Վարյա Դավթյանը 31 տարի է, ինչ ընտանիքի հետ միասին ապրում է ինքնաշեն կացարանում՝ երկու վագոն-տնակներից հավաքած տան մեջ։ Ամուսինը մահացել է Սպիտակի երկրաշարժի ժամանակ, ինքը՝ երեք անչափահաս երեխաների և սկեսրոջ հետ մնացել է փողոցում․ նրանց 200 քմ մակերեսանոց սեփական տունն ամբողջությամբ փլուզվել էր։ Որպես ժամանակավոր լուծում, ասում է, պետությունը առաջարկեց տեղավորվել վագոն-տնակներում․ նախարարությունից և քաղաքապետարանից խոսք էին տվել, որ մոտ ժամանակներում ընտանիքին բնակարան կհատկացնեն։ Պաշտոնյաների խոստումներին հավատալով՝ ընտանիքը չի շտապել օգտագործել հատկացված ֆինանսական միջոցները, արդյունքում՝ 31 տարվա ընթացքում բնակարան այդպես էլ չի ստացել, իսկ գումարը Խորհրդային միության փլուզումից հետո արժեզրկվել և մնացել է բանկում։
Սպիտակում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած բազմաբնակարան շենքերի բնակիչները, Սպիտակի քաղաքապետարանի փոխանցմամբ, մեծամասամբ փոխհատուցվել են կամ ստացել բնակարան, իսկ անհատական բնակելի տուն կորցրած սպիտակցիների բնակապահովման խնդիրների լուծմանն ուղղված միջոցներ այդպես էլ չեն ձեռնարկվել: Սպիտակի քաղաքապետարանի տվյալներով, ներկայումս համայնքում հաշվառված է երկրաշարժի հետևանքով անհատական բնակելի տուն կորցրած, բնակարանային փոխահատուցում չստացած 432 ընտանիք, ովքեր շարունակում են ապրել մեծամասամբ կենցաղային պայմաններից զուրկ, շահագործման համար ոչ պիտանի վագոն-տնակներում կամ ինքնաշեն ժամանակավոր կացարաններում: Այս թիվը, ըստ քաղաքապետարանի, ենթակա է ճշգրտման․ նոր հաշվառում դեռևս չի իրականացվել։
Քաղաքապետարանից ասում են՝ նոյեմբերի 14-ին կառավարությունը 1 մլրդ 291 մլն դրամ է հատկացրել Սպիտակի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած գյուղական համայնքներերի 227 ընտանիքներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու համար։ Թեև որոշումը չի տարածվում սպիտակցիների վրա, քաղաքապետարանից ասում են՝ այն հույս է տալիս, որ խնդիրը աստիճանաբար կլուծվի։
Երկրաշարժի հետևանքով անհատական տուն կորցրած և անօթևան դարձած սպիտակցիների բնակարանային խնդրի լուծման համար անկախացումից ի վեր գումարներ չեն հատկացվել։ Ընթացիկ ծրագիր, ասում են քաղաքապետարանից, դեռևս չկա։