ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հրամանով Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ամերիկյան ներդրումները կդադարեցվեն, քանի որ կազմակերպությանը, իր կարծիքով, չի հաջողվում զսպել կորոնավիրուսի պանդեմիան։
«Իրականությունն այնպիսին է, որ ԱՀԿ-ն ժամանակակից ու թափանցիկ ձևերով բավարար չափով չի ստացել, չի ստուգել ու չի տարածել համապատասխան տեղեկատվությունը, – հայտարարել է Թրամփը Սպիտակ տնից իր ամենօրյա պրես-կոնֆերանսի ժամանակ – Աշխարհը հույսը ունի, որ ԱՀԿ-ն երկրների հետ կհամագործակցի և ժամանակին կհրապարակի միջազգային վտանգի մասին ինֆորմացիան, երկրների թերանալու դեպքում՝ կազմակերպությունն ինքը աշխարհին կհայտնի ճշմարտությունը կատարվածի մասին։ ԱՀԿ-ն իր այդ հիմնական պարտքը չի կատարել և պետք է պատասխանատվության ենթարկվի։ Այսքան տասնամյակներից հետո պահը հասունացել է»։
Նախագահի խոսքով, ՄԱԿ-ի գործակալությունը չինական ապատեղեկատվություն է տարածել, ինչը համաճարակի ավելի մասշտաբային հետևանքների է բերել։
Թրամփը հրահանգել է դադարեցնել ֆինանսավորումը մինչև կազմակերպության՝ Չինաստանից սահմաններից դուրս վիրուսի տարածման գործում ունեցած դերի գնահատումը։
ԱՄՆ-ն Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆինանսավորման խոշորագույն աղբյուրն է։ Միայն անցյալ տարի ԱՄՆ ներդրումը կազմել է 400մլն դոլար՝ կազմակերպության բյուջեի 15 տոկոսը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտեռեշը հայտարարել է, որ հիմա «ժամանակը չէ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կամ վիրուսի դեմ պայքարող ցանկացած այլ մարդասիրական նախաձեռնության ֆինանսավորման կրճատման համար։ Հիմա միասնականության ու վիրուսի սանձահարմանն ու համավարակի աղետալի հետևանքների կանխարգելմանն ուղղված համատեղ համերաշխ աշխատանքի ժամանակն է»։