Home / Մշակույթ / Այսօր երեկոյան՝ խոսակցություն Գայանե Այվազյանի և Թամար Շիրինյանի հետ

Այսօր երեկոյան՝ խոսակցություն Գայանե Այվազյանի և Թամար Շիրինյանի հետ

Հուլիսի 30-ին ժամը 20։30-ին հետևեք Գայանե Այվազյանի և Թամար Շիրինյանի խոսակցությանը՝ Ռադիո Անտենայի ուղիղ եթերում։

Եթերից առաջ բանախոսները հաղորդագրեր են ներկայացրել.

Հայաստանյան քաղաքական շարժումները հաճախ են վերաձևակերպվում՝ բախվելով և ընկրկելով ազգային-ազատագրական շարժման դոմինանտ դիսկուրսի առաջ: Հայ ազատագրական գաղափարը ձևավորվել է իշխանության կողմից և գործադրվել վերևից ներքև ուղղությամբ: Ազատագրական լեգենդից մինչև պետական հայեցակարգերը վերարտադրում են նվաճողական-գաղութային քաղաքականությունների օրակարգերը՝ տեղի հանրային ընկալումներում դրոշմելով հայ ազատագրական նպատակների և իմպերիալիստական նախագծերի ընդհանրությունների մասին պատկերացումներ: Հայ ազատագրական գաղափարը աքցանված է իմպերիալ-օրիենտալիզմի, ազգայնականության կաղապարների շղթայում, որի սահմանին էլ մարում են դիմադրության ալիքները՝ ընդունելով ազատագրական գաղափարի ներդրված լեգիտիմությունը:

Գայանե Այվազյան

2012-ի մայիսին երկու երիտասարդ տղամարդ Երևանի կենտրոնում պայթեցրին DIY ակումբը՝ իրենց ահաբեկչական գործողությունը հայտարարելով որպես հայ ազգի փրկություն թուրքերից և գեյերից: Պայթյունից մի քանի շաբաթ անց մի խումբ ազգայնականներ հարձակվեցին «Բազմազանության երթ»-ի մասնակիցների վրա, որի նպատակն էր ճանաչել երկրի էթնիկ, կրոնական և մշակութային տարբերությունները։ Ազգայնականները «Բազմազանության երթ»-ը կոչեցին «գեյ շքերթ», որը վտանգավոր էր ազգի համար և պետք էր դադարեցնել: Այս երկու գործողությունը՝ այժմ պատմական երևույթներ, իրադարձություն էին ազգային երևակայության մեջ, որ առաջ բերեցին մի նոր՝ «սեռական այլասերության» դիսկուրս՝ճաքեր առաջացնելով այն մտայնության մեջ, որով կարելի էր հասկանալ հայ «ազգ»-ը որպես մեկ ընդհանուր ամբողջություն (մեկ ազգ)։ Այլասերությունը, սակայն, ավելի լայն բարոյական իմաստներով արդեն գոյություն ուներ ազգային գիտակցության մեջ՝ որպես «այլանդակություն», որը, սովորաբար, օգտագործվում է ենթադրյալ հայկական «ճշտի» շեղումները նկարագրելու համար։

Այն, ինչ հաճախ և սխալորեն կոչվում է «հոմոֆոբիա», որը դարձնում է սեռական տարբերությունները ազգային ճգնաժամ, մենք կարող ենք հասկանալ այս երկու շեղումների համընկնումների մեջ ու միջև։ Մեկը մյուսի տեղահանվածքն է, երբեմն՝ խտացվածքը։ Սոցիալական և տնտեսական իրողությունների վախը / սարսափը, որը չունի կարգուկանոն, որ զգացվում է որպես կարգուկանոն, տարբեր տրամաբանությունների միջոցով դառնում է սեռական տարբերության վախ: Երբ ունեզրկումը որպես կուտակման տրամաբանության դեմ բռնություն և շուկայի ապաբարոյականացումը առաջացրել են ազգի սոցիալական վերարտադրողականության ճգնաժամ, հոմոսեքսուալի ֆետիշացումը գալիս է փոխարինելու բռնության այս ձևերը: Այն, ինչ քաղաքական էր, վերածվում է ազգի պատմվածքներում բարոյականության հարցերի, որոնք ստեղծում են երկիմաստության տարածք:

Սա հետևանք է մասնակի քաղաքական և սոցիալական մեխանիզմների, որ ուսումնասիրության կարիք ունեն: Երբ մենք խորամուղ ենք լինում հարցի մեջ, թե ինչու է սեքսուալ և հոմոսեքսուալ այլասերությունը դառնում ազգային խնդրի առաջնահերթ պատկեր, մենք բացահայտում ենք Հայաստանի՝ որպես ազգ-ընտանիքի մասին պատկերացման եզակիությունը: Հետխորհրդային իշխող դասակարգի կողմից աշխատավորական համակարգի սոցիալական, քաղաքական և տնտեսական ոչնչացումը, որ հարուցում էր էր կյանքի հնարավորություններ և վերարտադրողականություն, այլ ոչ թե զանգվածային դասակարգային պայքար, առաջացնում է Պապայի կարոտը՝ ուժեղ Պապա ( երբեմն՝ Ստալին), ազգային խնամակալ (հայրական հայրիշխանություն), պատշաճ առաջնորդ և պատշաճ կառավարող, որը հիմնված է բարոյական զգայունությունների վրա: Այլասերության, ինչպես նաև այլանդակության շուրջ տագնապները բխում են ոչ պատշաճ վերարտադրության շուրջ զգացմունքներից՝ որպես հոգևոր տարածաժամանակային ցանկություն մի եզակի բարոյական ուղու (որը դարձել է շեղող բազմազանություններ)՝ որոնելով եզակի Սիմվոլիկ կարգը, ման գալով Հոր-Անունը։

Թամար Շիրինյան