Ամենաուշը այն պահին, երբ Լիդիանի զինվորները տեսախցիկների առաջ ցավացրին Հայաստանի ոստիկանի ձեռքը ու անող վարձու զինվորն էլ կրում էր եռագույն դրոշով տարբերանշան ու դա մարսեցին, ավելի պարզ դարձավ, որ կա մասնավոր բիզնեսի մի զգալի հատված, որտեղ մեր պետությունը դեռ անօգնական է, – Ֆեյսբուք սոցցանցի իր էջում օգոստոսի 20-ին գրել էր «Կրթական քաղաքացիական նախաձեռնության» անդամ Վահրամ Սողոմոնյանը։
– Ժողովրդավարությունը ավարտվում է նրանց դարպասների մոտ ու հակասում է նրանց շահերին։ Նույնն էր Գլորիա գործարանում, որը այնքան մարդ խցկեց իր ՊԱԶ-երի մեջ, որ 100-ներով վարակվեցին։
Կառավարող ուժի քաղաքական ու գաղափարական ռեսուրսները չեն հերիքում ժողովրդավարական շարժումը ամբողջ ծավալով առաջ տանելու համար։ Դրա համար էլ 2 տարի պոստեր են պահում Ջերմուկի բնակիչները, նույն կերպ ինչպես տարբեր ոլորտներում կատաղի պայքար է գնում։ Կա խորքային պետություն, որը ակտիվ գործում է դատաիրավական համակարգում, կրթության մեջ ու լավ աշխատում է կապիտալի որոշակի խմբերի հետ։
Իմ դիտարկումները ցույց են տալիս, որ այս պայքարը թեժանալու է սեպտեմբերին։ Գիտեմ, որ մենք ամեն օր ոգևորություն ու հիասթափություն ենք ապրում հեղափոխության համար, բայց պատրաստ եղեք, որ հասարակությունն ավելի ակտիվ ու ավելի ինքնակազմակերպված պետք է մտնի հանուն ապագայի այս կռվի մեջ։ Ու դա այն պայմաններում, որ կառավարության հետ նորմալ կոմունիկացիա չկա։
Այսօր կամ մոտակա օրերին Ամուլսարում հնարավոր են բախումներ։ Բայց քանի դեռ պետությունը առողջ միջավայրում ապրելու սահմանադրական իրավունքը չի կարողանում պաշտպանել, նման բախումներն անխուսափելի են ու այդ կռվի ելքն էլ կկանխորոշի, թե ինչպիսին կլինի ՀՀ նոր սահմանադրությունը։
Հեղափոխությունը շատերի համար շուտ եկավ։ Ժողովրդավարությունը հենց այնպես չեն նվիրում։ Դրա կենսունակության համար պայքարն ամեն օր է լինելու։
ՀԳ. Էսօրվա դեպքը Ռուսաստանում Նավալնու թունավորման հետ կապված շատ է ազդել վրաս։ Նրա շատ հայացքներ չեմ կիսում, բայց ահավոր է տեսնել, թե ինչ կարող են անել այլախոհ քաղաքական գործչի հետ։ Քիմիական լաբորատորիաներ են աշխատում հատուկ թույն պատրաստելու համար ու հիմա էլ կնոջը մոտ չեն թողնում կոմայի մեջ գտնվող մարդուն, – ասված է գրառման մեջ։