Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին անվտանգության և պաշտպանության հարցերով խորհրդական է նշանակել խորհրդային КГБ-ի` Պետական անվտանգության կոմիտեի նախկին սպա Դմիտրի Լեժավային: Այդ մասին հայտնի է դարձել «Վրացական երազանք» իշխող կուսակցության և նախագահական աշխատակազմի ներկայացուցիչների հանդիպման ընթացքում:
Ըստ վրացական մամուլի, Լեժավան ԿԳԲ-ում աշխատել է 1983 թվականից, երբ ԽՍՀՄ-ը ղեկավարում էր Կոմիտեի նախկին ղեկավար Յուրի Անդրոպովը, մինչև Խորհրդային Միության փլուզումը:
Պաշտպանության և անվտանգության հարցերով քաղաքացիական խորհրդի անդամ Թեոնա Ակուբարդիան «Էխո Կավկազա» ռադիոկայանի հետ զրույցում քննադատել է նախագահի որոշումը․ «Անհասկանալի է, թե ինչու նախագահը չի ընտրում երիտասարդ, Արևմուտքում փայլուն կրթություն ստացած սպաների, փոխարենը նախապատվությունը տալիս է Խորհրդային Միության հատուկ ծառայությունների նախկին ներկայացուցչին»:
Ակուբարդիան նշել է, թե անվանգության ոլորտի մասնագետների տեսանկյունից Վրաստանում կադրերի պակաս չկա, ինչ վերաբերում է Լեժավայի փորձառությանը, որ նա ստացել է Խորհրդային Միությունում, այն բացասական է: «Հարց է ծագում` երբ խորհրդային ԿԳԲ-ից խորհրդականի ես բերում, ի՞նչ օգուտներ պետք է նախագահը քաղի այդ անձից, մանավանդ որ այդ անձն է նախագահին ներկայացնում Ազգային անվտանգության խորհրդում»։
«Նա զինվորական չէ, և տարօրինակ է ԿԳԲ-ի սպայի նշանակումը նախագահի խորհրդականի պաշտոնում: Կարծես հատուկ քաղաքականություն է իրականացվում ՝ Խորհրդային Միության հետ կապ ունեցող հին կադրերին պաշտոնները վերադարձնելու», – ասել է անվտանգության հարցերով փորձագետ Պաատա Գիգաուրին:
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գլխավորած «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության առաջնորդներն ավելի կոշտ են արտահայտվում՝ հիշեցնելով, որ «նախկին ԿԳԲ-ականներ չեն լինում»։ Իրենք սակայն չեն նշում, որ Լեժավայի կարիերան ճգնաժամ չէր ապրում Սահակաշվիլիի օրոք․ 2005 թվականին, օրինակ, նա, լինելով բրիգադի գեներալ, ղեկավարում էր Վրաստանի պաշտպանության նախարարության կադրերի գլխավոր վարչությունը։