Home / Հայաստան / Շանթ Հարությունյանը՝ Քոչարյանին ազատելու և Փաշինյանի՝ ոչ կոմպետենտության մասին

Շանթ Հարությունյանը՝ Քոչարյանին ազատելու և Փաշինյանի՝ ոչ կոմպետենտության մասին

«Պայքարել եմ Ռուսական կայսրության դեմ, որովհետև հայերը միշտ տուժել են էդ կայսրության մեջ»։ Նախկին քաղբանտարկյալ, «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը՝ 2018 թվականի նոյեմբերին բանտից ազատ արձակվելուց հետո հանդես եկավ առաջին մամուլի ասուլիսով։ Խոսվեց Հայաստանի բոլոր ղեկավարների՝ Մոսկվայի դրածոներ լինելու, Ռոբերտ Քոչարյանին բանտից ազատելու և պատերազմի վերսկսման մասին։

«Իրենք բոլորը Մոսկվայի դրածոներ են․ Լևոն Տեր֊Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան։

Ճիշտ է՝ ունեցել են տարբեր ինտելեկտուալ կարողություններ, քաղաքականությանն ամենամոտիկը, երևի, եղել են Լևոն Տեր֊Պետրոսյանն ու Վազգեն Մանուկյանը։ Մնացածը՝ նամեստնիկներ են աշխատել։ Նիկոլն էլ ինչ տեսել, էդ ա սովորել։

Չեմ ասում՝ Նիկոլը գնացել, ասել է՝ ուզում եմ ձեր դրածոն լինել։ Տենց չի։ Կան աշխարհաքաղաքական տարածաշրջանային համաձայնություններ, որոնք Հայաստանից բարձր մակարդակներում են որոշվել», ֊ նկատել է Հարությունյանն՝ ավելացնելով, որ 1921թ․ Մոսկվայի պայմանագիրն այսօր էլ իրագործվում է, որովհետև «Նիկոլը քաղաքականությունից կիլոմետրերով հեռու է»։ Նշենք, որ պայմանագրով Ռուսաստանը ճանաչում էր Թուրքիայի ինքնիշխանությունը Ազգային մեծ ուխտի՝ թուրքական ճանաչած բոլոր տարածքների նկատմամբ։ Թուրքիան իր հերթին հրաժարվում էր Բաթումից` փոխարենը ստանալով Սուրմալուի գավառը։

Հարությունյանը խոսեց «ազդեցության գոտիներ» հասկացողության մասին․ «Ինչի՞ եմ ասում՝ բոլոր չորսն էլ ռուսական դրածո են, որովհետև երբ կան ազդեցության գոտիներ, կողմերը՝ ազդեցության գոտիները ճշտելուց, ճանաչում են նրա ազդեցության գոտիները։

Հիմա Ուկրաինան ու Վրաստանը չեն ճանաչվել ԱՄՆ կողմից ազդեցության գոտի, որովհետև այս երկրներն ՕԴԿԲ֊ի (ՀԱՊԿ) անդամ չեն։ Հայաստանը ճանաչվել է ազդեցության գոտու անդամ։

Որքանո՞վ է դրածո լինելը վտանգում Ղարաբաղի հարցը

Հարությունյանի համոզմամբ՝ Ղարաբաղի հարցը ոչ֊ոք չի փորձել լուծել և, ի վնաս հայ ժողովրդի շահերի, գնացել են ձգձգմանը՝ հերթական անգամ ռուսների շահերը սպասարկելու համար։

«Ես պնդում եմ՝ եթե գա նորմալ իշխանություն, իրանք բոլորը կարող են դատվել որպես հայրենիքի դավաճան, որովհետև հայ ժողովրդի ազատագրական պատերազմն իրանք վերածում են գլադիատորական պատերազմի։ Գլադիատորներից ամեն մեկը կռիվ էր անում իր կյանքը փրկելու համար, իրանց համար նորմալ էր։ Բայց կայսրի շահերը սպասարկելու համար։

Որպեսզի մենք էդ հարցը կարողանանք լուծել ու արդարացիորեն ի օգուտ մեզ լինի, պետք է Լենին֊Քեմալի պայմանագիրը բարձրացնել օրակարգ՝ ՄԱԿ֊ի անվտանգության խորհուրդ, Հաագայի դատարան։ Այլապես հիմա ի՞նչ ա լինում․․․ 18-20 թվերին էլ ա տենց բան եղել․ հայ կամավորականները կռվեցին ռուսական բանակի հետ, մինչև ուր գնացին, հասան․․․ Հետո ռուսները թույլատրում էին՝ մինչև Ադրբեջանից կկորզեին որոշակի զիջում, հիմա է՛լ նույնն են անելու»։

Հայաստանում այժմ ևս ներքին քաոս և անկայունություն է հրահրվում, ասում է քաղաքական գործիչը, որպեսզի կրկին «հայերի հողերն ու շահերը զոհաբերեն թուրք֊ադրբեջանական-ռուսական դաշինքին»․ «Դա արվում է բոլորի ձեռքով՝ քոչարյանականների, սերժականների, ռուսական դրածոների ձեռքով։

Ես ինչի՞ չեմ հելնում, Նիկոլին կպնում կամ նրանց կպնում՝ Նիկոլի կոնտեքստում, որովհետև ինձ հանձնարարություն տվող չկա, ես ելնում եմ իմ ազգի շահերից»։

Ռոբերտ Քոչարյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալ է գործում՝ ՀՀ երկրորդ նախագահին բանտում պահելով, համոզված է Շանթ Հարությունյանը։

«Իմ համար՝ որպես հայ մարդու, ամոթ ա, երբ Փաշինյանին ասում են՝ Խաչատուրովին բաց թողեցիր, ինքն ասում ա՝ Լուկաշենկոն ու Նազարբեևը միջնորդեցին, ես միանում եմ միջնորդությանը։ Բա, այ սրիկա, Քոչարյանի համար էլ միացի Բակո Սահակյանին ու Արկադի Ղուկասյանին, ասա՝ Քոչարյանին էլ ե՛ս եմ ազատում։ Խի՞ Նազարբաևն ու Լուկաշենկոն կարում են մարդ ազատել քո երկրում, դու միանում ես իրանց, բա էն քո Ղարաբաղի ղեկավարությանը չե՞ս միանում»։

Նա նաև ասաց, որ կողմ է խափանման միջոցի փոփոխությանը․ «Ես գտնում եմ, որ քննությունը կարա էթա, էն մարդը տնից էթա֊գա»։

Բացի դա, նշել է նախկին քաղբանտարկյալը, Քոչարյանը բանտում չէր հայտնվի, եթե ՌԴ նախագահ Պուտինն այդպես ցանկանար․

«Ես դեռ բանտում նստած ժամանակ եմ ասել, որ Պուտինը հատուկ թույլ ա տվել, որ Քոչարյանը գա, բանտերով անցնի, հաղթի ու գա իշխանության։ Իհարկե, դա չի լինի, եթե Ամերիկան թույլ չտա՝ էդ գերտերությունների պայքար ա։ Եթե թքած ունենա՝ ասելով, որ դա ռուսական գոտի ա, ինքն անպայման կրելու ա։ Հայ ժողովուրդն անցնելու ա աղետի միջով։

Աղետը կանխելու միակ ճանապարհն է, կրկնում եմ, Լենին֊Քեմալը՝ մինչև սպասվող պատերազմը, դնել օրակարգ։ Նա, ով խուսափում է այս պայմանագիրն օրակարգ բերելուց, հայրենիքի դավաճան է»։

Արժեքներ

«Արժեքն անհատի համար ազնվությունն ա, հայրենասիրությունն ու ընկերասիրությունը։ Եթե [Նիկոլ Փաշինյանը] գալիս, ասում ա՝ ուզում եմ հարուստ լինես, դա շատ լավ բան ա, բայց արժեքի հետ կապ չունի։

Ինքն ասում ա՝ ձեր գլխում թող աղքատությունը վերանա։ Պիտի ասի՝ ձեր գլխում անբարոյականությունը թող վերանա։ Ասում եք՝ Նիկոլը ո՞նց ա դրածո։ Թշնամին դնում ա նման մարդկանց՝ խեղաթյուրելու արժեքները», ֊ ասել է Հարությունյանը՝ հավելելով, որ առանց արժեքների հեղափոխության «երկիրը չի դզվի»․ «Ոչ միայն չեն հասկանում արժեքների դերը, այլ կան մարդիկ, որոնք հասկանում ու միտումնավոր խեղաթյուրում են»։

Սորոսականներ

Ներկայացնելով իր ընտանիքի և Սովետական Հայաստանի պատմությունից դրվագներ, նա պատասխանեց իր և իր որդու՝ Շահենի հասցեին հնչող մեղադրանքներին․ «Իր պայքարում ո՛չ հայրս է որևէ կոպեկ ստացել դրսերից, ո՛չ էլ էսօր իմ տղեն, որ էդքան ասում են «սորոսական»։

Մարդիկ, որոնք փորձում են իմ կամ իմ որդու արարքների մեջ միտում փնտրել, կա՛մ հիմարներ են, կա՛մ՝ սրիկաներ։

Ու ամենաշատն ինձ խոցել է էն, որ համալսարանի դասախոսը երեխայիս պարզ կանգնում, ասում է՝ դու Սորոսից ես, դրսից ես փողեր ստանում։

Դասախոսը, որը կրթում է, վերցնում, շառ է անում ու հետո չի էլ ուզում արդարանալ, ասում ա՝ լավ եմ անում, քեզ կամ պիտի համալսարանից հեռացնեմ, կամ դատի տամ։ Լրիվ 37 թվի պատկեր են էսօր, ուղղակի դեռ պետական ապարատը 37 թվի մեխանիզմը չի գործադրել, թե չէ ժողովուրդը հոգեպես լրիվ պատրաստ է էդ վիճակին։

Կանչեք բոլոր սորոսականներին, տեսեք՝ իրենք երբևէ չե՞ն համագործակցել, վատ իմաստով չեմ ասում, ԿԳԲ֊ի հետ։ Որ մեր վրա շառ են անում․․․

Օրինակ, ինչի՞ էդ Սորոսը ո՛չ ինձ, ո՛չ Ազատին, ո՛չ Հայրիկյանին, ոչ Վարդանին Հարությունյան չի եկել, ասել՝ մի հատ ձեզ օգնենք։ Սորոսը պայմանական եմ ասում․․․ թեկուզ որ ասեին էլ, չէինք ընդունի։

Նրանց հետ հանդիպում են համապատասխան կառույցների մարդիկ, ասում՝ դուք ստեղ որպես ի՞նչ եք եկել, ներդրում անեք։ Ասում ա՝ բարեկամաբար եկել ենք, օգնենք ընտրությունները, չգիտեմ՝ իրավունքները պաշտպանվեն։ Իրանց ասում են՝ մենք ունենք ստեղ թշնամիներ, ցուցակ կա, Սովետից փոխանցված՝ Պարույր Հայրիկյան, Շանթ Հարությունյան, սրանք համոզված թշնամիների կարգավիճակ ունեն, եթե սրանց օգնեք, ուրեմն թշնամաբար եք մտել մեր տարածք։ Ամերիկացիք ասում են՝ որպեսզի պրոբլեմ չլինի, դուք ցուցակ տվեք՝ ո՞ւմ չեք համարում թշնամի։

Ես ձեզ ասեմ՝ 68 թվին, երբ հերս դատվեց անկախության համար, ես երեք տարեկան եմ եղել, քույրս՝ չորս, ընդամենը մի հատ օգնություն եմ հիշում՝ կարմիր սպարտիվկան քրոջս, կապույտն՝ ինձ, դա բերել է Պարույր Հայրիկյանը, 19 տարեկան տղա էր։ Էդ մի բանն է եղել մեզ օգնություն պապայիս կրթսեր ընկերոջ կողմից»։

Հարությունյանների ընտանիքը ռուս ժողովրդի դեմ ոչինչ չունի, ասել է գործիչը, սակայն այն մշտապես պայքարել է Ռուսական կայսրության դեմ․ «Մենք ռուս ժողովրդի դեմ ո՛չ միայն ոչինչ չունենք, այլ ունենք շատ մտերիմներ։ Ես մի տարի բանտում եղել եմ Ռուսաստանում, շատ կարգին տղեքի հետ եմ հանդիպել։ Մենք կայսրությունների դեմ ենք պայքարել, տվյալ դեպքում՝ Ռուսական կայսրության»։