Նոյեմբերի 16-ին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել է կալանավորված անձ՝ Սարգիս Աբելյանի դին՝ երկրորդ հարկի մահճակալից մարզահագուստի ամրակապով կախված վիճակում։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն ինքնասպանության ենթադրյալ դեպքի կապակցությամբ սեփական նախաձեռնությամբ քննարկման ընթացակարգ է սկսել։ Նշված բանտն այցելած ՄԻՊ աշխատակազմի Կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Գոհար Սիմոնյանը, «Հերթական մահվան դեպքը ՔԿՀ-ում․ ինչո՞ւ չի պաշտպանվում անձի կյանքի իրավունքը հայաստանյան ՔԿՀ-ներում» թեմայով քննարկման ժամանակ փաստել է՝ ինքնասպանության դեպքերի աճ է նկատվում։
2017 թվականին 17 մահվան, 2 ինքնասպանության դեպք էր գրանցվել, 2018 թվականին պատկերը գրեթե նույնն էին՝ 18 մահվան դեպք, որոնցից երկուսն ինքնասպանություն։ Միայն մեկ դեպքով էր քրեական գործ հարուցվել։ Տարեվերջին կամփոփվեն 2019 թվականի ընթացքում տեղի ունեցած ինքնասպանության և մահվան դեպքերը, սակայն, ըստ Սիմոնյանի, տարվա ընթացքում իրականացված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ինքնասպանության դեպքերի աճ է նկատվում։
«Միջազգային բոլոր չափանիշների համաձայն, նաև մեր ներկայացրած չափանիշների համաձայն, կան ազատությունից զրկված անձանց որոշակի խմբեր, ում կողմից ինքնասպանություն գործելու ռիսկայնությունն ավելի բարձր է։ Դրանք են երիտասարդները, անչափահասները, անձինք, ովքեր առաջին անգամ են հայտնվել քրեակատարողական հիմնարկում, ովքեր կարող են ունենալ հոգեկան առողջության խնդիրներ», ֊ նկատել է Սիմոնյանն՝ ընդգծելով, որ նշված դեպքերում ինքնասպանության ռիսկայնության գնահատման հստակ մեխանիզմ չկա։ Ինչպես նաև հոգեբույժի կողմից զննություն չի իրականացվում, ավելին՝ տարիներ շարունակ քրեակատարողական ամբողջ համակարգում մեկ-երկու հոգեբույժ էր աշխատում։ «Վերջին իմ ունեցած տվյալներով, հիմա «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ֊ում 4 հոգեբույժ է աշխատում, սակայն մենք ունենք 12 ՔԿՀ»։
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում, ըստ պաշտոնական վարկածի, ինքնասպանություն գործած Սարգիս Աբելյանի մահից հետո «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանին էին դիմում ահաբեկված դատապարտյալները։ Իրավապաշտպանին պատմել են, որ մանկատան սան Աբելյանը մեղադրում էր գողության և ծառայությունից խուսափելու համար։ Ալեքսանյանը, կեսգիշերին ստանալով լուրն, անմիջապես դիմեց արդարադատության նախարարության թեժ գիծ։ Սակայն պարզվեց, որ շաբաթ֊կիրակի օրերին թեժ գիծը չի գործում։
«Մենք ունենք վիճակագրություն, որ էդպիսի դեպքերը տեղի են ունենում ուրբաթ երեկոյից սկսած՝ կիրակի գիշերը ներառյալ։ Ես չեմ հասկանում՝ ո՞ւմ է պետք էդ գիծը, եթե այն չի աշխատում ուրբաթ-շաբաթ֊կիրակի։
Ես շատ տեղեկություններ ունեմ, որ «Արմավիր»֊ում հսկիչները, աշխատակիցները բռնություններ են գործադրում դատապարտյալների նկատմամբ։ Դրանք գնալով շատանում են, և այս ինքնասպանության դեպքերը համոզում են, որ իրոք բռնի մթնոլորտ կա, ինչպես բանակում՝ զորամասերում, թեև էնտեղ դեպքերը պարզապես որակվում են ինքնասպանություն, այնպես էլ քրեակատարողական հիմնարկներում», ֊ հայտարարել է Ալեքսանյանը։ Չկա որևէ դեպք, փաստում են բանախոսները, երբ բռնությունը կպատժվեր, իսկ հասարակությունը կիրազեկվեր դրա մասին։
Ծառայողական քննությունների մասով ևս չեն տեղեկացնում, հավելել է Ալեքսանյանը․ «Ծառայողական քննություններն անում են իրենք իրենց ապահովագրելու համար, պաշտոնյաները իրենց ապահովագրում են։ Դատախազությունը պայքարում է որևէ բռնություն չարձանագրելու դեմ, որևէ խոշտանգում, բռնության դեպք, վատ վերաբերմունքի դեպք, ամեն ինչ անում է, որ դա չարձանագրվի։ Հետո հայտարարում են, որ չունեն էդպիսի դեպք»։
«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ փաստաբան Արա Ղարագյոզյանը, հղում անելով կազմակերպության առանձին գործերին, իր հերթին նկատեց, որ երբևիցե թե՛ բանակում, թե՛ բանտերում տեղի ունեցած որևէ դեպքով չկա քրեական պատասխանատվության ենթարկված անձ։ Ղարագյոզյանը համոզված է՝ սա հերթական գործն է լինելու, որը որոշ ժամանակ անց պարզապես «քնելու է»։ Նա քննությանն առհասարակ չի հավատում, քանի որ տարիներ շարունակ որևէ արդյունավետ քննություն չէր եղել․
«Շատ հանգամանքներ քննարկման առարկա չեն դառնում, և ի՞նչ է լինում այդ քրեական գործերի հետ․ կասեցվում են, իբր մեղադրյալներին հնարավոր չէ բացահայտել։ Նույնը փորձ արվեց իրականացնել Արմեն Աղաջանյանի գործով։ Համոզված եմ, որ սա հերթական գործն է լինելու, որով մի տարի կամ կես տարի հետո կիմանանք, որ քնել է այս գործը։ Ցավոք սրտի, նմանատիպ գործերը թե՛ բանակում, թե՛ քրեակատարողական հիմնարկներում չեն բացահայտվում»։
Ղարագյոզյանը նկատել է նաև, որ ՔԿՀ֊ներում այս կամ այն դեպքի հետ կապված նույն հիմնարկի քննիչներն են նյութեր նախապատրաստում և փոխանցում քննչական մարմնին․ «Այսինքն ինչպե՞ս կարող է հիմնարկի, որտեղ օրենքից դուրս գործողությունը կատարվել է, նույն հիմնարկի հետաքննիչը օբյեկտիվ ապացույցներ հավաքել և քննչական մարմնին փոխացնել»։
Քրեական արդարադատության հոգեբան Արշակ Գասպարյանի կարծիքով՝ համակարգային վիճակագրություն է հարկավոր, որպեսզի հնարավոր լինի հասկանալ՝ քանի՞ անգամ են մարդիկ հացադուլ անում, ինքնավնասման գնում, դրանից հետո արդյոք հետևո՞ւմ է ինքնասպանությունը և մինչև քրեական գործի հարուցումը պետք է կարողանալ ամբողջական տվյալների բազայի հենքով վերլուծություն անել և հասկանալ պատճառները․
«Այդ իմաստով պետք է օգնել Քրեակատարողական ծառայությանը։ Ես արդեն քանի տարի լսում եմ, որ համակարգչայնացվում է արդարադատության համակարգը, այդ թվում նաև քրեակատարողականին կանդրադառնան, բայց սա պետք է անել շատ արագ։ Եվ ի դեպ, սա շատ մեծ ծախսեր և հատուկ ծրագրերի ներդրման կարիք չունի, ընդամենը պետք է ճիշտ օգտագործել գործող համակարգչային հնարավորությունները և շատ արագ ունենալ բոլոր ինքնասպանությունների և ինքնավնասումների տվյալների բազա։
Եթե դիտարկում ենք իրավական կարգավիճակով և տարիքով, 19 տարեկան տղա՝ դեռևս կյանքից շատ բան չհասկացած, կալանավորված անձ կարգավիճակով՝ ո՛չ դատավճիռ ունի, ո՛չ կյանքի առաջիկա տարիների տեսանելի, ըստ էության, ընթացք ունի, որոշում է կյանքին վերջ տալ»։ Այս համատեքստում Գասպարյանը ցավով նշել է՝ հաճախ են լինում դեպքեր, երբ քրեակատարողական հիմնարկներում է հայտնվում ակնհայտ հոգեկան հիվանդություն կամ դրա նախանշաններն ունեցող անձ, ով մի քանի օրից ինքնասպանություն է գործում․ «Քիչ չեն եղել դեպքերը, երբ նույն քրեակատարողական հիմնարկի հոգեբույժները կամ բժիշկները հավաստիացնում են, որ ՔԿՀ մտած անձն այստեղ հայտնվելու սուբյեկտ չէր առհասարակ։
Վերլուծությունները պետք է անել ոչ միայն քրեակատարողական հիմնարկի ներսում ինչ֊որ բան փոխելու, այլ ընդհանրապես նախաքննական մարմնի հետ հարաբերությունները պարզելու համար»։
Հոգեբանը նաև կարծում է, որ սահմանադրականորեն պետք է վերանայել դատախազների կողմից պատիժների նկատմամբ վերահսկողություն իրականացնելը․ «Դա պիտի արվի դատական իշխանության կողմից, և հենց էս ինքնավնասման և ինքնասպանությունների քրեական գործերով ևս ինչո՞ւ հաճախ գործերը չեն բացահայտվում։ Որովհետև գերատեսչական շահը թույլ չի տալիս»։