Հայկական բնապահպանական ճակատի, Վայոց Ձորի բնակիչների, տարբեր բնապահպանական քաղաքական շրջանակներից քաղաքացիների ջանքերի շնորհիվ 4 ամսից ավել տևած ստորագրահավաքների արդյունքում Վայոց ձորում «Ոչ մետաղական հանքերին» խորագրով հավաքագրվեց շուրջ 11 000 ստորագրությունը։
Եղեգնաձոր համայնքի բնակիչները նույնպես ներկայացրեցին շուրջ 2300 ստորագրությամբ հանրագիր՝ մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու և համայնքն էկո–տնտեսական տարածք դարձնելու վերաբերյալ։
Հանրագրում մասնավորապես ասված է․
1․ Ընդունել որոշում, որով կարգելվի և ապագայում կբացառվի Եղեգնաձոր համայնքի վարչական տարածքում իրականացնել մետաղական հանքարդյունաբերության հետ կապված հետախուզական, առավել ևս հանքավայրերի շահագործման հետ կապված աշխատանքներ:
2․ Համայնքների անդամներին ներգրավելով՝ մշակել Եղեգնաձոր քաղաքի ու Վայոց Ձորի մարզի էկոլոգիապես կենսակայուն և կանաչ տնտեսության զարգացման համալիր ծրագիր, որի իրականացման համար մենք պատրաստ ենք աջակցել ՀՀ պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններին:
Մինչև այդ Վայոց Ձորում մոտ 3000 ստորագրություն էին հավաքել նույն հանրագրի պահանջով և ներկայացրել էին Ջերմուկ համայնքի ավագանուն։ Տարածքային կառվարման նախարարությունը Վայոց Ձորի մարզպետարանի միջոցով փորձ կատարեց ավագանուն ստիպել փոխել որոշումը, սակայն կրկին Ջերմուկ համայնքի ավագանին դեմ քվերակեց «Ջերմուկ համայնքը էկո–տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու» վերաբերյալ ուժը կորցրած ճանաչելու որոշման նախագծին: Ջերմուկ համայնքի ավագանին որոշումը թողեց անփոփոխ։
Վայոց Ձոր մարզի Գլաձոր խոշորացված համայնքի ավագանին 2019թ․ ապրիլի 29-ին ընդունել է որոշում, որով հավանություն է տվել Գլաձոր համայնքի բնակիչների՝ 2019 թվականի ապրիլի 19-ին համայնքի ղեկավարին եւ ավագանուն ներկայացրած «Գլաձոր համայնքը էկո–տնտեսական տարածք դարձնելու եւ համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու վերաբերյալ» կոլեկտիվ հանրագրում նշված առաջարկությանը:
Ավագանին այս որոշումն ընդունել է 9 կողմ, 0 դեմ, 1 ձեռնպահ ձայներով՝ ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Հանրագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ն մասի 3-րդ կետով, առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 184-րդ հոդվածի 3-րդ մասով եւ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով շարադրված տեղական ինքնակառավարման սկզբունքներով, հիմք ընդունելով Գլաձոր համայնքի ավելի քան երկու հազար բնակիչների կողմից ներկայացված հանրագիրը։
Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին Գլաձոր համայնքի կազմի մեջ մտնող Գլաձոր, Վերնաշեն եւ Գետափ գյուղերի բնակիչները համայնքի ղեկավարին եւ ավագանուն էին ներկայացրել 2152 բնակչի ստորագրությամբ հանրագիր, որտեղ խնդրել եւ պահանջել էին․
«Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնությունը տեղեկացրեց, որ 2019թ․ մայիսի 6-ին Արենի խոշորացված համայնքի ավագանին ընդունել է «Արենի համայնքը էկոտնտեսական տարածք ճանաչելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու մասին» որոշում։ Որոշումն ընդունվել է 9 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով։
Որոշման մեջ նշված է հետևյալը․
«Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջով և հաշվի առնելով Արենի համայնքի բնակիչների կողմից կազմակերպված ստորագրահավաքը՝ թվով 2868 ստորագրություն, Արենի համայնքի ավագանին որոշում է՝
- Արենի համայնքը ճանաչել էկո–տնտեսական տարածք,
- Այսուհետ արգելել Արենի համայնքի վարչական տարածքում մետաղական հանքարդյունաբերության հետ կապված հետախուզական, առավել ևս հանքավայրերի շահագործման աշխատանքները»:
Հիշեցնենք, որ Հայաստանում առաջին անգամ ավագանու որոշմամբ Տավուշի մարզի Նոյեմբերյանի համայնքը քայլ արեց՝ արգելելու իրենց տարածաշրջանում մետաղական հանքարդյունաբերությունը։