Home / Հայաստան / Սուրիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել․ հայտարարվել է հետախուզում

Սուրիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել․ հայտարարվել է հետախուզում

Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) տեղեկացնում է, որ քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն հանցավոր արարքների կատարման համար, որ նա դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից, ինչպես նաև, պաշտոնեական դիրքն օգտագործելով  և անձանց ապօրինի կարգադրություն տալով, դրդել է կատարել առանձնապես խոշոր չափերի վատնում ու պաշտոնեական կեղծիք, ինչի հետևանքով էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին:

ՀՔԾ-ի հաղորդագրության համաձայն, պարզվել է, որ Սուրիկ Խաչատրյանը, 2011-2012թթ ընթացքում զբաղեցնելով Սյունիքի մարզպետի պաշտոնը, մարզպետարանի պաշտոնատար անձի միջոցով Սյունիքի մարզի Նորավան համայնքի ղեկավար Լավրենտիկ Առաքելյանին տվել է ապօրինի կարգադրություն՝ Սյունիքի մարզի Նորավան համայնքին պատկանող մետաղական խողովակներն առանց որևէ օրինական հիմքի իր եղբորը հանձնելու վերաբերյալ: 

Լավրենտիկ Առաքելյանը, օրենքի պահանջների խախտմամբ, առանց խողովակներն օտարելու մասին համայնքի ավագանուն առաջարկություն ներկայացնելու, ապա` այն համայնքի ավագանու որոշմամբ և սահմանած պայմաններով օտարելու կամ օգտագործման տրամադրելու փոխարեն, Սուրիկ Խաչատրյանի դրդմամբ, Նորավան համայնքի սեփականություն հանդիսացող առանձնապես խոշոր չափերով՝ 5 132 891 դրամ արժողությամբ մետաղական խողովակները տրամադրել է Սուրիկ Խաչատրյանի եղբորը:

Բացի այդ, 2016թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Սուրիկ Խաչատրյանը Ակներ համայնքի ղեկավարին տվել է ապօրինի կարգադրություն՝ Ակներ համայնքում գտնվող հողամասը ճանապարհին միացնող 0.43 հա մակերեսով հողատարածքի հատվածը կեղծ աճուրդի միջոցով իր կողմից նշված անձին` Աշոտ Գևորգյանին օտարելու վերաբերյալ:

Այդ նպատակով Ակներ համայնքի աշխատակազմի ղեկավարը համայնքի ղեկավարի ցուցումով ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելով` կազմել է նշված հողատարածքի աճուրդի անցկացման և արդյունքների մասին կեղծ արձանագրություններ, որոնց համաձայն՝ իբր 2016թ. սեպտեմբերի 16-ին անցկացված աճուրդով նշված 0.43 հա մակերեսով հողամասը 70 000 դրամով վաճառվել է Աշոտ Գևորգյանին:

19.11.2019թ.-ին Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Նույն օրը Ս. Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նաև Նորավան համայնքի ղեկավար Լավրենտիկ Առաքելյանին` քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և Աշոտ Գևորգյանին` քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությունը շարունակվում է: