Home / Հայաստան / Երկիրը դժբախտ է

Երկիրը դժբախտ է

ԱԱԾ֊ն հորդորում է ճիշտ զգացմունքներ փոխանցել հանրությանը, բարոյահոգեբանական վիճակը բարձր պահել։ Երևի դրա համար է հանրային տրանսպորտը ողողված միայն բարձր դաշնակցական երգերով։ Մյուս կողմից ռազմական դրության մասին օրենքն է արգելում խոսքի ազատությունը։ Կարես բոլորը սրան էին սպասում։ Ֆեյսբուքի տարբեր տեղերից էլ ոստիկաններ են հայտնվում, սաստում, պարեկային կարգը պահպանում։ Ապրումներն ու մտքերը մամլիչի տակ են առնված, միայն պաթոս ու միասնականություն է պատվիրված։

Ձեռքիս առաջին համաշխարհային պատերազմում զոհվածներին գրված նամականի է, կոչվում է «Չստացված նամակներ», թարգմանություն է ֆրանսերենից։ Կարդում էի դեպրեսիայի ժամանակ. «Դու ինձ չուզեցիր, երկու տարի առաջ։… Ուրեմն տեղն ա քեզ, որ էսօրվա օրով դու պոզավոր ես, ու ես պտի որ սկի չմտածեի էլ քո մասին, բայց ինչ արած, իմ ուժերից վեր ա։ Երկիրը շատ դժբախտ ա, ու ես չեմ ուզում, որ քո նման զինվորը խափված լինի…»։ Մարդկային նամակներ են, ով իմանա դեռ ինչքանն էլ չեն պահպանվել, կորել են, որովհետև նշանավոր մարդկանց գրիչով չեն գրված։ Գրում են մայրերը, հայրերը, սիրածները, մարմնավաճառները, ընկերները։ Սիրում են, կարոտում են, վախենում են, խռոված են, սպասում են, բողոքում են, կատաղած են։ Սրանք ֆրանսիական զգացմունքներ չեն, հայկական էլ են։ Բայց ֆեյսբուքի գրաքննությունը միայն սնիկերսի վրա գրված «արի ամուսնանանք» և «ես քո զոքանչն եմ» նամակներն է ընդունում։ Հաղթելու_ենք։ Մաթևոսյանը ասում էր. «Լեոն ստեղծեց հայ ժողովրդին»։ Ես, Լեոյի պատմագիտությունը ուսումնասիրելով, կարծում եմ, որ Լեոյին Րաֆֆին ստեղծեց, իսկ հայ ժողովրդին` Քոչարյանը, նրանից առաջ` Րաֆֆին և Ստալինը։

Կուռքեր պետք չէ ստեղծել` միասնականության, բանակի, Ղարաբաղի, հիմնադրամի… Մենք պարտավոր չենք դրա կերտողները լինել, իշխանությունը կարող է։ Խոսքը միագիծ չէ, պետք չի այն դարձնել միագիծ, անգամ եթե պատերազմ է։ Ինչքան շատ լինի խոսքի ձայնը, այնքան կլռի կրակոցի ձայնը։ Թուլությունը գեղեցիկ է։ Կարևոր է ազատվել բախտավոր, ապահով, անպարտելի ու կրած լինելու պապենական անեծքից։ Ոնց սրանից 100 տարի առաջ գրել է մի ֆրանսիացի անհայտ կին` երկիրը դժբախտ է։ Ի՞նչ կա որ։ Բայց ես չեմ ուզում, որ զինվորը խաբված լինի։

Գայանե Այվազյան
աղբյուր՝ ֆեյսբուք