Հունվարի 31-ին ՀՀ կառավարության նիստի ընթացքում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է կառավարության՝ 2004 թվականի մարտի 4-ի 318-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը։ Ըստ նրա՝ նախագծի ընդունումը հիմնական երկու փոփոխություններն է նախատեսում քաղաքացիների համար, հատկապես նոր բուժօգնության փաթեթ է ներդրվում հետևյալ խմբերի համար՝ ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30 և ավելի բարձր բալ ունեցող նպաստառուները, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները և նրանց հավասարեցված անձինք, ծերանոցներում և անօթևանների ժամանակավոր կացարաններում խնամվող անձինք, բռնադատվածները, Չեռնոբիլի ատոմայականի վթարի վերացման աշխատանքների մասնակիցները, թրաֆիքինգի ենթարկված, ինչպես նաև ձերբակալված և կալանավորված անձինք։
«Նրանց համար գործելու է նույն փաթեթը, որը ժամանակին գործել է զինծառայողների և սոցիալական փաթեթի շահառուների համար՝ հավելյալ 18 թանկարժեք բժշկական միջամտությունները։ Դրանց մեջ են սրտի վիրահատությունները, գլխուղեղի, աչքի վիրահատությունները, լիտոտրիպսիա և այնպիսի վիրահատություններ, որոնք մինչ այդ ներգրավված չեն եղել․ դժվարամատչելի հետազոտությունները կամ հասանելի են եղել միայն 36 և ավելի բալ ունեցող քաղաքացիների համար», – ասել է նախարարը կառավարության նիստի ժամանակ։ Սրա համար պետբյուջեից հավելյալ 1․4 մլրդ․ դրամ է հատկացվել, իսկ ամբողջ փաթեթը կազմելու է մոտավորապես 3 մլրդ․ դրամ։
Թորոսյանը շեշտեց, որ վիրահատական միջամտությունների գները մոտեցվել են շուկայական գներին, հետևաբար, նվազեցվելու է ապօրինի վճարումների ռիսկը․ քաղաքացիները որևէ այլ վճար չպետք է կատարեն այս միջամտությունների և հետազոտությունների համար։
Հաջորդ փոփոխությունը ստոմատոլոգիական բուժօգնությանն է վերաբերում․ սահմանվել է, որ ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30 և ավելի բալ ունեցող անձինք, առաջին կարգի հաշմանդամները, մինչև 7 տարեկան երեխաները, 7֊ից 18 տարեկան սոցիալապես անապահովների ցանկում ընդգրկված երեխաները, զորակոչային և նախազորակոչային տարիքի անձինք ստոմատոլոգիական բժշկական օգնություն են ստանում առանց համավճարի կիրառման․ «Ի տարբերություն նախկինի, երբ նրանք նաև համավճար էին վճարում, այսինքն՝ մի մասը պետությունն էր վճարում, մի մասն՝ իրենք։ Հիմա ամբողջությամբ պետությունը կվճարի»։
Բյուջետային ծրագրերի շրջանակներում փետրվարի 1-ից երկու բժշկական կենտրոններում սկսվելու է նաև ինսուլտի բուժման պետական ծրագիր։ «Փետրվարի 1-ից կգործի գլխուղեղի իշեմիկ կաթվածի թրոմբոլիտիկ և էնդովասկուլյար բուժման պետական ծրագիր բոլոր քաղաքացիների համար՝ ըստ բժշկական ցուցումների։ Դրանք մոտավորապես 1-ից 4 միլիոն դրամանոց միջամտություններ են, որպեսզի պարզ լինի՝ ինչի մասին է խոսքը», – ասել է նախարարը։