Home / Բանտ / Հայաստանյան հեղափոխությունը վախեցրել էր «Շուշիի» սադիստներին

Հայաստանյան հեղափոխությունը վախեցրել էր «Շուշիի» սադիստներին

Տիգրան Օհանջանյանին Արցախում 2014-ի հունիսին զենք-զինամթերք կրելու ու ապօրինի պահելու մեղադրանքով բերման են ենթարկել, ապա ձերբակալել։ Օհանջանյանը պատմում է, որ 13 օր շարունակ իրեն ծեծի են ենթարկել ոստիկանությունում, թույլ չեն տվել կապ հաստատել ընտանիքի անդամների ու փաստաբանի հետ։ Նրան մեղադրել են նաև ավազակային հարձակման համար և դատապարտել յոթ տարվա ազատազրկման։ Մանրամասները ներկայացնում է Civilnet-ը։

2014 թվականի հունիսի 1-ին զենք֊զինամթերք կրելու պատճառով բերման են ենթարկել Ստեփանակերտի ոստիկանություն, որտեղ 13 օր անօրեն պահելուց հետո, դաժան ծեծի ենթարկելուց, անմարդկային վերաբերմունքից հետո նոր ձերբակալել ու գործ են հարուցել ինձ վրա։ Ոչ փաստաբան, ոչ ինչ֊որ զանգ, ոչ հարազատների հետ կապ, ոչ մի բան, միայն ծեծ էր։ Դրանից հետո վեց ամիսների ընթացքում դաժան ծեծերից, բռնություններից հետո հինգը մեղադրանքով ինձ տարան դատարան ու դատապարտեցին 7 տարի ազատազրկման։ Զենք֊զինամթերք ունեցել, պահել եմ, ավազակային հարձակում չի եղել, ուղղակի դա երկար պատմություն է, համապատասխան մարմինները կարան հետաքրքրվեն, համոզվեն։

14 թվականին բերդի պետը Շաբոյան Մարատն էր։ Էդ ընթացքում ցանկացած մարդ կարողանում էր գալ քրեակատարողական հիմնարկ, ցանկացած կալանավորի ծեծի ենթարկեր՝ իրա ուզած ձևերով, մեթոդներով, ու դուրս գար։ Ու ասենք, բերդի պետի համար դա նորմալ երևույթ էր։

Հունիսի 13-ին 14 թվականի ինձ տեղափոխեցին «Շուշի» քրեակատարողական հիմնարկ։ Մենակ առաջին օրը ոստիկանական սենյակները չավլելու համար 6-ից 7 ժամ ծեծի եմ ենթարկվել՝ 7 հոգով։ Կազմակերպիչներն ու թույլատրողները այն ժամանակվա բերդի պետ Շաբոյան Մարատն ա եղել՝ Ղուլյան Ալենի գլխավորությամբ, որը վարչության պետի տեղակալն ա եղել, ու մասնակցում էին սերժանտներից բռնած մինչև սպայական։ Դրանից հետո շատ ա եղել՝ քաղաքային ոստիկանությունից խմբերով եկել են, իրանց ուզած ցուցմունքը, իրանց ուզած մարդու դեմ ցուցմունք կորզելու կամ իմ չարած հանցագործություններս ընդունելու․․․ Տենց, տարբեր պատրվակներով՝ Աբրահամյան Ֆելիքսի գլխավորությամբ, որն այն ժամանակ քաղաքային ոստիկանությունում ավագ օպեր էր, եթե չեմ սխալվում, հիմա «Շուշի» ՔԿՀ պետն ա։ Ամենադաժան մարդկանց անուններն եմ ասում։ Ասենք՝ վախկոտներ, որ մարդկանց կապկպում էին ժինջիլներով, կանդալներով, դուբինկաներով, էն հին մուսուլմանական ադաթներով, հնուց եկած, տանջանքների էին ենթարկում ու դրանից իրանք հաճույք էին ստանում։ Մինչև դատապարտվելս ու, կարելի է ասել, ամեն օր իրանց անօրեն հրամանը չկատարելու համար ես ու իմ նման մի քանի նորմալ դատապարտյալ, ովքեր համարձակվում էին չենթարկվել, դաժան ծեծերի էինք ենթարկվում։

Ազատության մեջ բիզնեսով եմ եղել զբաղվելուց Ղարաբաղում։ Ում հետ ինչ֊որ անձնական հարց եմ ունեցել տարիների ընթացքում՝ լինի բարձրաստիճան ոստիկան, լինի հասարակ քաղաքացի, էդ 6 ամիսների ընթացքում մտնում էին բերդի տարածք՝ գիշերներով, ցերեկներով, ծեծի էին ենթարկում, ստորացնում, ինչքանով որ ստացվում էր իրանց մոտ։

Երբ ինձ հանրային փաստաբան են տրամադրել, մինչև մասնավոր վերցնելը, ինձ ծեծի ու ջարդի էին ենթարկում, եկավ փաստաբանը, ու անունով փաստաբան, ասում ա․ Տիգրան ջան, ինչ ասում են,՝պիտի պատասխանես, ինչ ուզում են՝ պիտի ասես։ Դա փաստաբանի խոսքերն ա։ Ընդեղ 4 տարի 7 ամսվա ընթացքում մենք մարդու իրավունքների պաշտպան չենք տեսել։ Միակ մարդը տարիների ընթացքում եղել է Հայկ Խանումյանը, Արցախի Ազգային ժողովի դեպուտատ։ Միշտ սրտացավ ա եղել, միշտ հետաքրքրվել, միշտ փորձել ա օգնած լինի ցանկացած դատապարտյալի։ Ու պարզ ասեմ, մինչև Հայաստանի հեղափոխությունը շատ քիչ էր ստացվում իրա մոտ, ոչ մի տիպի չէր կարողանում մուտք գործել քրեակատարողական հիմնարկ, առանձին զրուցել դատապարտյալների հետ, որ իմանար խնդիրը ինչ֊որ առումով, կարողանար օգնել։ Հայաստանի հեղափոխությունից հետո միանշանակ մի փոքր օրենք, ոչ լրիվ, բայց մասնակի սկսեց գործել։ Բանտում պայմաններն էդքան էլ վատ չեն՝ սնունդը ու մնալու տեղը, իսկ մթնոլորտը՝ ահավոր, գերու կարգավիճակով։

Ես հանդիսանում եմ Երևանի քաղաքացի, ընտանիքս միշտ ապրել ա Երևանում։ 15 թվականին ես դիմեցի Արցախի դատախազությանը, խնդրեցի, որ օգնեն, տեղափոխվեմ, Հայաստանի ցանկացած կալանավայրում կալանքս կրեմ։ Ինձ ասեցին, որ պետության հանդեպ պարտք֊պահանջ կա՝ մոտավորապես 4-5 միլիոն դրամ, որը Ավանեսյան Դավիթը, ընդեղի առաջին ատյանի դատավորը իրա քմահաճույքից, չգիտես՝ որտեղից ու ինչ հիմքերով էր նման թվեր նշանակել, ասեց, որ եթե պարտքդ մարես, կօգնենք, կտեղափոխվես։ Ընտանիքիս միջոցով շատ կարճ ժամանակում էդ ամբողջ գումարը փոխհատուցում ենք։ Դրանից հետո երբ դիմում եմ, ասում են՝ Հայաստան դիմեք։ Մինչև 16 թվականը երկու անգամ նամակ եմ գրել անձամբ ես Հայաստանի արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, խնդրելով, դիմելով, բացատրելով, որ գերու կարգավիճակում ենք, ես չեմ ուզում ինձ բաց թողնեն, ընդամենն ուզում եմ կալանքը Հայաստանի Հանրապետության ցանկացած կալանավայրում կրեմ, ընտանիքիս հետ կարողանամ կապս ավելի նորմալ ու հաճախակի կազմակերպեմ։ Ինձ երկու անգամ էլ պատասխանել ա Արփինե Հովհաննիսյանը, որ նպատակահարմար չեմ գտնում։

Հեղափոխությունից հետո միանշանակ փոխվեց, վախի մթնոլորտը կար, մենք դա տենում էինք իրանց դեմքերից, իրանց վերաբերմունքից, ծեծուջարդը վերացավ միանգամից, միանշանակ դա վախից էր, ոչ թե մարդկային արժեքներ են առաջացել իրանց մեջ։ Ու սկսվեց էդ դատական համակարգը․․․ ինձ բաց թողին, մի քանի նորմալ դատապարտյալի էլ։ Հայաստանի հեղափոխությունը չլիներ, միանշանակ, մենք մինչև հիմա կալանք կրելուց կլինեինք։