոտով անցնող Նիկոլ Փաշինյանի երթի մասնակիցները «Ազատության» ուղիղ եթերում ասում են՝ «Նիկոլին ոնց ձեն կտանք։ Իսկանդերը ստեղ ա»։

Վանաձորից



12։10 Վանաձորում մոտ 500 քաղաքացիներ դուրս են եկել և փակել են քաղաքի գլխավոր փողոցները, լիքն է նաև քաղաքի գլխավոր հրապարակը։ Ամեն րոպե նրանց են միանում նոր ցուցարարներ։ Պետական համալսարանի ուսանողները դասադուլ են հայտարարել։ Նրանք «Միացիր» կոչերով երթով անցնում են մյուս բուհերի մոտով՝ կոչ անելով ուսանողներին միանալ իրենց։

https://www.facebook.com/elvira.meliksetyan/videos/1980364385310015/?hc_location=ufi

11։34 Փակ է Երևան-Իջևան-Թբիլիսի միջպետական ճանապարհը։ Epress.am-ի հետ զրույցում ցույցի մասնակիցներից մեկը նշել է, որ իրենց են միացել հարյուրավոր քաղաքացիներ՝ այդ թվում դպրոցականներ։ Ոստիկանությունը գրեթե չի միջամտում․ «Դե համարյա մեր կողմից են»։

https://www.facebook.com/andranik.xachatryan/videos/vb.100002204727723/1686011331482341/?type=2&theater

նկար Իջևանից



11։32
Մեծ քանակությամբ տեխնիկայի և ոստիկանության զորքեր են կուտակված մայրաքաղաքի Հանրապետության հրապարակին հարակից փողոցներում, մասնավորապես, Մելիք Ադամյան փողոցի վրա գտնվող Հանրապետական կուսակցության շենքի և Շահումյանի հրապարակի մոտ։

Հանրապետականը կրկին սպառնում է

Նախկին վարչապետ, Հանրապետական կուսակցության անդամ, «Գազպրոմի» նախկին մենեջեր Կարեն Կարապետյանը դեմ է Նիկոլ Փաշինյանի երկրորդ պահանջի կատարմանը․ այն է՝ ԱԺ-ն վարչապետ է ընտրում ժողովրդի թեկնածուին՝ մինչև նոր արտահերթ ընտրությունների անցկացումը։ Այս մասին նա ասել է այսօր առավոտյան լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

Ֆեյսբուքից․ Ուրվական կա քաղաքում. ՍՍ-ի ուրվականը։

«Ժողովրդի թեկնածուն ո՞րն է։ Մի հատ բացատրեք։ Ես որևէ երկիր չգիտեմ, որտեղ ժողովրդի թեկնածուն այդպես (հրապարակում-խմբ․)  է ընտրվում, դրա համար գոյություն ունի ընտրություններ։ Այդտեղ հավաքավել են քաղաքացիներ, որ դժգոհ են։ էդ քաղաքացիները ուզում են Նիկոլ Փաշինյանին, այլ քաղաքացիներ ուզում են մեկ այլ թեկնածու դառնա վարչապետ։ Առաջարկում եմ անել արտահերթ ընտրություններ, և եթե իրենք հաղթեն, ապա՝ այո։ Բայց մենք չենք կարող սուբյեկտիվ հատվածներ ստեղծել», — ասել է Կարեն Կարապետյանը լրագրողների հետ հանդիպմանն այսօր։

Նա կոչ է արել  բոլոր քաղաքական ուժերին նստել  բանակցությունների, և Փաշինյանին առաջարկել է ԱԺ «Ելք» խմբակցությամբ առաջադրել իրենց թեկնածուին՝ չպարդատրելով, որ ՀՀԿ-ն էլ թեկնածու չունենա։

«2017 թվականին մենք ունեցել ենք ընտրություններ և բոլորս ֆիքսել ենք, որ դրանք ավելի լավն էին։ Մենք մշակել ենք Սահմանադրություն․ օրենքներ, և այդ դաշտից չենք կարող դուրս գալ։ Մենք աշխարհին վատ սիգնալներ ենք ուղարկում։  Բացի նրանից, որ մենք կատակլիզմի մեջ ենք ընկնում, մենք սուբյեկտիվ ձևով կարող ենք մեկնաբանել՝ ով է ժողովրդի ընտրյալը։ Չկա ժողովրդի ընտրյալ։ Ինչի ենք ուզում գնալ՝ դիտկատուրայի՞», — ասել է Կարեն Կարապետյանը։

Նա զգուշացրել է, որ եթե այսպես շարունակվի՝ մենք ունենալու ենք տնտեսական պրոբլեմներ, զբոսաշրջիկները չեմ գալու, ինվեստորները չեն գալու։

Ֆեյսբուքից․ Սամվել Կարապետյանի ու Ռուբեն Վարդանյանի երեկվա այցը պատահական չէր, նրանք Կրեմլի սուրհանդակներն են: Ենթադրում եմ, որ Նիկոլը Մոսկվայի սրտով թեկնածու չէ, Նիկոլի կենսագրությունը՝ ծննդյան պահից արդեն ռենտգեն է արված ու որոշակի պատճառներով, միգուցե, չի համապատասխանում կենտրոնի պահանջներին: Բարդագույն խնդիր է, դեռ հույս ունեմ սխալված լինել:

11։15 Այս պահին Երևանի տարբեր վարչական շրջաններում փակվում են փողոցները, սկսվել են զանգվածային դասադուլներ և գործադուլներ։ Epress.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ մի քանի հազար երիտասարդներ այս պահին Հանրապետության հրապարակի գորգի վրա են, որոշ վարորդներ մեքենաները կանգնացնելով՝ կաթվածահար են արել հրապարակի երթևեկությունը։ Ամիրյան փողոցը փակ է։

Ֆեյսբուքից․ Նորից չեն մերժում, մերժում են բիրիք…

10։00 Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքայն ուղիղ եթերով դիմել է ժողովրդին՝ կոչ անելով 11։00-ից սկսել քաղաքացիական անհնազանդության գործողությունները։

«Հիմա ակնհայտ է, որ Հանրապետական կուսակցությունը և վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը մտածում են, որ Հայաստանի քաղաքացին և հայ ժողովուրդն իրեն լիովին բավարարված է զգում Սերժ Սարգսյանի հրաժարականով, և հիմա ժամանակ է մտածել Հանրապետական կուսակցության վերաարտադրության մասին։

Այսպես ասած՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի ուրախության ծխածածկույթի ներքո ապահովվել հանրապետականի հետագա իշխանավարումը։

Այս իրավիճակում մենք պետք է շատ հստակ մեր դիրքորոշումները արտահայտենք։ Հստակ արձանագրենք, որ իրադարձությունների նման սցենարը և զարգացումները որևէ կերպ չի կարող մտնել հեղափոխության պլանների և ծրագրերի մեջ»։

Ֆեյցբուքից․ ժողովուրդը պետք է երաշխիք տա, որ հհկ-ի համար մարդասիրական միջանցք է թողնելու, որպեսզի անցնցում հեռանան, մենք այդքան ռեսուրս չունենք։ Սանիտեկ

Նշենք, որ այսօր առավոտյան սպասվում էր Նիկոլ Փաշինյան և Կարեն Կարապետյան հանդիպումը, սակայն ուշ երեկոյան Կարապետյանը հրաժարվել է բանակցություններից։

Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի էջում նշված էր․ «Տեղեկացնում եմ, որ նախապես հայտարարված հանդիպումը տեղի չի ունենալու, քանի որ Նիկոլ Փաշինյանը միակողմանի առաջադրել է նոր պահանջներ` մասնավորապես` հանդիպման ձևաչափի, օրակարգի և լուսաբանման առումով: Վերջինիս կողմից առաջարկվել է մեր կողմից մասնակցող անձանց ցանկը, ինչպես նաև հայտարարվել, որ բանակցելու է բացառապես իր օրակարգի շուրջ: Սա նշանակում է ոչ թե բանակցություն կամ երկխոսություն, այլ բացառապես սեփական տեսակետը, օրակարգը հնչեցնել` ընդհուպ մինչև մեր փոխարեն մեր բանակցողներին որոշելով: Ունենալով որոշակի փորձառություն բանակցությունների վարման հարցում՝ երբևէ նման ձևաչափով բանակցությունների մասին չեմ լսել:

Մտահոգ լինելով ստեղծված իրավիճակով` որպես գործադիր իշխանության ղեկավար, ունենալով պարտավորություն ապահովել մեր երկրի բնականոն ռիթմը, դիմում եմ Հայաստանի Հանրապետության նախագահին իր նախընտրած ձևաչափով կազմակերպելու հանդիպում խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի լայն սպեկտրի մասնակցությամբ` քննարկելու ստեղծված ներքաղաքական իրավիճակը և հնարավոր հանգուցալուծման ուղիները` ընդհուպ մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում»:

Իր այսօրվա ուղիղ եթերով Փաշինյանը նաև ընդգծել է․ «Մի նրբություն կա․ նրանք ուզում են, որ ընտրություններ տեղի ունենան այն պայմաններում, երբ վարչապետի պաշտոնակատարը հանրապետական կուսակցությունից է։ Թե ինչպիսին կլինեն այդ ընտրությունները, գիտենք 2017 թվականից։ Ուզում եմ հստակ արձանագրել, որ մտքերի այդպիսի ընթացքը մեզ համար անընդունելի է։ Կարող ենք բոյկոտել այդ ընտրությունները, ընդ որում ոչ թե պասիվ, այլ ակտիվ ձևով՝ շրջափակելով բոլոր ընտրատեղամասերը։ Եվ թույլ չտալ, որ հանրապետականը իր վերարտադրության միջոցառումը կազմակերպի։

Ֆեյսբուքից․ Հաաաաա, ես հասկացա… Էն օրը որ մենք ՀՀԿ-ի քեֆը հարամ արինք, իրանք էլ, իրանց ծակ գլխով, որոշել են նույնը անեն մեր հետ: Պռոստը մենք շատ ենք…

Մեր թավշյա հեղափոխությունը հստակ ուղերձ է հղել՝ Հայաստանում Հանրապետական կուսակցությունը չի կարող իշխանություն ունենալ։ Այսինքն՝ Սերժ Սարգսյանը հեռացել է, բայց պետք է իշխանությունից զրկվեն նաև հանրապետականը։ Մենք չպետք է ունենանք իրավիճակ, երբ Սերժ Սարգսյանը ստվերից կամ ետնաբերմից շարունակի կառավելարել հանրապետականների միջոցով։

Կոչ ենք անում շարունակել խաղաղ անհնազանդության գործողությունները։ Եվս մեկ քայլ պետք է անենք մեր հաղթանականը տրամաբանական ավարտին հասցնելու համար։ Կոչ ենք անում 11։00-ից սկսել խաղաղ անհնազանդության բոլոր գործողությունները՝ սկսած դասադուլներից վերջացրած փողոցներ և կամուրջներ շրջափակելով։

Սիրելի՛ ժողովուրդ, ոչ մեկը ձեր հաղթանակը ձեր ձեռքից չի վերցնելու։

Եվ ասում եմ այն մարդկանց, որոնք այդպիսի մտադրություն ունեն, այդ մտադրություններն ուղղակի ծիծաղելի են։ Եվ կարծում եմ՝ ինչքան շուտ դե յուրե արձանագրվի ժողովրդի հաղթանականը, այնքան լավ։

Հետագա քայլեր․ ժողովրդի թեկնածուն՝ թավշյա հեղափոխության թեկնածուն պետք է նշանակվի վարչապետ և ձևավորվի ժամանակավոր կառավարություն, և տեղի ուենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Եթե մենք կարողացել ենք հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին, կկարողանական հասենլ նաև նրան, որ Կարեն Կարապետայանը և հանրապետականները հրաժարվեն իրենց պլաններից՝ խլել ժողովրդի ուրախությունը։

Կարեն Կարապետյա՛ն, մենք ձեզ թույլ չենք տա, որ նման գործողություններ իրականացնենք, և ինչքան շուտ դա հասկանանք այդքան լավ բոլորիս համար։

Այս գործընթացը պետք է տևի մեկ շաբաթ։ Մեկ շաբաթ հետո Հայստանը պետք է նոր վարչապետ ունենա։