Բակո Սահակյանի ողջ ելույթի ժամանակ հարյուրավոր մարդիկ սուլում էին նրան, վանկարկում էին «Բակո, հեռացիր»: Սահակյանը մի կերպ կարողացավ ավարտել իր ելույթը: Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասել է ղարաբաղյան՝ «Ազգային Վերածնունդ» կուսակցության գործադիր մարմնի անդամ Տիգրան Գրիգորյանը։
Գնահատելով Հայաստանի վարչապետի ելույթը, նա ասաց․
– Կարծում եմ` լավ ելույթ էր: Մի շարք կարևոր ուղերձներ հնչեցին: Սակայն է՛լ ավելի կարևոր էր այն, թե ինչպես արցախյան հասարակությունն ընդունեց Փաշինյանին: Բազմաթիվ քարոզչական միֆեր պայթեցին: Ակնհայտ դարձավ, որ Փաշինյանը Արցախում շատ ավելի մեծ հեղինակություն ունի, քան Արցախի ողջ իշխող էլիտան միասին վերցրած: Դա երևի անակնկալ էր նաև Փաշինյանի համար: Այդ փաստի գիտակցումը կօգնի նրան ավելի համարձակ գործել Արցախի հետ կապված հարցերում:
– Պարոն Գրիգորյան, իր ելույթում պարոն Փաշինյանը նշեց, որ հեղափոխությունը տեղի է ունեցել, բայց չի ավարտվել, որովհետև արժեքների հաստատումը, ամրագրումը, մարսումը տևական քաղաքական պրոցես է, որը շարունակվում է և դեռ պիտի շարունակվի Հայաստանում, Արցախում և Սփյուռքում։ Հեղափոխությունը հասե՞լ է Արցախի Հանրապետություն։
– Արցախում մեկ տարի է արդեն նախահեղափոխական վիճակ է: Տեղի է ունեցել ժողովրդավարական բացում և հաջորդ տրամաբանական զարգացումը պետք է ժողովրդավարական անցումը լինի: Անցումը, սակայն, անխուսափելի գործընթաց չէ, և արցախյան հասարակությունը լուրջ ջանքեր պետք է գործադրի այդ նպատակին հասնելու համար:
– Կիսո՞ւմ եք վարչապետ Փաշինյանի այն տեսակետը, որ Արցախը Հայաստան է և վերջ։
– Արցախը, անշուշտ, Հայաստան է: Ես միշտ նշում եմ, որ չնայած մենք ունենք տարբեր քաղաքական համակարգեր, բայց մենք գտնվում ենք միևնույն քաղաքական տարածության մեջ: Ինչպես նաև տնտեսական ու ռազմական: Մոտակա տարիներին պետք է էլ ավելի խորացնել դե ֆակտո ինտեգրացիան և նախադրյալներ ստեղծել արդեն դե յուրե միավորումը կյանքի կոչելու համար: