Եկամտային հարկի համահարթեցման դեմ պայքարի համար ստեղծված «Ահազանգ» նախաձեռնության անդամները եկել են Ազգային ժողովի մոտ, որտեղ այսօր քննարկվում է համապատասխան օրինագիծը։ Նրանք մտադիր են շարունակել նստացույցը մինչ քվեարկությունը, իսկ նախագծի ընդունվելու դեպքում՝ բողոքի ակցիաները։
«Կոչ ենք անում բոլորին միանալ։ Համահարթեցման դեմ պայքարելու տեղն այստեղ է ու ժամանակը՝ հիմա, և ովքեր կարծում են, որ այն սխալ է, կարող են գալ այստեղ, միասին թույլ չտանք, որ այս օրենքի նախագիծն ուժ ստանա», ֊ Epress.am-ի հետ զրույցում ասել է «Ահազանգ»-ի համակարգող խմբի անդամ Քրիստինե Վարդանյանը։
Ըստ նրա՝ «Իմ քայլը» խմբակցությունն անընդհատ հղում է անում ժողովրդավարությանը, իրենց բաց լինելուն և տարբեր տեսակետներ լսելուն, և նախաձեռնության հույսն էլ հենց դա է․ «Երբեք ուշ չէ սխալ ճանապարհից հետ կանգնելու համար, և հույս ունենք, որ իրենք իրենց կողմից բարձրաձայնված արժեքներին հավատարիմ են»։
«Ոչ համահարթ հարկմանը» նախաձեռնության անդամները, ովքեր ամիսներ շարունակ հանդես են եկել օրինագծի վերաբերյալ քննադատություններով, չեն միացել ակցիային։ Մեզ հետ զրույցում ասացին, որ այժմ չեն ցանկանում մեկնաբանել դաշնակցական երիտասարդների նստացույցը, իսկ ինչ վերաբերում է ակցիային միանալուն, կարծում են, թե այն ավելի լայն քաղաքական օրակարգի մաս է և նպատակ ունի դիվիդենդներ քաղել՝ օգտվելով սոցիալական անարդարության հետ կապված հանրային դժգոհությունից։ Զրուցակիցները նաև նշում են, որ տվյալ հարցը համընդհանուր հարց է և կանխատեսելի է, որ տարբեր նպատակներ ունեցող խմբեր են դրան ընդդիմանալու։
«Քաղաքական դիսկուրս» հանդեսի համախմբագիր, քաղաքագետ Վահրամ Սողոմոնյանը բազմիցս է անդրադարձել խնդրին, իսկ երեկ «Ֆեյսբուք» սոցցանցի իր էջում նշել է՝ երևի ժամանակն է, որ ես լռեմ․ «Վաղը Հայաստանի դեմոկրատական ճանապարհով ընտրված պառլամենտը կընդունի որոշում ընդդեմ սոցիալական արդարության սկզբունքի (ի օգուտ համահարթ եկամտահարկի)։ Սա ասում եմ, որպեսզի պարզ լինի, որ քվեաթերթիկ գցելով ոչինչ չի ավարտվում և տնտեսական որոշումների մենաշնորհի դեմ պայքարը դեռ նոր է սկսվում։ Դրա մասին են վկայում ԱԺ-կառավարություն-շահերի խմբեր հակասությունները։
Ամեն ինչ հանգում է մանր-բուրժուական նեղմիտ մտածելակերպին և տնտեսական հին շահերի խմբերի գործոնին։ Հաջողություն եմ մաղթում այս պայքարում։
Այսքան շատախոսությունից հետո, երևի ժամանակն է, որ ես լռեմ։ Ընդհանրապես, խոսակցությունն իմաստ ունի, եթե կա փաստարկված բանավեճ, այլապես այն դառնում է ինքնանպատակ»։