Արտակարգ դրության չեղարկումից մեկ ամիս անց Ղազախստանը ստիպված է վերադառնալ սահմանափակումներին։ Հունիսի 13-ից Կարագանդայի մարզում վերականգնվում են կարանտինի խիստ միջոցները։ Նոր սահմանափակումները իշխանությունները բացատրում են վարակվածների թվի կտրուկ աճով, գրում է ԷխոԿավկազան։
Մարզի գլխավոր սանիտարական բժիշկ Կանատ Ասկարովն օնլայն բրիֆինգի ժամանակ հայտնել է, որ նոր կանոնների համաձայն չի թույլատրվում հավաքվել երեքից ավելի շատ մարդկանցով՝ բացառություն են միայն ընտանիքի անդամները, արգելվում է մինչև 14 տարեկան երեխաների տեղաշարժն առանց մեծահասակի։ Կարագանդայում նորից կփակվեն այգիները, մանկական խաղահրապարակները, կարգելվի զբոսանքը հրապարակներում և այլ տաղավարներում։
Քաղաքներում և գյուղերում կդադարեցվի կամ կսահմանափակվի մի շարք հիմնարկությունների և կազմակերպությունների աշխատանքը։ Պետական ու բյուջետային գերատեսչությունների աշխատակիցները նորից հեռահար ռեժիմով կաշխատեն։ Հանրային տրանսպորտը կաշխատի առավոտյան 6-10-ը և երեկոյան 17-21-ը։ Մթերային շուկաներն ազատ օրերին սանիտարական օր պետք է հայտարարեն։ Տաքսին կարող է տեղափոխել միայն մեկ մարդու կամ երկու երեխայի՝ մեկ մեծահասակի ուղեկցությամբ։ Արգելվում է անձնական տրանսպորտային միջոցների օգտագործումը երեկոյան 23։00-ից մինչև առավոտյան 05։00։ Որոշ բնակավայրերում բլոկպոստեր կտեղակայվեն։
Վերջին մեկ օրվա մեջ մարզում կորոնավիրուսով վարակման 52 նոր դեպք է գրանցվել։ Իշխանությունները հայտնել են վերջին մեկ շաբաթում ևս 303 դեպքերի մասին, որոնք անցել են առանց ախտանշանների։ Այս պահին Ղազախստանում ընդհանուր առմամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 13 558 դեպք, 67 քաղաքացի մահացել է։ Սա պաշտոնական վիճակագրությունն է։ ԷխոԿավկազայի թղթակիցները COVID-19-ից մահացածների համար ստեղծված գերեզմանատանը միանգամայն այլ պատկեր են տեսել։
https://www.facebook.com/radiosvoboda/videos/546785239559475/
Ալբանիայում կորոնավիրուսով վարակման 44 նոր դեպք է գրանցվել։ Մարտի 4-ից հետո այս թիվը երկրում ռեկորդային է։
Բոսնյայում և Հերցեգովինայում մեկ օրում 47 նոր դեպք է հաստատվել։ Սրանից ավելի շատ վարակվածության ցուցանիշ գրանցվել էր մարտի 4-ին։
Սերբիայում մեկ օրում վարակվել է 71 քաղաքացի։ Համաճարակաբանները խոսում են համալսարանենրում վիրուսի տարածման մասին։
Հյուսիսային Մակեդոնիայում 174 նոր դեպք և 7 մահ է արձանագրվել։ Նման ցուցանիշ վերջին մեկ ամսում չէր գրանցվել։ Իշխանությունները հորդորում են սոցիալակն հեռավորություն պահպանել ու հետևել համաճարակային նորմերին։