Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Մոսկովյան դատարանները կայացրեցին «Մոսկովյան գործով» մեղադրյալների երկրորդ ալիքի վճիռները։
Դատարանի որոշմամբ Պավել Նովիկովը տուգանվեց 120 հազար ռուբլիով՝ դատախազի պահանջած 3 տարվա փոխարեն։ 32-ամյա ատամնաբույժը մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ․ պլաստիկ շշով հարվածել է ոստիկանի սաղավարտին և ուսին։ Նովիկովը մեղադրանքն ընդունել է, ՆԳՆ աշխատակիցն ասել է, որ ներում է Նովիկովին։
Նիկիտա Չիրցովը դատապարտվել է 1 տարվա ազատազրկման։ Մեղադրվում է ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։ Մեղքը չի ընդունել։ Դատախազը Չիրցովի համար 3.5 տարի էր պահանջել։ Փաստաբան Ալեքսանդր Բորկովը դատարանի որոշումը որպես «նոնսենս» է որակել և հայտնել, որ պատրաստվում է բարձրացնել իր պաշտպանյալի վաղաժամ ազատման հարցը։
Վլադիմիր Եմելյանովին դատապարտել են 2 տարվա պայմանական ազատազրկման։ Մեղադրվում է ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ․ քաշել է ոստիկանի հագուստից՝ խանգարելով ծառայողական պարտավորությունների իրականացմանը։ Եմելյանովի խոսքով, ինքը փորձել է «կանխել է ապօրինի գործողությունները Ռոսգվարդիայի աշխատակցի կողմից», ով ուժ էր կիրառում խաղաղ ցուցարարների նկատմամբ։ Դատախազությունը Եմելյանովի համար 4 տարվա ազատազրկում էր պահանջել։
Նիստի ընթացքում դատարանի շենքի դիմաց հարյուրավոր մարդիկ էին հավաքվել, ովքեր վանկարկում էին «Բաց թող»։
Կունցևի շրջանային դատարանը երեք տարվա պայմանական ազատազրկման է դատապարտել Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի ուսանող Եգոր Ժուկովին։ Երկու տարով արգելել են զբաղվել կայքերի կառավարմամբ և առհասարակ օգտվել համացանցից։ Խափանման նախկին միջոցը՝ տնային կալանքը, չեղարկվել է։ Դատավորն ուսանողին մեղավոր է ճանաչել էքստրեմիզմի կոչեր տարածելու մեջ․ նման եզրակացություն էր ստացվել նրա Յութուբի ալիքի տեսանյութերի լեզվաբանական փորձագիտական ուսումնասիրության արդյունքներից։ Ժուկովը մեղադրանքը չի ընդունել։
Դեկտեմբերի 4-ին կայացած դատական լսումների ժամանակ մեղադրող կողմն ուսանողի համար 4 տարվա ազատազրկում էր պահանջել։ Նիստն ավարտվել էր Ժուկովի խոսքով։
«Միակ սոցիալական քաղաքականությունը, որը հետևողականորեն տանում է ռուսական պետությունը՝ օտարացումն է։ Այդպիսով կառավարությունն անմարդկայնացնում է մեզ միմյանց աչքերում։ Իրենց աչքերում մենք վաղուց ենք անմարդկայնացված։ Այլ կերպ ինչպե՞ս բացատրել պետության կողմից նման բարբարոսական պահվածքը մարդկանց նկատմամբ։ Վերաբերմունք, որն ամեն օր ընդգծվում է մահակների հարվածներով, բանտային կտտանքներով, ՁԻԱՀ֊ի համաճարակների անտեսմամբ, դպրոցների ու հիվանդանոցների փակմամբ և այլն»,- ասել է Ժուկովը դեկտեմբերի 4-ի նիստի ժամանակ։
«Մոսկովյան գործ» անվանումն է ստացել ամռանը Մոսկվայի քաղաքային դումայի ընտրություններում ընդդիմադիր թեկնածուների չգրանցման դեմ ցույցերի ժամանակ ձերբակալված ցուցարարների նկատմամբ քաղաքական հետապնդումը։ Քննչական կոմիտեի որոշմամբ հանրահավաքի 10 մասնակիցների նկատմամբ քրեական գործ էր հարուցվել զանգվածային անկարգություների հոդվածով։ Բերման ենթարկվածների մի մասի մեղադրանքը հետագայում փոխվել է։