Ռուսաստանցի զինծառայողի կողմից ծեծի ենթարկված և դրա հետևանքով մահացած փողոց մաքրող կնոջ մասին տեղեկություններն Epress.am-ի հետ հեռախոսազրույցում հերքեց Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական շրջանի Ռոստովում տեղակայված մամուլի ծառայությունը։
«Ոստիկանություն զանգահարեք, իրենք ձեզ ամեն ինչ կպատմեն։ Ռուսաստանյան ԶՈՒ զինվորականը դրա հետ որևէ առնչություն չունի»։ Հարցին՝ ինչո՞ւ է նա համոզված, որ նման բան տեղի չի ունեցել, զրուցակիցն, ով արդեն սկսեց բարձր տոնայնությամբ խոսել, նկատեց, որ նշված տեղեկությունը ԶԼՄ-ների անբարեխիղճ աշխատանքի հետևանք է, որը միտում ունի «սեպ խրել Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մեջ»։
Ավելի վաղ «Ա1+»-ը հայտնել էր, որ օրերս Գյումրիում հերթական սպանության դեպքն էր գրանցվել ռուս զինվորականի կողմից։
Ըստ ականատեսների՝ Գյումրիի Վարդանանց հրապարակի տարածքում ռուս զինվորականը ծեծի է ենթարկել փողոց մաքրող կնոջը, որն էլ ստացած վնասվածքներից մահացել է: Կինը հիվանդանոց է տեղափոխվել արդեն մահացած: Փաստի առթիվ քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել։
ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատունը ևս հնչեցնում է նույն՝ սեպ խրելու մասին միտքը:
«Ուշադրություն դարձրեցինք Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի զինծառայողի՝ Հայաստանի քաղաքացու սպանության մեջ մասնակցության վերաբերյալ հայկական մի շարք ԶԼՄ-ում հայտնված հրապարակումներին:
Տարակուսանքի զգացում է առաջացնում նման վերին աստիճանի ոչ մասնագիտական մոտեցումը տեղեկատվության հետ տարվող աշխատանքին, երբ ամբողջությամբ անտեսելով անմեղության կանխավարկածը՝ “ճչացող” վերնագրերի ներքո հրատարակվում են չստուգված և չհաստատված տվյալներ:
Նման անպատասխանատու վարքագիծը, հատկապես ընտրությունների այս ոչ դյուրին շրջանում, ձեռնտու է այն ուժերին, որոնք ցանկանում են սեպ խրել Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա ռազմավարական և ավանդական բարեկամական հարաբերություններում»: